Ադրբեջանը կոնկրետ ծրագիր է մշակում, կրկնում է նույն ձեռագիրը, որը եղել է Արցախի հարցում,  անցել են հաջորդ արարին. Հայրապետյան

Լուսանկարը՝ «Ֆակտոր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե հայկական կողմն իբր Ադրբեջանից տարածքային պահանջներ ունի, սրանից առաջ էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտնել էր, որ Ադրբեջանը չի ընդունում, որ օկուպացրել է ՀՀ տարածքները և չի պատրաստվում զորքերը դուրս բերել ՀՀ սուվերեն տարածքից։ Այս ամենի համատեքստում, սակայն, շարունակվում են հանդիպումները սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի շրջանակներում, որքանո՞վ կարող են դրանք արդյունավետ լինել այս պարագայում։

– Իրականում խաղաղության պայմանագրի համատեքստում այս ամբողջ գործընթացները մեծ ֆարս են, որոնք բեմականացվում են, ու դրանցից Ադրբեջանը փորձում է մաքսիմալ օգուտներ քաղել, որովհետև այնտեղ չկա որևէ ստաբիլություն, տրամաբանություն, որը պահվում է, թեև հայկական կողմը շարունակ ինչ-որ դրույթներ է կրկնում, բայց իրականության մեջ դրանցից էլ է հրաժարվում: 

Մենք հասել ենք մի կետի, որ, օրինակ՝ նույն Ադրբեջանը որոշում է, որ դու պետք է Սահմանադրություն փոխես, այսինքն՝ ուղիղ միջամտում է քո ներքին գործերին, իսկ փոխարենը, երբ նայում ես, թե ադրբեջանական կողմն ինչպես է հստակ կոնցեպտուալ առաջ է մղում քո տարածքի հանդեպ հավակնություն՝ հնարավոր հավանական ագրեսիայով, դու հասկանում ես, որ իրենք կոնկրետ ծրագիր են մշակում, ու դա կրկնում է նույն ձեռագիրը, որը եղել է Արցախի հարցում, այսինքն՝ նրանք երբեք Արցախի խնդիրը Հայաստանից զատ չեն դիտել։ 

Այդ գիծը զուգահեռաբար տարել են, առաջնահերթություն համարել Արցախը, քանի որ հիմա վերահսկողություն ունեն Արցախի նկատմամբ, անցել են հաջորդ արարին՝ պատմության կեղծում, պրոպագանդա, պետական քարոզչություն, դրան զուգահեռ «գիտական հիմքերի» ստեղծում, այսինքն՝ նրանց պետական համալսարաններում են բացվում համապատասխան մասնաճյուղեր, քարոզչություն է տարվում։ Այս ամենի ֆոնին ռազմական համագործակցությունների խորացում տարբեր պետությունների հետ, զենքի գնում, եթե երկու ամսվա ընթացքում երկու տասնյակ զորավարժություն են անցկացնում, դա նրանց մտադրությունների մասին շատ լուրջ ցուցիչ է։ 

Հստակ այդ նույն ձեռագիրը, ինչ եղել է Արցախի հարցում, հիմա գնում է Հայաստանի հարցում, ուղղակի այն ժամանակ Հայաստանն ավելի լավ դիրքերում էր, քան այսօր։ Նույն գործընթացի իմիտացիան է, որ իբրև ինչ-որ հարցերի շուրջ ունեն փոխզիջումներ, հետո ինչ-որ ժամանակ անց ամբողջը փլուզվում է, ու կրկին կանգնում ենք ռազմական գործողությունների շեմին։ 

Ինչպես նախկինում էր, հիմա էլ միջնորդ կողմերը Հայաստանին միշտ ստիպում են գնալ զիջումների, այսինքն՝ քանի որ Ադրբեջանն անդրդվելի է ու ռազմական առումով առավելություն ունի, ստացվում է, որ կողմերը միշտ Հայաստանին են դրդում գնալ զիջումների, ու այդ զիջումներից հետո էլ Հայաստանն ավելի խոցելի դիրքերում է հայտնվում։ 

Հավանականությունը, որ այդ սցենարը կունենա նույն զարգացումն ու ավարտը, ինչպես եղավ Արցախի դեպքում, որքա՞ն է։

– Չունեմ համապատասխան ամբողջական տվյալները, որ ասեմ, բայց հրապարակային աղբյուրներից դատելով կարող եմ ասել, որ Ադրբեջանը հստակ պատրաստվում է դրան, ինչպես և պատրաստվում էր Արցախի զարգացումներին: Այստեղ խնդիրն այն է, թե մենք որքանո՛վ ենք դա ճիշտ գնահատում, դրան պատրաստվում, ինչ ենք անում դա կանխելու համար։ 

Արցախի հարցում էլ, եթե նախորդ տասնամյակների ընթացքում շատ ավելի խելացի աշխատեինք, շատ գործընթացներ կարող էինք կանխել, բայց այդ գործընթացը համապատասխան ձևով չի տարվել, ու մենք հայտնվել ենք նման իրավիճակում։ 

Սպարապետ Վազգեն Սարգսյանը խոսք ուներ՝ «դանթենք թվացյալ խաղաղությամբ», եթե մի քանի շաբաթ կրակոց չկա, ու մեզ թվում է, թե դա խաղաղություն է, դա միայն մեզ թվում է, որովհետև պատերազմի ձևերն էլ են փոխվել։ 30 տարի առաջ ու հիմա մեթոդները փոխվել են, այսօր պատերազմը մղվում է նաև մեր ուղեղներում: Այն, որ մեզ քարոզվում է, թե մենք թույլ ենք, անզոր ենք, անկարող ենք, ոչ մի ձևով չենք կարող դիմակայել, դա ևս պատերազմի ձև է, ընդ որում՝ և՛ ներսից, և՛ դրսից։ 

– ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ իսկապես կա խաղաղություն կնքելու հնարավորություն, բայց նաև նշել է, որ կա երկու հարց, որում համաձայնության չեն եկել Ադրբեջանի հետ՝ ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչում, տրանսպորտային ուղիների ապաշրջափակում։ Հավելել է, որ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է իրականացվեն Ալմա Աթայի հռչակագրով։ Ձեր դիտարկումները խնդրեմ այդ իրական հնարավորության մասին։ 

– Նույն արտգործնախարարությունը ժամանակին ասում էր, որ Արցախի հարցում իրավունքներն ու անվտանգությունը իրենց համար կարմիր գիծ են, ու պետք է համաձայնության գան, հետո եղան ռազմական գործողություններ։ Ուզում եմ ասել, որ իրենց բոլոր այդ «կարմիր գծերը» կամ չհամաձայնեցված կետերը Ադրբեջանը հետո ռազմական ուժով փակում է, ու հայկական կողմը դրան համաձայնում է։ 

Իրենց քաղաքականությունն այս ամբողջ ընթացքում եղել է ընդունել ռազմական ուժով ձևավորված իրողությունները, ու դրանով իրենք փաստացի նպաստել են, որ նման գործողություններ հետագայում էլ լինեն, որովհետև խաղաղության ձգտող ոչ մի պետություն երբեք չի հաստատի պատերազմով ստեղծված իրողությունները, պատերազմական գործողությունների հետևանքով երբեք չի հրաժարվի կենսական իրավունքներից, իսկ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության կոնցեպտն» ամբողջությամբ հիմնված է պատերազմով ստեղծված իրողություններն ընդունելու, արձանագրելու վրա։ 

Այս ամենը խաղաղության հետ որևէ աղերս չունի, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը մի պետության հետ, որտեղ հայի գլուխ կտրելը համարվում է հերոսություն, նման խաղաղություն չի կարող լինել։ Սա նույն է, որ ժամանակին թե՛ Ֆրանսիայում, թե՛ Մեծ Բրիտանիայում կային կառավարություններ, որոնք պատրաստ էին Հիտլերի հետ գնալ խաղաղության, պատմությունից հիշում ենք՝ ի՛նչ եղավ այդ կառավարությունների ճակատագիրը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am