«Բեռնատարների հոսքը անընդհատ է». ի՞նչ է արվում Վերին Լարսում ծիրանի արտահանման սեզոնին ընդառաջ

Ամառային հանգստի սեզոնին ընդառաջ «Վերին Լարս» բազմակողմ ավտոմոբիլային անցակետում մարդատար մեքենաների մեծ հոսք է առաջացել, ինչը խանգարում է բեռնատարների ակտիվ շարժին և դառնում կուտակումների պատճառ: Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանն ասում է՝ փնտրում են ուղիներ հատկապես ծիրանի սեզոնին ընդառաջ բեռնատար մեքենաների շարժը ակտիվացնելու համար:

«Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանից դուրս է եկել շուրջ 800 մարդատար մեքենա: Պատկերացնո՞ւմ եք դա ինչ թիվ է: Բացի այդ, շուրջ 20 ավտոբուս: Բնականաբար մարդատար մեքենաներն ու ավտոբուսները լուրջ խոչընդոտ են բեռնատարների հոսքի համար, քանի որ դրանցով հիմնականում զբաղվում են սահմանապահ ծառայությունների մաքսայինները, ու հիմնական ուղեգծերը հատկացնում են մարդատարներին, ավտոբուսներին, իսկ բեռնատարներին քիչ հնարավորություն է մնում»,- «Մեդիալաբին» ներկայացնում է Արամ Թանանյանը:

Ինչ վերաբերում է բեռնատար մեքենաներին, նրա ներկայացմամբ` ամեն օր 500-550 մեքենա է դուրս գալիս Ռուսաստանից, և այդ քանակը Վերին Լարսում հնարավոր է լինում մեկ օրում բաց թողնել: «Բեռնատարների հոսքը անընդհատ է, և հերթերը անընդհատ թարմացվում են՝ մեքենաները դուրս են գալիս, նորերը գալիս կանգնում են: Հիմա այս պահին Ռուսաստանից հերթերը հաղթահարված են»,- ասում է Թանանյանը:

Փոխարենը խնդիր է դեպի Ռուսաստան ուղևորվող բեռնատարների պարագայում, և խնդիրը, նրա խոսքով, Վրաստանում է. «Վրաստան մեծ հոսքեր են գալիս Թուրքիայից, շատ մեծ հոսքեր, Սարպի մաքսակետում (թուրք-վրացական սահման- հեղ.) հիմա շուրջ 700 բեռնատար է կանգնած: Դա խոսում է այն մասին, որ այդ անցակետը լիքն է բեռնատարներով, որոնք չեն կարողանում մուտք գործել Վրաստան»:

Պաշտոնյայի խոսքով՝ բոլոր երկրները, բացի Հայաստանից, ունեն այլընտրանք՝ ճանապարհ Ադրբեջանով:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանից դեպի Ադրբեջան՝ Красный мост անցակետում 600-ից ավելի բեռնատար մեքենա է կանգնած, կարելի է ենթադրել, որ այդ ուղղությամբ նույնպես շարժը լի է:

Դեպի Վերին Լարս հոսքը մեծ է, և արդեն շուրջ երկու շաբաթ է՝ կանգնած են մերոնք Թբիլիսիի մատույցներում, որ գնան Ռուսաստան: Մինչև մերոնք գնում են, Թուրքիայից մտնում են, շատ դանդաղ է պրոցեսը»,- նշում է Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդը:

Հարցին, թե հնարավո՞ր է այդուհանդերձ խտրականություն է դրսևորվում հայկական բեռնափոխադրող մեքենաների նկատմամբ՝ հաշվի առնելով, որ նման տեղեկություններ շրջանառվում էին, Թանանյանն արձագանքեց. «Չէի ասի նման բաներ, նման պնդում անելու համար պետք է հետազոտություն իրականացնել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստան մտնող մեքենաների ընդհանուր հոսքի մեջ 10 տոկոսը հայկական է, նշանակում է, որ հայկական մեքենաները լավ էլ անցնում են»:

Նա ասում է՝ հնարավոր է՝ անցակետերում ինչ-որ պաշտոնյաներ չարաշահում են իրենց դիրքը և պատշաճ չեն կատարում իրենց պարտականությունները, օրինակ՝ չեն պահպանում հերթը:

«Որպես կանոն՝ եթե խնդիրներ են առաջանում, միշտ հայտնվում են ուժեր, որոնք չարաշահում են իրենց դիրքը, պաշտոնը: Դա բնական է: Բայց հոսքը շատ մեծ է, մի քանի հազար մեքենա միայն ճանապարհներին է, չհաշված Սարպիի խմբաքանակը, որը սպասում է Վրաստան մուտք գործելուն: Այսինքն՝ ինչ-որ կերպ պետք է Վրաստանի տարածքում խնդիրը կարգավորվի, որ մեր մեքենաները, հատկապես շուտ փչացող ապրանքները հասնեն Վերին Լարս»,- ընդգծում է նա:

Ռուսական կողմից Վերին Լարսում մարդատար ու բեռնատար մեքենաների մեծ հոսքը գոնե այս սեզոնին թեթևացնելու համար, Թանանյանն ասում է, ելքեր են փնտրում: Հնարավոր է՝ առաջիկայում սահմանակետում անցնեն 12-ժամյա հերթափոխի, որ ավելի ինտենսիվ ստացվի ստուգումը:

Բացի այդ, կա ծրագիր Վերին Լարսի կառուցվող հատվածում մարդատարների համար նախատեսված տերմինալները ավելի շուտ շահագործման հանձնվեն: «Հիմա անցակետը լիովին վերակառուցվում է, ամբողջ մաքսակետով շինարարություն է, և այդ աշխատանքները նույնպես խոչընդոտում են: Փորձում ենք մարդատարների համար առանձին տերմինալներ ժամ առաջ շահագործման հանձնել: Այդ հարցով բանակցել ենք, որ կարողանանք մարդատար մեքենաների հոսքը մի քիչ ինտենսիվացնել ու թեթևացնել բեռնատարների ուղիները»,- նշում է Արամ Թանանյանը:

Բացի այդ, ասում է՝ Ռուսաստանի կառավարությունն այժմ մաքսային կանոնակարգման մասին մի նախագիծ է մշակում, որի ընդունման արդյունքում հնարավոր կլինի հայկական բեռնատար մեքենաներն անցնեն Վերին Լարսը, և դրանց ձևակերպումներն իրականացվեն Վլադիկավկազի մաքսակետում:

Ինչ վերաբերում է ծիրանի սեզոնի մեկնարկին, Թանանյանն ասում է՝ 15 օրից կսկսվի արտահանման մեծ թափը, իսկ ծիրանը շուտ փչացող ապրանք է: «Պետական եկամուտների կոմիտեն ինտենսիվ աշխատում է թե՛ ռուսական, թե՛ վրացական կողմի հետ, որպեսզի մի լուծում գտնվի, քանի որ ծիրանը չի կարող սպասել»,- նշում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am