Ինչո՞ւ ենք մենք միայնակ

Վահրամ Թոքմաջյան

Հաշվի առնելով այն, որ նախորդ հոդվածիս արձագանքեցին Մասաչուսեթսից մինչեւ Վորկուտա, Իդիոտվիլից մինչեւ Բոզգեղ, եւ այդ արձագանքներում հատկապես ակտիվ էին ստեղնաշարային հայրենասերները, ապա կարիք առաջացավ մի նոր սյունակ ձոնելու առ այն, թե ինչո՞ւ ենք մենք մենակ Ղարաբաղի հարցում։

Հիմնական արձագանքները խիստ զգայական էին, ուստի ամեն մի տմարդի դատողության կամ հայհոյանքի անդրադառնալու խնդիր չկա։ Մնացածը՝ ինչպես միշտ հույսները դրել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, աստղերի բարեհաճության, վիետնամցի գեղեցկուհիների աղոթքների, ագեվազների (միայն հայերենում է, որ կենգուրուն ագեվազ է կոչվում, որևէ այլ լեզվով այն չի թարգմանվում, պարզապես միֆ կար, որ կենգուրուն վազում է պոչի վրա հենված) աջակցության, բելգիացի վանականների բարեսրտության վրա։ Շատ քիչ մասն է, որ հույսը դրել է մեզ վրա, բայց այդ քիչ մասի է՛լ ավելի քիչ մասն էլ պատերազմի ժամանակ ցույց տվեց, որ հույսները պետք է դնել մեզ վրա։

Ինձ համար ընդունելի են միայն այն մարդիկ, որոնք ասում են՝ պատերազմ, ու կյանքով ցույց են տվել, որ իրենց կյանքն են դրել պատերազմի մեջ։ Մնացածը, որոնք իրականությունը չեն ասում հասարակությանը, մտքի ողորմելի աճպարարների վնասակար մանրէներ են։ Հենց նրանց գաղափարական նախապապերն էին, որ ժանտախտի ժամանակ սպանեցին կատուներին՝ բազմացնելով առնետներին։

Իսկ ինչո՞ւ ենք մենք միայնակ

Երբեք, թեկուզ մեր դիվանագիտության համեմատաբար ամենափայլուն փուլերում, Ղարաբաղի հարցում մենք աջակից չենք ունեցել։ Իհարկե եղել են դրվագներ, երբ անձնական կապերի, ճիշտ հաշվարկի կամ այլ ծառայությունների շնորհիվ շահել ենք Ռուսաստանի համակրանքը, սակայն դա եղել է խիստ դրվագային ու հարցի վերջնական լուծմանը քիչ նպաստող։

26 տարվա (1994-2020 թթ․) բանակցային գործընթացում երբեք չի քննարկվել Ղարաբաղի անկախության հարցը։ Լավագույն դեպքում փորձ է արվել բաց դուռ թողնել, հետագայի համար։ Քննարկել անկախության հարց կնշանակեր հրաժարվել բանակցություններից։

Ցանկացած ժամանակ, երբ մոտ ենք եղել որևէ լուծման, դա վիժեցվել է կա՛մ Ռուսաստանի, կա՛մ ԱՄՆ-ի, կա՛մ Ֆրանսիայի ջանքերով։ Այս պատառից յուրաքանչյուր իր փայն է միշտ ուզեցել՝ սեփական հետաքրքրությունների շրջանակներում։ Այլ հարց է, որ հետագայի մեր դիվանագիտությունն իր օրհասական տմարդիությամբ լեգիտիմացրեց Ալիեւի բոլոր ռազմական գործողությունները։

Ռուսաստանը երբեք, հատկապես այս վիճակում, թույլ չի տա հարցի վերջնական կարգավորում։ Նրան անհրաժեշտ է այս լարումը, հակառակ պարագայում չի հասկացվի ռազմական ներկայությունը տարածաշրջանում։

Հարցի քավորը, ստեղծողը, անող-դնողը եղել է ու կա Ռուսաստանը։ Դա կլինի ցարական, բոլշեւիկյան թե պուտինյան դեմքով։ Այստեղ մենք ոչ թե նեղացած աչոնիկ խաղալու, այլ իրողության հետ առերեսվելու խնդիր ունենք։ Հայաստանի ամենահակառուս, հակաիմպերիալիստ գործիչը եղել ու մնում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, քանի որ հենց նա էր ուզում լուծել Ղարաբաղի հարցը։ Իսկ դա ոչ այլ ինչ էր, քան Ռուսաստանից էապես ազատվելու միջոց։

Հիմա հարցն այլ է՝ արդյոք ադրբեջանա-թուրքական ուժեղացած տանդեմը, ժամկետները լրանալուց հետո թույլ կտա, որ ռուսական ներկայություն լինի Ղարաբաղում։

Նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանն առնվազն երեք անգամ փորձել է Ալիեւից խաղաղապահների հստակ կարգավիճակի ստորագրություն կորզել։ Երեք անգամ էլ ձախողել է։

Ֆրանսիան կամ հավաքական Եվրոպան մինչեւ ականջները կուշտ է ռուս-ուկրաինական կոնֆլիկտից։ Այո՛, հարկ եղած դեպքում մեզ կշոյեն, հոգեբանական աջակցություն կցուցաբերեն, ինչպես ընտանեկան բռնության ենթարկված կնոջը, բայց երբեք չեն տա այն, ինչ միֆերում մենք պատկերացնում ենք։

Հանդես կգան կոչերով, հարցը կտանեն ՄԱԿ, բայց ինչ-որ բան միշտ կխանգարի, որ կուրֆյուստ Հովհան Վիլհելմը, Լեոպոլդ Առաջինը կամ Մակրոնը զորքի գլուխ անցած աճապարեն Հայաստան։

Բայց անպայման կգտնվի մի անգլիացի գեներալ, որը կստիպի Անդրանիկին հեռանալ Արցախից։ Ընդհանրապես, ինչքա՞ն անգետ պետք է լինել պատմությունից, որ նույն միֆերը կրկնել 300 տարի շարունակ ու վերջում նույն կերպ արտասվել, հերթական անգամ կուպեից խաբված դուրս եկած օջախի էսկորտուհու դեմքով։

Այդ նույն հավաքական Եվրոպայի համար այսօր Ադրբեջանը շատ ավելի կարեւոր պետություն է, քան պարտության բեռի տակ կքած Հայաստանը։ Իսկ ինչպես գիտենք, հատկապես վատ իրավիճակներում, նավթն ու դեմոկրատիայի բացակայությունը բավականին համատեղելի երեւույթներ են։

ԱՄՆ-ին հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, արցախահայության ճակատագիրը հետաքրքիր են այնքանով, որքանով այն առնչվում է այդ երկրի հարաբերություններին Ռուսաստանի, Իրանի հետ եւ նրա հետապնդած տարածաշրջանային շահերին։

Պատմության կենսափորձը ցույց է տվել, որ հարկ եղած դեպքում, 80-100 հազար մարդու ճակատագիրն առանձնապես հետաքրքիր չէ խոշոր խաղացողներին։ Իհարկե, ըստ շահերի նրանք պինգվինների պոպուլյացիայի կամ կրծքով կերակրող մայրերի իրավունքները կարող են առիթ ծառայեցնել զենքով հարցեր լուծելու համար, սակայն դա մեր ներկայիս ապաշնորհ դիվանագիտության մասին չէ։ 

Այո՛, ԱՄՆ-ն ինչ-որ չափով այժմ կանխում է ադրբեջանական հնարավոր ագրեսիան։ Սակայն դա հիմք ծառայեցնել վիլսոնյան տմարդիության կամ բայդենյան՝ Ցեղասպանության ճանաչման օդերում լողալու համար, վերեւում նշված՝ նույն քաղաքական կարճամտության ժանրից է։ Եւ կրկին նեղանալ պետք չէ։ Ամերիկացի զինվորը կարող է զոհվել ամերիկյան շահի համար։ Ամերիկացի զինվորը չի կարող զոհվել քո պահանջած արդարության համար։

Ռուսաստա՞նը, թե՞ հավաքական Արեւմուտքը կանխեց Ռուանդայի ցեղասպանությունը։ Բնականաբար ոչ ոք։ Ես հասկանում եմ, որ սա նաեւ արդյունք է դպրոցներում պատմության դասավանդման ու ընդհանրապես՝ հումանիտար մտքի ճգնաժամի։

Ընդհանրապես մենք հիմա, շախմատային լեզվով ասած՝ ցուգցվանգի վիճակում ենք։ Եվ սա պետք է ուղիղ ասել ժողովրդին, ոչ թե լոլոներ կարդալ ու հերթական անգամ մոլորեցնել։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am