Մեզ Մասիսը պե՞տք է

Մեզ Մասիսը պե՞տք է
Մեզ Մասիսը պե՞տք է

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ուսանողը Մեջլիսի թրքահայ պատգամավոր Կարո Փայլանին հարցնում է՝ ե՞րբ է Հայաստանի դրոշը պաշտոնապես ծածանվելու Մասիս սարի գագաթին: Այսինքն` Մասիսը ե՞րբ է մերը լինելու: Նույնիսկ դաշնակցականներն են ծիծաղում ՀՀ մայր բուհի ուսանողի հարցի վրա:

Ի՞նչ է տեղի ունենում հետո՝ ԵՊՀ-ն Կարո Փայլանին շնորհում է համալսարանի ոսկե մեդալը:

Այսինքն` էս մեր կրթական մակարդակը, էս էլ մեր ոսկե մեդալը:

Ուսանողի սիրտը Մասիս սար է ուզում: Ոչ ոք նրան չի ասել, որ Մասիսի կորուստը անգրագիտության արդյունք է: Մասիսը Կարո Փայլանինն է, նա Թուրքիայի քաղաքացի է, նրան Մասիս սար պետք չէ որպես «անհաս փառքի ճամփա»:

Այդ հմայիչ հայը դեռ պետք է հասկանա, թե Հայաստանի ինչի՞ն է պետք Մասիս սարը, եթե 800 հեկտար կորցնելուց հետո Հայաստանը հայտարարում է՝ դրանք ամայի տարածքներ են: Ի՞նչ երաշխիք, որ ժամանակին Մասիս սարի մասին էլ այդպես չեն մտածել:

Նա դեռ լեզվաբանական թնջուկ էլ պիտի հաղթահարի, որպեսզի հասկանա, թե ինչու՞ է Մասիսը սար, իսկ Արարատը՝ լեռ, և, ի վերջո, հայերի ուզածը որն է՝ Մասի՞սը, թե՞ Արարատը:

Այդ երիտասարդ թրքահպատակի և Հայաստան-սփյուռք համաժողովի հյուրի առջև այստեղ ոչ ոք անկեղծ չի եղել և չի բացատրել, որ Մասիսը մեզ օդ ու ջրի պես է պետք, իսկ, ա´յ, Ադրբեջանից գրաված տարածքները պատրաստ ենք վերադարձնելու:

Կարո Փայլանի տեսադաշտում պակասում է կողմնորոշված հայը: Նրա տեսադաշտում արդեն երեք օր քաղաքական մի ուժի մարդիկ են, որոնք ամլացրել են Հայաստանի միտքը: Երկրորդ անգամ Հայաստան այցելող Փայլանն այլ կերպ է ձևակերպում՝ այս անգամ ավելի ուժեղ Հայաստան եմ տեսնում: Ուժեղ՝ որ ի՞նչ անի: Հայաստանցու երազանքնե՞րն են թրքահպատակ հմայիչ հային ուժեղ թվացել, թե՞ 80-ականների մեր թարմացված զենքը:

Կարո Փայլանն ասում է՝ եկել եմ Հայաստանի և Թուրքիայի սահմանները բացեմ:

Թերևս միայն դա է հնարավոր անել:

Կարո Փայլանը հավանաբար ենթադրում է, որ նույնիսկ աշխարհագրության հետ չի կարելի տուն-տունիկ խաղալ՝ Մասիսը «բերել» Հայաստան, որտեղից տասնյակ հազարներով փախչում են:

Հայաստանի ամեն սանտիմետրը նույնքան  սրբազան է, որքան՝ Մասիսը: Իսկ այդ սրբազան սանտիմետրերից մարդիկ փախչում են խուճապահար:

Պահանջել Մասիսը` նշանակում է Հայաստանը համարել ավարտված: Նշանակում է՝ Հայաստանն այլևս չի տրամադրում ապրել: Նշանակում է` Մասիսն է մեղավոր, որ այստեղից փախչում են, ոչ թե իշխանությունը: Նշանակում է՝ մեզ Մասիսն է պակասում:

Իսկ Հայաստանը Մասիսի կարիքն ունի՞: Կամ Մասիսը՝ մե՞ր:

Իսկ ո՞վ ասաց, որ մենք՝ հայաստանցիներս, Մասիսի համար ամայի տարածք չենք: Այսինքն` մեզ նո՞ր ամայի տարածքներ են պետք: Կարո Փայլանը սա չի կարող ասել: Մեր հյուրը չի կարող հարցնել՝ ուզո՞ւմ եք Մասիսը Հայաստան «մտնի», իսկ ո՞վ է նրան «հյուրընկալելու»:

Բոլոր փախուստներն այս հողից տեղի են ունենում Մասիսի «աչքի» առաջ:

Արտագաղթը հիշեցումն է, որ Հայաստանից մնացել է սոսկ աշխարհագրությունը, իսկ Մասիսն աշխարհագրական իմաստով շտապելու տեղ չունի:

Էմոցիոնալ առումով Մասիսին հակացուցված է այսպիսի Հայաստանը:

Ինչո՞ւ է միջազգային հարաբերություններ ուսանող երիտասարդը նման հարց տվել Փայլանին:

Ինչո՞ւ է նա Հայաստանը դրել ծիծաղելի վիճակում:

Մեզ պետություն դառնալու համար քաղաքականություն սովորող այդ ուսանողի քաղաքական տհասությունն է խանգարում: Մասիսը բազմաթիվ Հայաստանների մեջ լինելու կամ չլինելու բավարար համբերություն ունի: Ինքն արդեն բավարար պատմություն և հեղինակություն ունի որոշելու, թե ո´ւմ բանականությանն է հարիր:

Հայաստանը դեռ երկար պատրաստ չի լինի Մասիս «ընդունելու»:

Իսկ Մասիսը ժամանակ ունի: Ներառյալ՝ ժամանակ կողմնորոշվելու, թե որտե´ղ է Հայաստանը:

Մհեր Արշակյան

MediaLab.am