Նիկոլ Փաշինյանը Զինաիդա Գրեչանիի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է տիկին Գրեչանիի այցը Հայաստանը՝ նկատելով, որ վերջին շրջանում երկու երկրների միջև հաճախակի են տեղի ունենում բարձր մակարդակի հանդիպումներ ու փոխայցելություններ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ Հայաստանն ու Մոլդովան շահագրգիռ են զարգացնելու և ընդլայնելու երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում: 

«Նախատեսվում է իմ պաշտոնական այցը Մոլդովա: Մինչ այդ երկկողմ միջկառավարական հանձնաժողովը կաշխատի օրակարգի շուրջ՝ այցն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Մեր երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, պետք է աշխատենք նաև տնտեսական փոխգործակցության խթանման ուղղությամբ»,- ասել է վարչապետը՝ կարևորելով նաև բիզնես ֆորումների անցկացումը՝ գործարար կապերի խթանման նպատակով:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև հայ-մոլդովական միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքական, այլ նաև հումանիտար և մշակութային հարաբերությունների ամրապնդմանը:

Զինաիդա Գրեչանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր երկիրը շահագրգիռ է նոր թափ հաղորդելու Հայաստանի հետ փոխգործակցությանը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսության ոլորտում: Խորհրդարանի նախագահն անդրադարձել է Մոլդովայի տնտեսությունում, օրենսդրական դաշտում տեղի ունեցող փոփոխություններին և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների փորձն իրենց հետ կիսելու պատրաստակամության համար:

Միաժամանակ, խորհրդարանական պատվիրակության անդամները ոգևորիչ են համարել Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն ու ՀՀ կառավարության կողմից բարեփոխումներն առաջ մղելուն ուղղված հետևողական քայլերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-մոլդովական հարաբերություններին առնչվող այլ հարցերի ևս:

Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը: