Թրամփը թույլ կտա ուկրաինացի փախստականներին մնալ ԱՄՆ-ում մինչև պատերազմի ավարտը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ուկրաինացի փախստականները կկարողանան մնալ Միացյալ Նահանգներում մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը։ «Մենք այդպես էլ կանենք։ Ուկրաինայից մեզ մոտ շատ մարդիկ են եկել, և մենք աշխատում ենք նրանց հետ»,-նշել է Թրամփը Վաշինգտոնում, հուլիսի 30-ին՝ պատասխանելով DW-ի թղթակցի հարցին։

Ուկրաինացիները ԱՄՆ են տեղափոխվել «Uniting for Ukraine» ծրագրի շրջանակում, որը սկսել է գործել 2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ներխուժումից հետո։ Ծրագիրը թույլ է տալիս մուտք գործել ԱՄՆ, եթե փախստականն ունի ամերիկացի հովանավոր։ Մինչ այժմ այդ ծրագրով հաստատվել է ավելի քան 236 հազար հովանավորության հայտ, և ԱՄՆ է ժամանել ավելի քան 187 հազար ուկրաինացի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Թրամփի երկրորդ պաշտոնավարման սկզբում, Reuters-ը տեղեկացրել էր՝ իշխանությունները քննարկում են պատերազմից հետո ԱՄՆ եկած շուրջ 240 հազար ուկրաինացիների իրավական կարգավիճակի չեղարկման հարցը։ Սպիտակ տունը այդ տեղեկությունը հերքել էր՝ հայտարարելով, որ հրապարակումը կեղծ է։

Ապրիլին մի շարք փախստականներ ստացել էին ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության կողմից ուղարկված նամակ, որով նրանց խնդրել էին լքել երկիրը, սակայն հետագայում նախարարությունը պարզաբանել էր, որ այն ուղարկվել է տեխնիկական սխալով։