«Սովն ու ցուրտը լուրջ պատճառներ են Շիրակի ռեգիոնում, որպեսզի մարդկանց մոտ սոցիալական պայթյուն առաջանա». Վահան Թումասյան

Շիրակի մարզում աղքատության մակարդակն աճել է, այս ձմռանը հատկապես տեսանելի է, որ սոցիալական խնդիրները սրվել են։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Գյումրիի «Շիրակ» կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյանը։

Նա գործընկերների հետ այս օրերին վառելափայտ ու այլ օգնություն է հատկացնում մարզի ծայրահեղ աղքատ ընտանիքներին։ Եղանակային անբարենպաստ պայմաններն ավելի են բարդացնում աղքատ ընտանիքների վիճակը։

«Մենք երբեք նախորդ տարիներին վառելափայտի այս քանակությամբ հայտ չէինք ստացել։ Մոտ 550-600 ընտանիքի արդեն բաժանել ենք, բայց դեռ առջևում 3 ցուրտ ամիսներ կան»,- նշում է Թումասյանը։ Նրա խոսքով՝ տեսանելի է, որ այս տարի մարզի աղքատ ընտանիքներից որևէ մեկն առհասարակ չի պատրաստվել ձմռանը։ Եթե նախորդ տարիներին մոտ 30-40 տոկոսը նախապատրաստվում էր ձմռանը, հիմա օրվա ունեցած վառելիքի հույսին են։

«Արդեն սկսել ենք երկրորդ, երրորդ անգամ նույն մարդկանց վառելափայտ բաժանել։ Չեմ ուզում ծայրահեղացնել, որպեսզի չքաղաքականացվի, որովհետև սոցիալական հարցերը ես փորձում եմ զերծ պահել քաղաքական հարցերից։

Բայց սոցիալական իրավիճակը սրվել է, նախորդ տարի կորոնավիրուսն ու պատերազմը այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ չէր կարող չսրվել։ Գյուղական բնակավայրերում գրեթե համատարած տղամարդկանց զորակոչել էին այն շրջանում, երբ աշնանացան էր»,- «Մեդիալաբին» ասում է Վահան Թումասյանը։

Ըստ նրա՝ այս տարի գրեթե որևէ ընտանիքի չեն մերժում օգնության տրամադրումը։ Պատճառն այն է, որ մարզում շատ ընտանիքներ զոհված, վիրավոր կամ գերության մեջ գտնվող զինծառայող ունեն։

Շիրակի մարզում սոցիալական խնդիրների սրման պատճառ է նաև այն, որ համավարակով պայմանավորված՝ մարզի տղամարդիկ նախորդ տարի գրեթե չեն մեկնել արտագնա աշխատանքի։

Մյուս կողմից՝ սահմանափակումների հետևանքով շինարարության ոլորտում աշխատատեղերը կրճատվել են, նրանք չեն կարողացել նաև Հայաստանում աշխատանք ունենալ։ «Եթե նախկինում ասում էինք՝ օրվա հացով են ապրում, հիմա մարդիկ օրվա վառելիքի հույսով են ապրում, մեկից մի կտոր աթար գտնել, մեկից փայտ խնդրել, աղբանոցներից ինչ-որ բան հայթայթել»,- նշում է Թումասյանը։

Շիրակի մարզում վառելափայտի կարիք ունեն նաև վիրավոր զինծառայողներ ունեցող ընտանիքները։ Վերջին շրջանում վառելափայտ բաժանելիս «Շիրակ» կենտրոնի աշխատակիցներն այս խնդրին ականատես են եղել։

«Ես վատ եմ զգում, երբ գնում, տեսնում ենք, որ անկողնում վիրավոր զինծառայող կա, որ այդ ընտանիքին էլ պետք է մենք օգնենք։ Զինվորը վերադարձել է պատերազմից, գոնե այդ ընտանիքի վառելափայտի խնդիրը պետք է լուծված լիներ։

Այս հարցերը գոնե տեղական իշխանության մակարդակով պետք է լուծվեին, բայց տեղական իշխանություն ասվածը արդեն գոյություն չունի մարզում, այնպես, ինչպես հիմա երկիրը նախագահ չունի, վարչապետ չունի»,- ասում է Վահան Թումասյանը։

«Վիրավոր զինծառայողի ընտանիքը զանգել էր ինձ ու շնորհակալություն էր հայտնում վառելափայտի համար, ես անհարմար եմ զգում։ Այդ ընտանիքներին սուսուփուս մենք օգնություն ենք տրամադրում ու գնում ենք, նույնիսկ ամաչում ենք, որ նրանց օգնում ենք։

Ինչո՞ւ պետք է մենք օգնենք իրենց, իշխանություն պետք է լինի երկրում, սա երկար չի կարող շարունակվել, պայթյունավտանգ իրավիճակ կարող է ստեղծվել։ Սովն ու ցուրտը լուրջ պատճառներ են այս ռեգիոնում, որ մարդկանց մոտ սոցիալական պայթյուն առաջանա»,- նշում է Վահան Թումասյանը։

Ըստ նրա՝ հետպատերազմյան շրջանում իշխանությունները պետք է ավելի լարված աշխատեին, բայց հայտնի չէ, թե կոնկրետ Շիրակի մարզի պաշտոնյաները տոնական օրերին որտեղ են եղել։

Վահան Թումասյանը նշում է, որ բացասական ջերմաստիճանի հետևանքով տնակներում կամ կիսաքանդ հանրակացարաններում ապրողները կարող են անգամ ցրտահարվել։

«Փառք Աստծո, այսօր այդ հարցն էինք քննարկում, որ լավ է, գոնե ցրտահարության դեպքեր չեն գրանցվել։ Երբ դրսում 15 աստիճան ցուրտ է, երբ վառարանը հանգում է, դոմիկներում կամ փլված հանրակացարանում կարող է դրսի ջերմաստիճան լինել։

Երբ մենք փայտը տանում ենք տուն, տեսնում ենք, որ 82 տարեկան, 90 տարեկան միայնակ տատիկներ են բնակվում։ Ո՛չ կարող են դուրս գալ, ո՛չ էլ հարազատ ունեն։ Եթե մենք փայտ կամ այլ օգնություն չտանենք, նրանց վիճակը շատ վատ կլինի»,- ասում է նա։

Թումասյանը նշում է, որ սոցիալական խնդիրներին պետական մակարդակով պետք է լուծում տալ։ Մի հասարակական կազմակերպություն չի կարող փոխարինել պետությանը և տեղական ինքնակառավարման համակարգին, որքան էլ հովանավորներն օգնում են։

«Այս տարի բարերարների միջոցով ավելի քան 30 հազար դոլարի փայտ ենք բաժանել»,- հավելում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am