Արմավիր քաղաքի 48-ամյա բնակիչը կալանավորվել է սպանության փորձ կատարելու համար

2021թ. մարտի 4-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ մարտի 1-ին՝ ժամը 10:30-ից մինչև 10:45-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր քաղաքի 48-ամյա բնակիչը ապօրինի մուտք է գործել իր բնակարան և առանց պատճառի, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով, իր մոտ եղած սև գույնի լիցքավորիչի մալուխով փորձել է խեղդել իրեն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Հաղորդում ներկայացրած կինը տուժող է ճանաչվել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 48-ամյա տղամարդը հայտնաբերվել,  բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության կողմից  և ներկայացվել  վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։