Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է սրտի ռիթմի խանգարում. դատական նիստը հետաձգվեց․ Factor.am

Factor.am Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ երկրորդ նախագահի բացակայության պատճառով: Նիստը նախագահող Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Ըստ «Էրեբունի» ԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ Ռոբերտ Քոչարայնի մոտ ախտորոշվել են սուր վեստիբուլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստելաներով բարձր կարդիովասկուլյար ռիսկ, և նրա տեղափոխումը ներկայում նպատակահարմար չէ՝ բժշկական նկատառումներով։

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 17-ին: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, մարտի 8-ին տեղափոխվել էր նախ «Նաիրի», այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ: Բուժկենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը Factor.am-ին ասաց, որ կախված պացիենտի վիճակից՝ պարզ կլինի, թե նա քանի օր կմնա հիվանդանոցում: