Ադրբեջանցի զինծառայողը նախքան ձերբակալվելը 2 ժամ անչափահասների հետ Մարտակերտի բնակարանում է եղել, սնունդ պահանջել․ Ազատություն

Ադրբեջանցի զինծառայողին Արցախի ոստիկանները Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկից են դուրս բերել։ Ընտանիքի հայրն աշխատանքի է եղել, մայրն էլ բուժհաստատությունում աշխատանքային հերթապահությունից հետո Ստեփանակերտ էր գնացել՝ 14 տարեկան զույգ տղաներին հագուստ գնելու համար, երբ տեղեկացել է, որ իրենց տուն ադրբեջանցի զինծառայող է մտել, գրում է Ազատությունը։

«11:30 զանգեցի, երեխեքին հարցրեցի` էս ի՞նչ պայուսակը վերցնեմ, իրենք ասացին` հա, հա, ու ես չեմ էլ իմացել, նենց են իրենց պահել, որ ես չեմ էլ իմացել` իրենց մոտ մարդ կա: Իրենք սովորական խոսում էին: Ես միշտ իրենց թերագնահատում էի, որ մի քիչ մեծացեք, հլը փոքր երեխեք եք, ձեզ մեծի նման պահեք, բայց չէի պատկերացրել», – պատմում է մայրը:

Ադրբեջանցի զինծառայողը՝ Ջամիլ Բաբաև անունով, տուն է մտել պատշգամբով՝ աստիճան տեղադրելու միջոցով:

«Տեսա, եկա, ասում եմ` Դավիթ մարդ կա, չի հավատում, գիտեր` շուլուխ եմ անում», – պատմում է տղան, ում դիմաց հայտնված ադրբեջանցին դանակ է ցույց տվել ու հասկացրել, որ կվնասի, եթե ինչ-որ բան անեն։

Նա ռուսերեն չի խոսել, երեխաների հետ շփվել է միայն ժեստերի լեզվով, հասկացրել է, որ սոված է, երեխաները նրբերշիկ, հետո սուրճ են հյուրասիրել։ Անկոչ հյուրը շուրջ երկու ժամ երեխաների հետ է անցկացրել։ Կշտացել է, ոտքերն ու գլուխը լվացել, հետո գուլպաները կախել պարանից ու երեխաների հետ նրանց լուսանկարներն է նայել։ Հասցրել է նաև համակարգչով երաժշտություն լսել։ Անկոչ հյուրը նաև Թուրքիայի դրոշն է ցույց տվել, հետո Ադրբեջանի անունը տվել ու հասկացրել, որ իրեն նեղացնում են։

Երեխաները հաջողացրել են դուրս գալ տնից՝ ծխախոտ գնելու պատրվակով ու զանգահարել քեռուն, որ մոտակայքում էր, վերջինն էլ ոստիկանություն է ահազանգել։

Տեղ հասած ոստիկանները բռնել են Ջամիլ Բաբաևին: Արդեն հարուցված քրեական գործ կա՝ առերևույթ Արցախի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Բաբաևը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն։

Ավելի ուշ դեպքին արձագանքեց նաև Ադրբեջանը՝ գրելով, որ Ջամիլ Բաբաևն ադրբեջանական բանակի արտակարգ անհետաձգելի ռազմական ծառայության զինվոր է, ով կամավոր լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը և ոտքով հասել Մարտակերտ: