Իրանը չի կարող թշնամական հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ, պետք է փորձի նրան վերահսկողության դաշտում պահել. Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, ինչպես հայտնում է ТАСС-ը, ԻԻՀ ԱԳՆ ղեկավարը Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում նոր էջը բաց է և հույս է ներշնչում երկու ժողովուրդներին, իսկ երկու երկրների առջև բացվում են փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ։ Ի՞նչ նոր էջի մասին է խոսքը։

– Իրանի արտգործնախարարը նկատի է ունեցել երկկողմ հարաբերություններում լարվածության թոթափումը: Մենք գիտենք, որ 2020 թվականից հետո՝ հատկապես 2021-ի և 2022-ի աշնանը, Իրան-Ադրբեջան հարաբերությունները բավականին սրվել էին, ինչի գագաթնակետը եղավ 2023 թվականին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը, որի հետևանքով հարաբերություններն էլ ավելի սրվեցին, և այժմ կարելի է արձանագրել, որ այդ լարվածությունը բավականին թուլացել է։ 

Խոսելով նոր էջի մասին՝ Իրանի արտգործնախարարը հենց դա նկատի ունի, քանի որ այդ հանդիպման ընթացքում նաև խոսել են դեսպանատան գործունեության վերսկսման մասին ու պայմանավորվածություն են ձեռք բերել գործադրել ջանքեր, որպեսզի դեսպանատունն առաջիկայում վերաբացվի: Իհարկե, դեսպանատան գործունեության վերսկսման մասին դեռ հստակ ժամկետներ չեն նշվում, ամեն դեպքում կողմերը քայլեր են ձեռնարկում հենց այդ ուղղությամբ։ 

– Ադրբեջանի ու Իրանի հարաբերություններում առկա լարվածության թուլացումն ի՞նչ ազդեցություն է ունենալու Հայաստանի շուրջ ընթացող զարգացումների վրա։

– Իրականում Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան հարաբերությունները իրարից անկախ են միշտ եղել և կան ու մեկը մյուսով երբևէ պայմանավորված չեն եղել: Իրանի համար կարևոր է եղել իր հարևան բոլոր երկրների հետ հարաբերությունների զարգացումը, ու այդ համատեքստում տեղ են գտել և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։

Անգամ այն շրջանում, երբ Ադրբեջանի հետ հարաբերությունները լարված էին, Իրանը միշտ էլ ջանացել է այդ լարվածությունը թուլացնել ու Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսության դաշտ դուրս գալ, քանի որ անկախ նրանից, թե այսօր Ադրբեջանն ի՛նչ մարտահրավերներ է ստեղծել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի համար, միևնույն է, Իրանը չի կարող թշնամական հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ, ընդհակառակը՝ պետք է փորձի Ադրբեջանին որոշակիորեն վերահսկողության դաշտում պահել ու նաև կառուցողական հարաբերությունների շնորհիվ հնարավոր դարձնել երկխոսությունը և նաև ինչ-որ առումով այդ սպառնալիքների չեզոքացումը։ 

Այս առումով Իրան-Ադրբեջան հարաբերությունների բարելավումը և լարվածության թոթափումը, չեմ կարծում, որ շատ մեծ ու բացասական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի համար, քանի որ Իրանը Հայաստանի հետ էլ ունի իր սեփական օրակարգը ու համընկնող շահերը, որոնց մասին պարբերաբար հայտարարվում է: 

Ընդամենը երկու օր առաջ Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ նույն «Զանգեզուրի միջանցքի» հարցում իրենց դիրքորոշումը չի փոխվել ու չի փոխվելու։ Այսինքն՝ անկախ ամեն ինչից, գոյություն ունեն շահեր, որոնք շարունակում են ընդհանուր մնալ Հայաստանի ու Իրանի համար, ու գոյություն ունի Իրանի դիրքորոշումը, որը շարունակում է մնալ անփոփոխ։

– Կարծիքներ են հնչում, որ «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը մինչ օրս իրականություն չի դառնում, քանի որ Իրանն է դիմադրում դրան։ Իսկապե՞ս Իրանի դերակատարումն այս հարցում այդքան վճռորոշ է, տիկի՛ն Վարդանյան, թե՞ Իրանի դերը չափազանցված է։

– Իրականում լիովին դժվար է ասել, թե ո՛րն է հստակ դրդապատճառը, որ մինչև հիմա չի իրագործվում «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը։ Դրդապատճառները կարող են բազմաթիվ լինել, բայց միանշանակ է, որ Իրանն իր դերակատարումն ունի այստեղ, որովհետև մենք տեսել ենք, որ վերջին չորս տարիների ընթացքում Իրանը հստակ արտահայտել է այդ մասին իր դիրքորոշումը: Իրանն այդ դիրքորոշումն արտահայտել է ոչ միայն հռետորաբանության մակարդակում, այլ նաև գետնի վրա, երբ զորավարժություններ էր անցկացնում Ադրբեջանի, Նախիջևանի հետ սահմանին, երբ այդ զորավարժությունների ընթացքում իրականացնում էր Արաքս գետը անցնելու ցուցադրական գործողություններ։ 

Հենց նույն Ադրբեջանի հետ հարաբերությունների այդ լարվածությունը, ի վերջո, գալիս էր Իրանի այդ դիրքորոշումից, այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում այդ դիրքորոշումը հանգեցրեց Ադրբեջանի հետ հարաբերությունների լարվածությանը, հետևաբար միանշանակ է, որ Իրանը ունի դերակատարում այդ նախագծի հետմղման գործում, բայց թե որքանո՛վ է դա միայն Իրանի դերակատարման արդյունքը, ես չեմ կարող ասել, որովհետև հնարավոր է, որ կան նաև այլ գործոններ ևս։ 

Այդ մասին հայ պաշտոնյաներն էլ են հայտարարել, մասնավորապես, երբ փոխարտգործնախարարը հայտարարեց, որ Ջերմուկի մարտերն ավելի չեն ընդլայնվել Իրանի դիրքորոշումների ու գործողությունների շնորհիվ։ Իրանը նաև իր սեփական այլընտրանքային տարածքն առաջարկեց «Զանգեզուրի միջանցքի» համար, այլ հարց է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձեռք չեն քաշում այդ ծրագրից ու շարունակելու են հնարավոր ամեն ձևով ստանալ այդ միջանցքը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am