«Տպավորություն է ստեղծվում, որ իսկապես այդ նշաձողի իջեցման գաղափարով են ընթանում բանակցությունները». արցախցի պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը

Պարո՛ն Բալայան, բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունը Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը հիմք է տվել ասելու, որ «Արցախը հանձնվեց»: Արցախում ինչպե՞ս են ընդունում այս հայտարարությունն ու գնահատում եռակողմ հանդիպումը:

– Այդ հայտարարությունն իհարկե վատ ընդունվեց Արցախում, ինչքան ես եմ շփվում և՛ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, և՛ հասարակության ներկայացուցիչների հետ, կարող եմ դա փաստել: Այն ձևակերպումները, որ կան այդ հայտարարության մեջ, հղի են մեծ վտանգներով: Տպավորություն է ստեղծվում, որ բանակցությունները իսկապես ընթանում են այդ նշաձողի իջեցման գաղափարով, այդպես է ստացվում, որովհետև, ըստ էության, արդեն խոսվում է Արցախի «էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» մասին, այսինքն՝ տպավորություն է, որ այստեղի ազգաբնակչությունը ինչ-որ տեղից է եկել, ու սա մեր հողը չէ:

Բայց 30 տարվա մեր պայքարի նպատակն այլ է եղել, այն տեսանկյունից, որ ժողովուրդն, այո՛, ապրում է իր իրավունքների համար, բայց իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքը ազատ իրացնելու համար, սրա՛ մասին պետք է խոսեն, ոչ թե ասեն՝ էթնիկ ինչ-որ բնակչություն:

Հենց դա է, որ ժողովրդի շրջանում վրդովմունք է առաջացնում, ու անընդունելի են այն գաղափարները, որոնք արծարծված են Շառլ Միշելի հայտարարության մեջ:

Այսինքն՝ Արցախում անընդունելի՞ են համարում բրյուսելյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները:

– Ինչպես ընդունի, երբ գրչի մեկ հարվածով պետք է մի կողմ դրվեն հազարավոր մարդկանց զոհողությունները, զրկանքներն ու բազում սերունդների ցանկությունը: Արդյոք դա ընկալելի ու ընդունելի կարո՞ղ է լինել:

Պարո՛ն Բալայան, իշխանական պատգամավոր Արման Եղոյանն ասում է, որ Արցախի կարգավիճակի հարցը այս պահին թողնված է անորոշ ապագային, իսկ Շառլ Միշելն էլ, ըստ էության, Արցախի մասով որոշում կայացնողը չէ:

– Դա իրականությունը թաքցնելու ձև է, որովհետ իրենք նույն կերպ կարող են հայտարարել, թե խաղաղության պայմանագիրը Արցախի հետ կապ չունի: Բայց եթե կա հստակ բան, իրենք թող ավելի առարկայական խոսեն, որ այս հողի վրա ապրողներն իրականությունն իմանան, որովհետև իրենք մտահոգվում են իրենց հարազատների ու ապագայի համար, ինչը բնական է:

Որոշողը պետք է լինի Արցախի ժողովուրդը, բայց այդ որոշման համար մեզ նաև օժանդակություն է պետք, այսինքն՝ այդ ներուժն այնքան բավարար չէ, որ մենք կարողանանք դիմակայել չորս կողմից մեզ վրա եղած ճնշումներին: Այս տեսանկյունից խոսք ունեն ասելու թե՛ Հայաստանը, թե՛ սփյուռքը ու, ինչու չէ, նաև մեր դաշնակիցները: Պետք է եղած ուժերը մեկտեղենք, որպեսզի կարողանանք այս աղետալի վիճակից դուրս գալ:

Դուք ասում եք, որ այդ հայտարարությունն ընդունելի չէ, բայց Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ Արցախի շուրջ տարվող ցանկացած բանակցության, քննարկման մանրամասներին տիրապետում են նաև Արցախի իշխանությունները, որոնց միջոցով նաև դուք, այսինքն՝ խորհրդարանական մյուս խմբակցությունները: Հիմա ի՞նչ է ստացվում, որ դուք տեղյակ չե՞ք:

– Կոնկրետ իմ մասով պետք է ասեմ, որ ոչ մի բանից տեղյակ չեմ, ինձ ոչ ոք նման տեղեկատվություն չի տվել, մնացածների վերաբերյալ, ճիշտ կլինի, եթե հենց նրանց հարցնեք:

Իսկ դուք Արցախի կառավարող ուժից չե՞ք հետաքրքրվում, թե ի՞նչ են բանակցում Հայաստանի իշխանությունները, գուցե Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Արայիկ Հարությունյանի, տեղյակ է:

– Հետաքրքրվում ենք իհարկե, բայց ընդհանուր մտքեր են հնչում, կոնկրետ, առարկայական ոչինչ չկա, ու չեն ասում, որ մենք էլ դրանից կառչենք ու հանգստանանք ու հույս ունենանք: Խնդիրն այն է, որ ոչ թե ընդհանուր բաներ պետք է լինեն, այլ կոնկրետ, որ մարդ կարողանա դրա վրա հիմնվելով հանգստանալ, տուն կառուցել, հասկանա, որ Արցախում ապագա կա, իսկապես գնում ենք խաղաղության ճանապարհով, կա անվտանգություն, այսինքն՝ այս ամենը պետք է առարկայական լինի:

Այսինքն՝ արցախահայության մոտ հիմա ապագայի նկատմամբ այդ վստահությունը չկա՞:

– Իհարկե ո՛չ, որտեղի՛ց կարող է այդ վստահությունը լինել, երբ այդպես անորոշ բացատրություններ ու մտահոգող հայտարարություններ են հնչում: Մեր վստահությունը միայն մեր միասնականությունն է, որը փորձում ենք պահպանել ու այդկերպ այս մարտահրավերներին դիմակայել:

Պարո՛ն Բալայան, իսկ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում:

– Վատ, այն առումով, որ, ցավոք սրտի, հանրային միասնականություն չկա, ազգային նպատակների մեկտեղման, դրանց հասնելու ձգտում չկա: Հայաստանը, փաստորեն, իր ներքին զարգացումների հետևանքով ըստ էության հրաժարվել է նաև Արցախի անվտանգության երաշխավորը լինելու փաստից: Սրա ի՞նչը գնահատեմ:

Իսկ Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտություն տեսնու՞մ եք, ինչպես դրա կարիքը տեսնում են Հայաստանի խորհրդարանական ընդդիմադիր ուժերը:

– Իհարկե, եթե մենք չենք կարողանում մեր նպատակին հասնել, ապա նման իշխանությունը չի կարող մնալ, չգիտենք՝ հետագայում ի՛նչ կարող է լինել:

Ամփոփելով՝ կխնդրեմ ասեք, թե ձեր տպավորությամբ՝ հիմա Արցախի շուրջ ի՞նչ զարգացումներ են ընթանում, ու ի՞նչ ուղղությամբ են ընթանում բանակցություններն այդ մասով:

– Իմ մոտ այն տպավորությունն է, որ այսօր Արցախը մենակ է մնացել, որ Հայաստանի իշխանությունը պատրաստ է Արցախը թողնելու Ադրբեջանի կազմում՝ արցախահայության անվտանգության ապահովման երաշխիքների դիմաց, բայց ուզում եմ ասել, որ Արցախում դիրքորոշումը նույնն է, մենք ունենք կարմիր գծեր ու մեր եղած ռեսուրսն օգտագործում ենք մեր իրավունքները պաշտպանելու համար: Բայց որպեսզի այդ պաշտպանության արդյունքները շոշափելի լինեն, պետք է համազգային միասնություն լինի, ինչպես եղավ 90-ականներին, միայն այդ պարագայում կարող ենք արդյունք շոշափել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am