Աննա Հակոբյան. Անհեռատեսը

Մհեր Արշակյան

Երեկ Ֆրանսիա-Մարոկկո խաղից հետո ՀՀ վարչապետի կինը Ինսթագրամի իր էջում կիսվել է մի փոքրիկ տեսանյութով, որում հենց խաղի ֆոնին պատկերում է, թե ինչպիսի հարմարավետության մեջ է վայելում խաղը: Տունն «ընկղմված» է Ամանորի մեջ՝ լույսեր, մոմեր ու… ինքը՝ ոտքը ոտքին: 

Ինսթագրամի նրա հետևորդները մի աննախադեպ հարձակում են սկսել Աննա Հակոբյանի նկատմամբ: Մեկնաբանությունները՝ էթիկականի եզրին գտնվող վիրավորանքներից մինչև ամենակոշտը:

Ունի՞ Աննա Հակոբյանն այդպիսի տեսանյութով կիսվելու իրավունք: Իհարկե ունի: 

Նա ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներից մեկն է, որն իր տանը ֆուտբոլ է նայում: Մարդը չի հասել Կատար ու մարզադաշտից տեսանյութով կիսվել, իր տանն է նայում: 

Երկրորդ՝ նա այսպես թե այնպես ապրում է հաճույքի մեջ, կյանքի նրա պայմաններին նույնիսկ եվրոպաներում ու ամերիկաներում կնախանձեն:

Կարճ ասած, բոլորն էլ գիտեն, որ այն պահին, երբ իրենք մի կտոր հացի համար կռիվ են տալիս, Աննա Հակոբյանը վատ չի ապրում: 

Երրորդ՝ նա չի ուզում վատ ապրել: 

Չորրորդ՝ Աննա Հակոբյանը իշխանություն կրող չէ, նա ընդամենը իշխանություն կրողի կինն է, որին պետությունը օրենքներով տվել է ճոխ ապրելու իրավունք, և ինքն էլ հետևում է, որ ճոխ ապրի:

Պետությունն է հետևում, որ Փաշինյանի տանը հացի պակաս չլինի: Այսինքն՝ տեսանյութ կիսվելով՝ Աննա Հակոբյանը ոչ մի վատ բան չի արել: Այսքանը հասկացանք: 

Բայց Աննա Հակոբյանը Էմանուել Մակրոնի կինը չէ, նա Բրիջիտը չէ: Բրիջիտը հենց հիմա չունի երեխաներ, որոնք, դիցուք, Մարոկկոյից չեն կարողանում հասնել Ֆրանսիա: Աննան մոռանում է, որ ինքն ու Հայաստանը տարբեր իրականություններ չեն, առավելևս՝ ինքն ու Արցախը տարբեր իրականություններ չեն:

Նա ավելի լավ կաներ, եթե նույն տեսանյութով կիսվեր, ու տեսանյութում իր հետ նստած՝ իրենց մայրերից կտրված արցախցի երեխաներ: Սա կլիներ հասկանալի, սա կլիներ հայկական:

Այսինքն՝ լավ կաներ՝ գոնե մի փոքրիկ տեսանյութով ներկայանար Մեծ Մայր, որը ժամանակավոր որբերի պաշտոնական հովանավորն է, քանի դեռ նրանք իրենց մորը չեն հասել: Աննան, ընդհակառակը՝ ցույց է տալիս, թե իր տնից դուրս կատարվողն ինչքան քիչ ընդհանուր բան ունի իր հետ: 

Առաջին տիկինը հավերժական հարցեր լուծող չէ, նա ամուսնու բարդ խնդիրների բարոյական աջակիցն է, ամուսինը Պուտինի հետ է հարցեր լուծում, ինքը Պուտինի պատճառով որբացածների հարցերն է լուծում: Այսինքն՝ բարոյական աջակցության պաշտոնական ներկայացուցիչ է, ահա ինչու են առաջին տիկինները ղեկավարում հիմնադրամներ, այցելում հիվանդներին ու կարիքավորներին: 

Ինչ-որ մեկը պիտի մի օր լրջորեն նստի տիկին Հակոբյանի հետ ու ասի, թե Հայաստանի պայմաններում առաջին տիկնոջ ո՛ր քայլն է ընկալելի, ո՛րը՝ ոչ:

Առաջին տիկինը կարող է և իրավունք ունի անել արտառոց քայլեր, որոնց իմաստն ավելի ուշ կհասկանանք: Բայց երեկվա տեսանյութը դրանցից չէր: Երեկվա տեսանյութում նա ցույց տվեց, որ ինքը հեռուստացույցի մեջ է, իսկ ամբողջ Հայաստանը՝ դրանից դուրս: 

Մհեր Արշակյան

MediaLab.am