Ռազմական հեղաշրջման հետքեր չեմ տեսնում, մի փոքր ավելի այլ խաղ եմ տեսնում Պուտինի թողտվությամբ. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, ի՞նչ է կատարվում Ռուսաստանում ըստ ձեզ, որովհետև ոմանք կարծում են, թե սա բեմադրություն է՝ կազմակերպված հենց իշխանությունների կողմից։

– Չեմ կարծում, թե սա շոու է, բայց չեմ էլ բացառում, որ այն, ինչ Պրիգոժինն անում է, անում է Պուտինի թողտվությամբ, որովհետև նա հայտնի է որպես Պուտինի մերձավոր շրջապատի մարդ, ու նրան տվել են Պուտինի խոհարար մականունը: Նա ինչի հասել է, հասել է Պուտինի շնորհիվ: Քանի դեռ նա չի չեզոքացվում, չի բացառվում, որ գործում է Պուտինի թողտվությամբ կամ գիտությամբ։ 

Չի բացառվում, որ Ռուսաստանի իշխանությունները, ահռելի կորուստներ ունենալով Ուկրաինայում, փորձում են քավության նոխազ գտնել, իսկ դա լինեն, օրինակ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն ու գլխավոր շտաբի պետ Գերասիմովը, ու Պրիգոժինի միջոցով նրանց շարքից դուրս հանել, բայց նաև չի կարելի բացառել, որ Պրիգոժինը փորձի հեղաշրջում իրականացնել։ 

Ռուսաստանը շատ մեծ սև խոռոչ է ու անկանխատեսելի երկիր է, ու տեսականորեն հնարավոր է, որ այդ երկրում ամեն ինչ էլ լինի, այնպես որ, ես չեմ կարող միանշանակ գնահատական տալ, բայց մի բան կարող եմ ասել, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործերը չափազանց վատ են, ու երկիրը ծանր ու տեկտոնական իրադարձությունների շեմին է կանգնած։ 

– Եթե ընդունենք, որ Պուտինի թողտվությամբ է ամենը կատարվում, ինչպես ասում եք, ապա դա արվում է միայն քավության նոխազներ գտնելո՞ւ, թե՞ նաև այլ նպատակով։

– Կարող է նաև այլ նպատակներով լինել, ասենք, ժողովրդին համախմբել՝ շեղելով երկրի բոլոր խնդիրներից ու փորձել կոնսոլիդացիա ապահովել իշխանությունների շուրջ։ 

Կան նաև վարկածներ, որ այս կերպ փորձ է արվում ուկրաինացիներին մոլորության մեջ գցել, ոչինչ չի կարելի բացառել, բայց, կրկնում եմ, ակնհայտ է մի բան՝ Ռուսաստանը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնել։

– Իսկ եթե Ռուսաստանում իրոք պատրաստվում է ռազմական հեղաշրջում իրականացվե՞լ։

– Իմ կարծիքով՝ սա այնքան էլ ռազմական հեղաշրջման փորձ չէ, եթե նման փորձ լիներ, հիմա ռուսական կործանիչները կամ ավիացիան պետք է հարվածներ հասցնեին նրանց շարասյանը, բայց տեսնում ենք, որ նրանք Դոնբասից հանգիստ հասան Ռուսաստան, անցան սահմանը, եկան Ռոստով քաղաքը վերցրեցին ու Ռուսաստանի իշխանությունների կողմից որևէ լուրջ դիմադրություն չեղավ։ Ռազմական հեղաշրջման հետքեր չեմ տեսնում, մի փոքր ավելի այլ խաղ եմ տեսնում Պուտինի թողտվությամբ․ փորձում են քավության նոխազ գտնել կամ մեծ կոնսոլիդացիա ապահովել Պուտինի շուրջ։ 

– Կատարվողի հնարավոր հետևանքները մեր տարածաշրջանում որո՞նք կարող են լինել, պարո՛ն Վարդանյան։

– Էլի դժվար է միանշանակ պնդումներ անել․ կարծիքների մի մասի համաձայն՝ այդ ամենը լավ է ազդելու, մյուս մասի համաձայն՝ ընդհակառակը։ 

Մեր պատմությանը եթե հետևենք՝ 91 թվականին, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, էլի շատերը կարծում էին, թե մենք չենք կարող դիմակայել, մենք կործանման ենք դատապարտված, բայց այն ժամանակ դա չեղավ, հակառակը՝ անկախություն ձեռք բերեցինք, Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթեցինք։ Բայց, իհարկե, ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ կապված լուրջ իրադարձություններն իրենց ազդեցությունն ունենալու են մեր տարածաշրջանի վրա, ու այստեղ էլ շատ լուրջ իրադարձություններ կլինեն։

– Իսկ հիմա հնարավո՞ր է կանխատեսել, թե այդ հնարավոր տեղաշարժերը հօգուտ Ադրբեջանի՞ կլինեն, թե՞ ընդհակառակը։

– Հիմա իհարկե Ադրբեջանն ավելի ուժեղ է, մենք էլ պետք է հնարավոր բոլոր, այդ թվում՝ վատագույն, սցենարների պատրաստ լինենք, չպետք է հույսներս միայն ճակատագրի վրա դնենք ու ասենք՝ ամեն բան լավ կլինի։ Որ Ադրբեջանն ուշի ուշով հետևում է Ռուսաստանում տեղի ունեցողին ու հարկ եղած դեպքում փորձելու է դրանից օգտվել, կարծում եմ, որևէ մեկը կասկած չունի։

– Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում Ռուսաստանում։

– Կարծում եմ՝ Պուտինի իշխանությունը դեռևս ուժեղ է, ու այս փուլում Ռուսաստանի կործանում կամ փլուզում չեմ կանխատեսում։ Կարծում եմ՝ Պրիգոժինին կչեզոքացնեն, իսկ եթե դա չանեն, ապա սա ամենայն հավանականությամբ Պուտինի մշակած սցենարն է, ու նրա միջոցով կփորձեն գտնել քավության նոխազներ ու շարքից հանել պաշտպանության նախարարին ու ԳՇ պետի։ 

Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am