Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ․ Շառլ Միշելը՝ Ալիևին

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին զրույցի ժամանակ նշել է, որ վերջինս «չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ», և պահանջել է երաշխավորել «Բաքվի և Երևանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը»։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։ 

«Ես երկու օր առաջ խոսեցի նախագահ Ալիևի հետ և հստակ ասացի նրան, որ նա չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ: Սա պետք է բարձրաձայն ասվի, և պետք է երաշխավորվի, որ կա (խմբ.` Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում)», – ասել է նա Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին ժամանելուն պես:

«Ես մտադիր չեմ այստեղ հրապարակավ մեկնաբանել Ալիևի՝ Գրանադա չգալու որոշումը, ես անձամբ նրան կասեմ, թե ինչ եմ մտածում այդ մասին», – հավելել է Միշելը։

Եվրոպական խորհրդի ղեկավարը նշել է, որ ԵՄ միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղված է Եվրամիության շահերի պաշտպանությանը և Կովկասում եվրոպական արժեքների առաջ մղելուն։

«Քանի դեռ չէինք սկսել այս միջնորդությունը, մենք առանձնապես ակտիվ չէինք Կովկասում։ ԵՄ-ի այս միջնորդական ջանքերը նշանակում են, որ մենք պաշտպանում ենք մեր շահերը, մենք առաջ ենք մղում մեր արժեքներն այս տարածաշրջանում»,- ասել է Միշելը։