«Անօդաչու սարքը խփել է, ամուսնուս ոտքը կտրվել ա, 5 վիրահատություն ենք արել, բայց էլի պիտի անենք»․ Դանիելյանները վստահ ասում են՝ հետ պիտի գնան

Արցախյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած Գևորգ Դանիելյանը և ընտանիքի անդամները քիչ-քիչ սկսել են վերականգնվել տաժանագին օրերից հետո, այժմ սպասում են Գևորգի վերջնական վերականգնմանը և երազում վերադառնալ հայրենիք, խաղաղության մեջ իրենց կյանքը վերսկսել։

Գևորգ Դանիելյանը և կինը՝ 25-ամյա Անուշ Դանիելյանը, Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղից են: Անուշը պատերազմի առաջին օրը՝ նորածին առաջնեկի հետ տեղահանվել է և եկել Երևան՝ բարեկամի տանը ժամանակավորապես ապաստան գտնելու։

Անուշի ամուսինը զինծառայող է, պատերազմի առաջին իսկ օրն ներգրավվել է հայրենիքի պաշտպանությանը, սեպտեմբերի 27-ին անօդաչու սարքի հարվածից ծանր վիրավորում է ստացել՝ հրաշքով փրկվելով:

«Զորք դիրքեր տանելուց իր մեքենայի ուղղությամբ անօդաչու սարքը խփել է, ոտքը կտրվել է: Իր զորքից մեկը մահացել ա, մի քանի հոգի էլ վիրավորում են ստացել։ Ամենածանր վիրավորումը ինքն է ստացել, բեկորները եղել են դոշի մասում, փորում, աքիլլեսյան ջիլն ա կտրվել, 3-4 տեղից ոսկորն ա ջարդվել։ Հիմա մի 40-ից ավել բեկորներ կան ոտքի մեջ, դեռ չի քայլում, մի 5 հատ վիրահատություն ենք արել, բայց էլի պիտի անենք, պետք ա էս վերքերը լավանան, որ նորից անենք։

Պրոթեզներ արդեն պիտի պատվիրենք, որ գնանք վերականգնողական, մի ամսից վիրահատեն»,- պատմում է Անուշ Դանիելյանը և նշում, որ այդ օրերի դաժան ապրումները բառերով նկարագրել հնարավոր չէ:

«Ինչերի միջով եմ անցել՝ չեմ կարում բացատրեմ, իմ համար էնքան դժվար էր. էրեխես դեռ քառասունքից դուրս չէր եկել, մի գիշեր նկուղում մնալը, ամուսնուցս տեղեկություն չունենալը, շատ դժվար էին։

Նոր-նոր եմ մի քիչ դզվել, էդ բաներից մի քիչ դուրս եկել։ Էրեխուս քառասունքը էստեղ ա եղել՝ Երևանում, մենք պլանավորում էինք, որ մեծ պիտի նշենք, կնքենք, մեծ պլաններ ունեինք, ինչ ստացվեց»,- ասում է Անուշը։

Պատմում է, որ մինչ պատերազմը խաղաղ ու երջանիկ ապրում էին, հիմա արդեն չի կարող նույնը լինել: Նույնը չեն կարող լինել և՛ զգացողությունները, և՛ ամուսնու մեկ ոտքը հետ բերել չեն կարող, և՛ զոհված տղաները հետ չեն վերադառնա:

«Մինչև էդ մեր կյանքը հունի մեջ ընկած ապրում էինք։ Հիմա հասկանում եմ՝ էլ առաջվանը չի լինի։ Երեխաս որ ծնվեց, իր մանկությունը ուրիշ ձև էի պատկերացնում, 3-4 ամիս ա՝ էրեխուս հետ ամբողջը օրը հիվանդանոց եմ գնում- գալիս: Ամուսինս կքայլի, բայց էլ առաջվանը չի լինի, ինքն էլ ա փոխվել, նյարդային ա դարձել, ամբողջ օրը չի քայլում, սաղ օրը պառկած ա, շատ դժվար ա: Բոլոր վիրավորվածների դեպքում էլ էդպես է, էն չի՝ ինչ պրոթեզը, ինչ ոտը»,- ասում է Անուշ Դանիելյանը։

Անուշը նշում է, որ չնայած ինքը վախեր ունի Արցախ վերադառնալու հետ կապված, դեռևս չի ստացվում պատերազմի սարսափները հաղթահարել, բայց մտածում են ամուսնու ապաքինվելուց հետո Արցախ գնալ և այնտեղ բիզնես ստեղծել:

«Մենք հետ ենք գնալու, բուժումը վերջացնենք, գնալու ենք հետ՝ տուն: Մեր տունը մեզ ա մնացել, չի անցել թշնամու ձեռքը։ Վախ ունեմ, ես եմ մի քիչ վախկոտ, բայց, դե, պիտի գնանք, ուրիշ տեղ չունենք գնալու: Ուր էլ գնանք՝ պիտի սկզբից սկսենք, էնտեղ մի քիչ ավելի հեշտ ա լինելու, մեր տունն ա, վարձ չենք տալու»,- նշում է երիտասարդ կինը։

Անուշն ընդգծում է, որ հիմա երազում են միայն խաղաղության մասին, որ հանգիստ ու առանց վախի ապրեն, մնացած ամեն ինչ նորից կստեղծեն:

«Սպասելիքս էն ա, որ հանգիստ կապրենք, խաղաղություն կլինի, վախի մեջ չապրենք: Նպատակ ունեմ իմ սեփական վարսավիրանոցը բացեմ, եթե ստացվի, խաղաղություն լինի, պատերազմ չլինի։ Ամուսինս ֆերմա կբացի՝ խոզ, հավ, կով կպահենք։ Այդպես նորից սկսենք մեր կյանքը դեպի լավը շարունակենք։

Կարևորը խաղաղությունն ա, մնացածը սաղ լինելու ա։ Պետք ա լավը մտածենք, որ լավ լինի»,- ասում է Անուշ Դանիելյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am