ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայտարարում է #ՄԱԿ75 հարցման մեկնարկի մասին՝ Հայաստանի համար ցանկալի ապագա ձևավորելու համար

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մեկնարկել է ամբողջությամբ հայերեն առցանց ՄԱԿ75 հարցում՝ https://un75.am/՝ նշելու կազմակերպության 75-ամյակը, սահմանելու Հայաստանի առաջնահերթությունները և ձևավորելու բոլորի համար ցանկալի ապագա:

Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչությունը։

ՄԱԿ-ը նշում է իր 75-ամյակը բարդ մարտահրավերների ժամանակաշրջանում: Վերջերս բռնկված համաշխարհային առողջապահական ճգնաժամն էլ ավելի է դժվարացել իրավիճակը՝ հանգեցնելով սոցիալական և տնտեսական աննախադեպ հետևանքների: ՔՈՎԻԴ-19-ը տակնուվրա է արել աշխարհում և Հայաստանում միլիոնավոր մարդկանց կյանքեր՝ ազդելով կյանքի բոլոր ոլորտների վրա: 

Մինչ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է աջակցել Հայաստանի կառավարությանը ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում, կազմակերպությունը մեկնարկել է ՄԱԿ75 առցանց հարցումը՝ հավակնոտ ջանք՝ համախմբելու Հայաստանի ապագայի առաջնահերթությունները և խնդիրների լուծումները, ինչպես նաև՝ սահմանելու Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության առաջիկա 5 տարիների շրջանակը: Առցանց հարցումը ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված միջոցառումների առանցքային բաղկացուցիչն է և հնարավորություն է ընձեռում մարդկանց բարձրաձայնել իրենց կարծիքը՝ գլոբալ անհանգստության և անորոշության այս պահին:

Կարճ, 5 րոպե տևողությամբ հարցումը հարցնում է մարդկանց կարծիքը այն մարտահրավերների մասին, որոնց բախվում է Հայաստանը, և ինչ պետք է անի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը՝ ավելի լավ ծառայելու կարիքավորներին և լուծելու այնպիսի խնդիրները, ինչպիսիք են աղքատությունը, անհավասարությունը և կլիմայական ճգնաժամը: Հարցումը կոչ է անում բոլոր հայերին ներկայացնել այն ապագան, որ իրենք ցանկանում են տեսնել, և այդ ապագային հասնելու համար անհրաժեշտ քայլերն ու լուծումները:

Հարցումն անանուն է: Արդյունքները ներկայացվելու են ՀՀ կառավարությանը, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին, գործընկերներին, ինչպես նաև՝ տարածվելու են առցանց:

«2020 թվականը պետք է երկխոսության տարի լինի, երբ բոլորս համախմբվում ենք՝ քննարկելու մեզ համար ամենակարևոր խնդիրները և ինչպես կարող ենք համավարակից վերականգնվել ավելի ուժեղ և ավելի լավ: Մասնակցելով այս հարցմանը՝ դուք կօգնեք մեզ սահմանել Հայաստանի առաջնահերթությունները: Ձեր կարծիքը կարող է փոփոխության հիմք դառնալ և օգնել մեզ ձևավորել բոլորիս համար ավելի լավ ապագա», – ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:

Հարցմանը մասնակցելու համար՝ կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://un75.am/:

Հ.Գ. Նամակին կից կարող եք գտնել մամուլի հաղորդագրության երկլեզու տարբերակը և նկարներ: