Կրթության պատը

Վահրամ Թոքմաջյան

Ինչո՞ւ կրթության պատը

Վերջին շրջանում անընդհատ քննարկումներ են ընթանում կրթական խնդիրների և այն մասին, թե որքան վատ է վիճակը։ Հատկապես լրացուցիչ ազդակ դարձավ Համաշխարհային բանկի 2021 թ. զեկույցը։ Զեկույցը եկավ ևս մեկ անգամ փաստելու, որ մեր վիճակը կայուն վատ է։ Կրկնվում է սոցիալական փակ շղթան՝ աղքատ ընտանիքների երեխաները շարունակում են աղքատ մնալ, և նրանցից քչերին է հաջողում ջարդել այդ փակ պատը։ Նրանցից շատերին հասանելի չէ որակյալ կրթությունը, որի միջոցով կկարողանան ձեռք բերել գիտելիքներ, անհրաժեշտ հմտություններ, որոնք էլ կվերածեն բարեկեցիկ կյանքի։ 

Այլ է խնդիրն արդեն սոցիալական ավելի բարձր շեմ ունեցող ընտանիքների պարագայում։ Նրանցից շատերին էլ հասանելի չէ որակյալ կրթությունը, որովհետև Հայաստանում որակյալ կրթություն չկա։ Մեկ-երկու բուհ և մի քանի առաջատար դպրոց չհաշված՝ մենք անընդհատ բախվում ենք նույն պատին։ Իսկ նրանք, որոնց հասանելի են այդ մեկ-երկու բուհը և մի քանի առաջատար դպրոցը, ստանում են մեկնարկային անհամեմատ ավելի լավ պայմաններ, ու հասարակության բևեռացումը շարունակվում է։ Այո՛, մեր խնդիրների մեծագույն մասի հիմքում ընկած է կրթական համակարգը կամ դրա, մեղմ ասած, անմխիթար վիճակը։

Պատճառնե՞րը

Սերնդային անջրպետ

Վերջերս շատ եմ լինում Հայաստանի տարբեր մարզերում։ Գյուղերից մեկում, միայն սովորողների հետ փակ հանդիպման ժամանակ, հարց ուղղեցի, թե ի՞նչ չէին ուզի, որ լիներ դպրոցում, ի՞նչը կփոխեին։ Աղջիկներից մեկի պատասխանն ինձ ապշահար արեց. «Դասատուները, առանց դասատուների դպրոցն ավելի լավն է»։ Հետո պարզվեց, որ այդ աղջիկը մեր գնահատման չափանիշներով գերազանցիկ է, սակայն նրա սերնդի ու մեր սերնդի միջև առաջացել է սարսափելի անջրպետ։ Ինչո՞ւ եմ օգտագործում հավաքական «մենք»-ը, քանի որ բոլորս ենք նույն խնդրի շրջապտույտում։ Հայաստանի դպրոցը չի սպասարկում Հայաստանին։ 

Նորից եմ կրկնում. մենք կարող ենք բերել բազմաթիվ երջանիկ բացառություններ, լուսավոր մարդկանց, իրենց գործին նվիրված ուսուցիչների ու հետաքրքրասեր սովորողների օրինակները, բայց դրանք չափազանց տեղային են։ Հայաստանը 30 տարում չի կարողացել ստեղծել սեփական, իր կարիքներին միտված կրթական հայեցակարգ։ 

Մեր կրթական համակարգում Սովետը դեռ չի մահացել։ Կան մարդիկ, որոնք մնացել են 30 տարի առաջ ու դեռ երազում են Սովետի մասին՝ բութ համառությամբ կրկնելով՝ «Սովետի կրթութունն ուրիշ էր» (յ տառը դիտմամբ է բաց թողնված)։ Ու ստացվել է մտքի գոյաբանական վակուում։ Մշակութային մի հսկա դատարկ տարածություն, որը փորձում ենք լցնել ինչով ասես, բայց այն համառորեն չի լցվում։ Սովետական կրթությունը Սովետի համար էր։ Այդ կրթությունը սպասարկում էր այդ պետության շահերը։

Այդ սերնդային անջրպետը և նոր իրողությունները չընկալելն է նաև պատճառը, որ մենք մեր սովորողին չենք հասկանում։ Չենք փորձում դիտարկել, թե ինչի կարիք ունի նա, ինչ գիտելիք է ուզում, ինչն է նրան մրցունակ դարձնելու։ Մենք շարունակում ենք առաջնորդվել ուղղահայաց՝ վերևից ներքև՝ մեկ դասարան, մեկ լսարան, մեկ հեղինակություն սկզբունքով։ 

Մեզանից շատերը չեն հասկանում, որ անցել են այդ ժամանակները, չեն հասկանում, որ սովորողն ունի սմարթֆոն, և դա արդեն յուրօրինակ պատուհան է դեպի այլ աշխարհ։ Ու դա չհասկանալով՝ տեխնոլոգիան մեզ գործընկեր դարձնելու փոխարեն հռչակում ենք թշնամի։ Չէ՞ որ դա մտածելու, նոր մեթոդներ սովորելու, նոր հնարքներ կիրառելու ջանք չի պահանջում։ Կա թշնամի ու կարիք չկա հիմնավորելու։ Միջնադարին բնորոշ այս միֆական կաղապարվածությունը կազմաքանդել է պետք, հիմնովին ոչնչացնել։ 

Ուսուցիչը, դասախոսը, դայակը, դաստիարակը և այլք

Ոլորտում աշխատող մարդկանց զգալի մասը մոտիվացիա չունի։ Իսկ արդյունքի հասնող մարդկանց զգալի մասը նախանձելի երազկոտներ են, որոնք դա կարողանում են անել բացառիկ նվիրվածության և առողջության հաշվին։

Մոտիվացիան ունի կարճ անվանում՝ փող։ Լոլոներով կրթական համակարգ չեն կառուցում, կենացներով մոտիվացնելը տևում է ուղիղ այնքան, մինչև հաջորդ ամսվա կոմունալները բախում են դուռը և ահարկու տոնով պահանջներ ներկայացնում։

Երբ օրվա սոցիալական հոգսը խեղդում է, երբ երեխայի կոշիկի, ուսման վարձի, ամենօրյա նվազագույն սննդի հարցն է, ու դրան հակակշռվում է խղճուկ աշխատավարձը, մոտիվացիան հավասարվում է զրոյի։ 

Սոցիալական կարիքների տակ կքած մարդը չունի ցանկություն նորն իմանալու, ավելի հետաքրքիր դառնալու, մշակումներ կատարելու, կարճ ասած՝ հավեսով աշխատելու։ 

Ու ստացվում է, որ բոլորս բոլորիս յոլա ենք տանում։ Իսկ դա չի կարող չփոխանցվել մեր սովորողին, որն ամեն օր լսում է յոլա գնալու մասին, ու ինքն էլ այլևս դառնում է «յոլա»-ի մշակույթի կրող։ Կրկնեմ նորից. XXI դարում կրթության արդյունքն ուղիղ համեմատական է դրանում ներդրված փողին։ Դուք չեք կարող ցույց տալ աշխարհում որևէ զարգացած կրթական համակարգ, որը կայացել է կենացներով։

Ընտանիք, կրթություն, հասարակություն

Խաթարվել է մի կուռ շղթա, երբ կրթական գործի մասնակիցներն են բոլորը։ Այստեղ նորից առաջ են գալիս սոցիալական խնդիրը և նոր միտումները, որոնք մենք չենք ընկալում։ 14 տարվա փորձն ինձ հուշում է, որ ամեն տարի ավելի ու ավելի շատ ծնողներ են օտարվում կրթական գործից։ Ինչ-որ տեղ սա հասկանալի է, քանի որ այլևս ծնող են դառնում այն մարդիկ, որոնք անցել են այս տարիների գեհենի միջով։ 

Նրանց մեջ է այն 30 տոկոսը, որոնք վարժ կարդալ չգիտեն կամ մաթեմատիկայից տարրական գիտելիքներ չունեն։ Ծնողների մյուս խումբը, որն օտարվում է համակարգից, կրկին սոցիալական հոգսի տակ մտածներն են։ Նրանցից շատերն օրնիբուն աշխատում են՝ նվազագույն կարիքներ բավարարելու համար։ Իսկ կրթությունը, ցավոք, այդ կարիքների շարքին հաճախ չի դասվում։ Անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ այս շղթայի կենսունակությունը վերականգնելու համար։

Ընթերցանություն

Հայաստանը չի մտնում ամենաշատ կարդացող երկրների լավագույն տասնյակ, հիսունի մեջ ևս չկանք: Եթե փորձենք ընթերցանությունը դիտարկել համաշխարհային կյանքում, կնկատենք, որ ամբողջ աշխարհում գլոբալ խնդիր է առաջացել. մի կողմից` խիստ աճում է ինֆորմացիայի քանակը, և հասարակությունն արագ տեղեկացվում է, մյուս կողմից` շատերը չեն հասցնում յուրացնել տեղեկույթը: 

XXI դարում «գրագիտություն» արտահայտությունն ավելի լայն իմաստ է ստացել: Նոր ինֆորմացիոն հասարակարգի ձևավորման ընթացքում մարդու նկատմամբ պահանջները սկսել են աճել, իսկ պահանջների առանցքը շարունակում է մնալ ընթերցանությունը: 

Ու նորից, երբ մենք տեխնոլոգիան դարձնում ենք մեզ թշնամի, չենք էլ կարողանում տարբերակել, թե ինչ են կարդում ընդհանրապես։ Մարդիկ կարդում են ամեն օր ու անընդհատ։ Կարճ ինֆորմացիաներ, որոնք իրականում «արագ սնունդ են»։ Դրանց զգալի մասը ոչինչ չտվող տեքստեր են։ Կարճաժամկետ տարբեր հուզական էֆեկտներ ապահովող տեքստեր։ Այստեղ ունենք պետության քաղաքականության բացակայության լրջագույն խնդիր։ Խոսքը բնավ դագանակի մեթոդի մասին չէ։

Ուսումնական շենքեր

Այսօր որևէ մեկը չի կարող ժխտել, որ կրթական սենյակները, դրանց ձևավորումը, նախագծումը հսկայական ազդեցություն ունեն դասապրոցեսի արդյունավետության և սովորողների վրա: Դպրոցական ճարտարապետությանւ և ներքին հարդարանքին ուղղված ժամանակակից հետազոտությունները հիմնվում են այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են` ցերեկային լույսը, մաքուր օդը, ջերմաստիճանը, աղմուկի, փոշու աստիճանը: Հատկապես օդափոխությունը և ջերմաստիճանի որոշակի վիճակ պահպանելը կարևորագույն գործոններ են սովորողների տրամադրվածության հարցում։ 

Մասնավորապես, հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ օդափոխության լավ համակարգը ազդել է նախապատրաստական դասընթացների սովորողների հաճախելիության վրա, առաստաղի բարձրությունը թույլ է տալիս չնկատել սովորողների խտությունը կամ փոխում է այդ պատկերը: 

Այդ պայմանները դրական են ազդում նաև դասավանդողի մոտեցումների և գնահատականների վրա: Իսկ, օրինակ՝ նախադպրոցական տարիքային խմբերում պատկերը հակառակ է: Առավել լավ համագործակցային և խմբային աշխատանք է դիտարկվում ավելի ցածր առաստաղ ունեցող խմբասենյակներում։ 

Նույնն է իրավիճակը պատերի ու միջավայրի գույների դեպքում: Նախադպրոցականներին ավելի շատ դուր են գալիս վառ գույները, մասնավորապես, կարմիրը, իսկ ավելի բարձր դասարաններում (ավագ դպրոց) սովորողներին գրավում են հանգիստ գույները, օրինակ` բաց կապույտը, բայց ոչ մեկ երանգով: Սրանք բոլորը գործոններ են, որ ազդում են կրթության որակի վրա: 

Իսկ ինչպե՞ս է ազդում այդ որակի վրա թափանցիկ կամ բաց միջավայրը: Մինչ կրթության մեջ սկանդինավյան հեղափոխությունը աշխարհում լավագույն կրթական համակարգ համարվում էր պրուսական մոդելը: Դրա հաջողության գրավականն այն էր, որ այդ մոդելը կայացել էր Գերմանիայում, ԽՍՀՄ-ում, Ճապոնիայում: 

Մոդելը հաջողակ էր թվում արդյունաբերական հասարակությունների համար: Սակայն կրթական այս համակարգը ենթադրում էր ոչ թե անհատականությունների ձևավորում, այլ համակարգի կամակատարների ստեղծում: Դա էր պատճառը, որ այս երկրները պատկանում էին ամենառազմականացվածների շարքին և հիշեցնում էին մեկական մեծ գործարան: 

Սա հասկացան Գերմանիայում 1960-ական թվականներին և գնացին կտրուկ փոփոխությունների: Ճապոնացիները սկսեցին փոփոխությունները 1990-ականներից, իսկ ռուսները դեռ չեն կարողանում շրջել ծանր թափանիվը. սա մեծավ մասամբ տարածվում է նաև մեր իրականության վրա:

Իսկ հիմա յուրաքանչյուրդ մտովի վերհիշեք մեր դասասենյակները, լսարանների մեծ մասը, մեր կրթական հաստատությունների շինությունները։ Դրանց մեծ մասն արդեն դրսից է վանում, էլ ուր մնաց թե ներսում միտք զարգանա։ Եղած միտքն անգամ մտածելու հորիզոնի բացակայության պայմաններում հավերժ կթաղվի։ Չի կարող Բանգլադեշի կամ այլ թաղամասի սովորողի դասարանի պատուհանից երևա դիմացի շենքի Վարսիկի անկանոն փռված լվացքը, և դա մտածելու հորիզոն տա։ 

Փորձագիտական դաշտ

Բազմաթիվ հեռուստաընկերություններ մի տեսակ ամաչում են «ուսուցիչ» բառից։ Երբ քեզ եթեր են հրավիրում ու հարցնում, թե լուսագրում ինչ գրեն, և ստանում են պատասխան՝ «ուսուցիչ», սկսում են երկար համոզել, որ եկեք «փորձագետ» գրենք։ Սա թերևս մերօրյա Հայաստանի ամենաարժեզրկված բառերից մեկն է՝ քաղաքագետից հետո։ Փորձագետներ ինքնահռչակված անձանցից շատերն իրականում դիլետանտներ են։ Արհեստավորների լեզվով ասած՝ փինաչի։ Այս մասում այսքանով սահմանափակվենք։

Իհարկե կարող էի բազմաթիվ այլ պատճառներ նշել, թե ինչու ենք այս հանգրվանին հասել, սակայն չեմ ուզում ձանձրացնել ընթերցողին։ Դրանք այլ հոդվածի թեմա են։ Հիմա պարզապես արձանագրեմ, որ բոլոր զուգահեռ խնդիրները մի կողմ դրած՝ այս միտումների շարունակության դեպքում մենք շուտով ունենալու ենք հայերեն մտածող մարդու խնդիր։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am