Գևորգ Պապոյան. նախկինների դեմ մարտնչող նախկինը

Մհեր Արշակյան

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, թե «պատկերացրեք, թե որոշ վարձու լրագրողներ, վարձու գրչակներ ինչ ոռնոց կբարձրացնեին, եթե պարզվեր, որ ինչ-որ զորամաս է վաճառվում Հայաստանում»: 

Հետո ասում է, որ 2010-ականներին չի բարձրացվել այդ ոռնոցը, որովհետև այդ լրագրողներն ու գրչակները տարբեր դերակատարում ու տարբեր փայեր են ունեցել այդ ամենում: 

Հետո մարդն ասում է՝ մեր զինվորները տնակների ու վրանների մեջ են քնում, որովհետև «զորանոցը ծախել եք, զորանոցը կերել եք»: 

Սա նախկիններին է ասում: Ի դեպ, ճիշտ է ասում: Բայց ակնհայտ մանիպուլյացիա է անում: 

Որովհետև, պարո՛ն Պապոյան, դու զինվորին ծնողից չես վերցնում, որ հանձնես բախտին, դու զինվորին ծնողից վերցնում ես, որ մահանա միայն մարտահրավերներին բախվելիս: 

Այո՛, նախկինների ժամանակ, որոնց, ի դեպ, զուտ կուսակցական պատկանելությամբ անդամակցել է Գևորգ Պապոյանը մինչև հեղափոխությունը, ծառայելն ինքնին մարտահրավեր էր՝ անկախ Ադրբեջանից եկող սպառնալիքներից, բայց հիմա հեղափոխություն եք արել ու 15 զինվորի մահ հեղափոխությունից 5 տարի հետո նաղդում եք նախկինների վրա՞: 

Հա, ծախել են զորամասը: Հա, ղալաթ են արել, պիտի դատվեն, բոլորը, նաև՝ Սեյրան Օհանյանը, որը նախարարի աշխատավարձով Իլոն Մասկի եկամուտին համարժեք դղյակում է  ապրում:  Բայց հեղափոխությունից 5 տարի հետո 15 զինվորի մահը ինչի՞ եք նաղդում նախկինների վրա: 

Բա ինչի՞ նրանց մահվան մասով քրեական գործը հենց էդպես էլ չի կոչվում, այլ հակահրդեհային անվտանգության կանոնների խախտման մասով է հարուցված: 

Չեք ուզում ընդունել, որ 5 տարի ոչինչ չեք արել: Նախկիններն էլ չէին ուզում ընդունել, որ ոչինչ չեն արել: Դրա համար էլ հիմա ոմանք դատվում են, դրա համար էլ Սեյրանի հետևից հիմա են եկել: 

Վաղը, պարո՛ն Պապոյան, ձեր իշխանության հետևից են գալու: Որովհետև նախկինները կերել են զորամասը, թե չեն կերել, ձեր 5 տարվա անելիքի վերաբերյալ հարցերը հնչելու են: 

Չկա՞ր զինվորի գիշերակացի տեղ Ազատ գյուղում, օպերատիվորեն սարքեիք: Նախկինները Երևանն այլանդակելու անշեղ կուրս էին բռնել, դուք նրանցից վատ եք այլանդակում, նախկինները բյուջեի հաշվին գնումներ անելով էին հարստանում, դուք նրանցից բեթար եք հարստանում, նախկինները արտասահմաններ էին գնում կազինո խաղալու համար, դուք արտասահմաններից տուն չեք գալիս:

Նախկինները պետության անունից չէին թալանում, թքած ունեին պետության վրա, դուք ավելի վատն եք, դուք պետության անունից եք թալանում: Հիմա նախկին հանրապետականն ու համատեղությամբ գործող ՔՊ-ականն  (2005-2018 թթ Գևորգ Պապոյանը  եղել է ՀՀԿ անդամ) ասում է, թե մեր զինվորները տնակների ու վրանների մեջ են քնում, որովհետև «զորանոցը ծախել եք, զորանոցը կերել եք»: 

Ընկե՛ր, հլը ասա զինվոր: 

Ասեցի՞ր: 

Քո ասած զինվորի ու Մանվել Գրիգորյանի ասած զինվորի տարբերությունը ո՞րն է: 

Կա՞ տարբերություն: 

Չկա՛: 

Որովհետև երկուսիդ ասած զինվորն էլ անտեր է: Երկուսիդ ասած զինվորի վրա նայում ես, թվում է, թե ամբողջ կյանքը որբ է եղել: 

Գիտե՞ք ինչի: 

Որովհետև երկուսդ էլ գիտեք, որ պաշտպանելու բան չկա, երկուսդ էլ գիտեք, որ փախչելու տեղ կա, եթե վաղը թուրքը հարձակվի: Ու երկուսդ էլ չգիտեք, թե որն է զինվորի ու, ասենք, փախստականի տարբերությունը: 

Դիցուք, երբ Ղարաբաղից փախստական գա, դու նրան կարող ես այդպիսի տան մեջ տեղավորել այն հույսով, որ թող գլուխը դնելու տեղ ունենա, հող ունենա, իրեն մի քիչ անվտանգ զգա, կօգնենք, թե չենք օգնի, ինքն իր տունը կսարքի: 

Բայց զինվորին դու վերցնում ես, որ քո պետությունը պահի, որպեսզի քո իշխանությունն էլ իմաստ ունենա: Դու տանում ու նրան տեղավորում ես եսիմ որտեղ, ընդ որում՝ ոչ մի մայր չի իմանում, որ իր որդու կյանքը հենց այդ պատճառով մազից է կախված, հետո էդ մազն էլ է կտրվում, երեխան կրակից խեղդվում է, մեղքը գցում ես նախկինների վրա: 

Ո՞ւր է էս 5 տարվա մեջ կոնկրետ Ազատի զորամասն ուտելու փաստով քրեական գործը: 

Ո՞ւր է: Ցո՛ւյց տվեք: 

Ասում եք՝ նախկինները կերել են զորամասը: Դուք էլ մայրաքաղաքային գնդի տարածքն եք հանել վաճառքի: Եվ Հայաստանում ո՞ւմ կյանքն է դրանից լավացել, մեկին մատով ցույց տվեք: 

Նախկինների արածից էլ շարքային հայաստանցու կյանքը չէր լավանում: Հիմա էլ Հայաստանում կան Ազատի զորամասի նման խայտառակ զորամասեր: 

Նկարեք տարեք նախկինների տների պատերին շարեք: Ինչի՞ չեք շարում: Որովհետև 5 տարի հետո ամոթ է ասել, որ նախկինների պատճառով են մեր զինվորներն էս օրի: 

Կրկնում եմ՝ Երևանը հանգիստ թողեք, գնացեք զորամասերը խելքի բերեք: 15 զինվորի մահվան պատասխանատուն դո՛ւք եք: Էդ զինվորները ՁԵՐ հրահանգով են էնտեղ քնել, Սեյրան Օհանյանը չի տարել նրանց: Դուք կարող էիք նրանց տանել ու քնեցնել Սեյրան Օհանյանի դղյակում, բայց քնեցրել եք Ազատում: 

Հիմա որ Երևանում ուժգին երկրաշարժ լինի, ու մի քանի տասնյակ հազար մարդ զոհվի փլատակների տակ, կոմունիստների՞ն եք մեղադրելու: Գիտեք, չէ՞, որ դրանք սեյսմակայուն չեն: Ինչի՞ չեք կառուցում նորերը հների փոխարեն: 

Ի դեպ, նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին զինվորը մեկ արկղ պահածո է գողացել զորամասից: Եվ ինչպե՞ս են նրան պատժել: Շատ պարզ՝ սկզբից սպան ծեծել է նրան, ապա կրակել է նրա ոտքին: 

Ի դեպ, Արսենյանի որդու հանդեպ հարուցված քրեական գործը կարճվել է: Նկատեք՝ Արսենյանի՝ ՔՊ-ի օգտին կրակոտ ելույթից հետո: Ոչ թե դրանից մի օր առաջ: Այլ մի օր հետո: Կասեք՝ նախկինների ձեռագիրն է: Բայց ձեր օրոք է: Ուրեմն անողները ոչ մի տարբերություն չեն տեսնում, չէ՞: 

Մհեր Արշակյան

MediaLab.am