Կամ՝ Նիկոլ, կամ՝ Նիկոլյան

Մհեր Արշակյան

Ադրբեջանի դրոշի այրումը ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ ունի չորս տեսանկյուն: 

Առաջինը հայի տեսանկյունն է, որն ընդամենը երեք օր առաջ Տեղ գյուղում ադրբեջանցիների կրակոցից կորցրեց 4 զինվոր: Ու այդ հայն ասում է՝ դուք չե՞ք հասկանում՝ Երևանում Ադրբեջանի դրոշը բարձրացնելու ժամանակը չէ: Ես 100 պատճառ ունեմ, որ էդ դրոշը չծածանվի, դու մեկ՝ ձեռք եմ տվել, պիտի խաղամ: Այսինքն՝ առաջնությունը Երևանում անցկացնելու պատասխանատվություն եմ վերցրել, պիտի անցկացնեմ: 

Հիմա տես, թե դու ինչ ես արել: Դու մարդասպանին բերել ես մեր տուն, ցույց ես տալիս, թե ինչ հյուրընկալ ես, նա գալիս ու նայում է բոլորի աչքերի մեջ, որոնք կարող են իր զոհը լինել: Բերե՞լ ես, հասկացանք: 

Գիտե՞ս՝ ինչ է նշանակում դրոշը: Դա նշանակում է այն բարձրացնել ամեն զոհի տանը: Ասենք՝ մտնել Տեղի 4 զոհերից յուրաքանչյուրի տուն ու էնտեղ ադրբեջանական դրոշ դնել: Նորմա՞լ է: Զոհի մայրը կորցնելու ոչինչ չունի: Դու էլ նրա արժանապատվության պատասխանատուն ես, ոչ թե՝ Ադրբեջանի: 

Երբ էդ դրոշը դնում ես Տեղի զոհի մոր տանը, չի՞ նշանակում, որ թքում ես նրա վրա (Ալենի ականջը կանչի): Հիմա, երբ թքում ես նրա վրա, չի՞ նշանակում, որ նա իր ձեռքի անձրևանոցը կարող է շպրտել քո վրա: Որովհետև միայն դու չես պետությունը, ինքն էլ է պետություն, հատկապես, որ զոհաբերողն ինքն է, դու չես: Դու ոչ գերի ունես, ոչ էլ զոհ: 

Դու խոսե՞լ ես զոհի ընտանիքի հետ, իրենք համաձա՞յն են: Կամ՝ գերու հետ խոսե՞լ ես: Դու պետությո՞ւնն ես: Կարիք չունե՞ս հարցնելու: Համաձայն եմ: Ուրեմն մի՛ ասա, թե 11 հազար դասալիք ունես: Սա՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տեսանկյունից, որը կորուստ ունի Ադրբեջանի սանձարձակությունների պատճառով: 

Բայց հիմա եկեք նայենք պետության տեսանկյունից: Պետությունը պատասխանատվություն է վերցրել անցկացնելու Եվրոպայի առաջնությունը՝ ենթադրելով, որ դրան կարող է մասնակցել նաև Ադրբեջանը:

Մենք քաղաքակի՞րթ ենք: Կարծում եմ՝ քաղաքակիրթ ենք:

Աշխարհը խոնարհվում է մեր առաջ, որ վերքերի միջից կարողանում ենք արժանապատվորեն ընդունել թշնամի: Քանզի գրված է՝ սպորտը սպորտ է, եկեք քաղաքականության հետ չխառնենք: Երբ ես Եվրոպայի առաջնություն եմ ընդունում, աշխարհը հո չի՞ նայում քո կոնֆլիկտին, ինքը նայում է քո հնարավորություններին: Բայց նաև դեմ չէ, որ օգտվելով առիթից՝ քեզ հետ կոնֆլիկտ ունեցողին ցույց տաս, թե ինչպիսի երկիր է կոնֆլիկտի մյուս կողմը, որն ընդամենը 3 օր առաջ 4 զոհ է տվել: Աշխարհը ծափահարում է մեզ ու վստահում այլ առաջնություններ, որոնք նաև տնտեսական լուրջ աջակցություն կարող էին լինել:

Հիմա տեղի ունեցածին նայենք Ադրբեջանի տեսանկյունից: Եթե ամեն ինչ նորմալ ընթանար, ու Նիկոլյանը չհարամեր միջոցառումը, մենք միջազգային մրցման օժանդակությամբ մեր դրոշը բարձրացրինք ոչ միայն Տեղում, այլև՝ Երևանի սրտում: Ու հայերը ոչ մի ծպտուն չհանեցին, որովհետև ոտքի եղունգի ծայրից մինչև գլխի մազերի ծայրը պարտված են: Ջհանդամը թե ոչ մի մեդալ չենք բերի Երևանից, կարևորը, որ մեր դրոշը խրոխտ «քայլեց» Երևանի կենտրոնում՝ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի գրեթե հարևանությամբ: 

Հիմա՝ միջազգային տեսանկյունից՝ այո՛, ձեռք ես տվել, պիտի խաղաս: Էլ չասենք, որ ձեր հայրենասերը (Նիկոլյանը) երկերեսանի է՝ կարում է Ադրբեջանի դրոշը բռնողի զգեստը ու վառում Ադրբեջանի դրոշը: Հա, վրեժ ունեք, հա, կռիվ ունեք, բայց էդ դեպքում մեզ ասեք, որ Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը ձեզ համար ցանկալի չէ: Եթե ցանկալի է՝ երաշխավորեք նրա մասնակցությունը: Դուք հարամում եք ուրիշ մի բան՝ էդ առաջնությանը միայն ադրբեջանցիներ չեն մասնակցում: 

Ես ընդունում եմ, որ դուք չեք կարողանում կուլ տալ ձեր նվաստացումները, որոնք պարտադրում է Ադրբեջանը: Փոքր երկիր եք, խեղճ եք, էդ լրիվ հասկանում եմ: Ուրեմն ձեր գլխից մեծ գործ մի՛ վերցրեք ձեզ վրա, մենք էստեղ չենք եկել մուկ տշելու: Եվ, ընդհանրապես, դուք կարո՞ղ եք կողմնորոշվել ձեր հայրենասիրության ելման դիրքերի մասով: Դուք ուրիշ հայրենասերի անուն չգիտե՞ք՝ կամ՝ Նիկոլ, կամ՝ Նիկոլյան:

Մհեր Արշակյան

MediaLab.am