Պատերազմի հետևանքով տեղահանված, ինչպես նաև բնակության համար ոչ պիտանի դարձած բնակարան ունեցող արցախցիներին տրամադրված պետական ֆինանսական աջակցության ծրագրերի շահառուների ցուցակներում եղել են մարդիկ, որոնք տարիներով Արցախից և անգամ Հայաստանից դուրս են բնակվում, ինչը համակարգը հստակ ցույց է տալիս: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը՝ մեկնաբանելով որոշ համայնքապետերի կողմից տեղահանված արցախցիների պետական ֆինանսական աջակցության ցուցակներում ոչ շահառու անձանց ընդգրկելու դեպքերը:
«Կան համայնքապետեր, որոնք անտեղյակության կամ վատ իմանալու պատճառով են այդպիսի մարդկանց ներառել, կան գյուղապետեր, որոնք համագյուղացիների ճնշումներին են տրվել և ավելացրել՝ շահառուների ցանկում: Կարծում եմ, ողբերգական չպետք է մոտենալ այս դեպքերին: Հատ-հատ պետք է զտել, ֆիլտրել այդ ցուցակները և ոչ շահառուներին հնարավորինս հանել»,-ասաց Խանումյանը:
Անդրադառնալով Արցախի վարչատարածքային բարեփոխումներին և ՏԻՄ ընտրություններին վերաբերող հարցին, նախարարը հայտնեց, որ Արցախի Հանրապետության վարչատարածքային բարեփոխումների ժամկետը սահմանված է մինչև 2022 թվականի մարտի 1-ը: Նրա կարծիքով՝ այդ ժամկետը կերկարաձգվի:
«Նախարարության համապատասխան խումբն աշխատում է՝ նոր ռազմավարության ու քաղաքականության մշակման ուղղությամբ: Բնականաբար, մինչև 2024 թվականի ՏԻՄ ընտրությունները, պետք է կատարված լինեն այդ փոփոխությունները, ձևավորված լինեն՝ նոր համայնքային ծառայություններն ու մեծացված՝ ձևավորվելիք խոշոր համայնքների բոլոր ենթակառուցվածքները»,-ասաց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: