«Քոչարյանի պաշտպանի հայտարարությունը խոսում է դավաճանության մասին». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

– Պարո՛ն Բադասյան, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ ազատագրված տարածքները չեն կարող համարվել Արցախի Հանրապետության մաս, ապրիորի, ուստի այդ տարածքից 2008 թ. մարտի 1-ին Երևան բերված ուժերը չեն կարող լինել Արցախի Հանրապետության զինված ուժեր։ Այս հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում։ 

– Քոչարյանի պաշտպանի հայտարարությունը խոսում է դավաճանության մասին, այլ մեկնաբանություն չի կարող լինել։ Եթե խորը մեկնաբանենք, դա նշանակում է՝ ամեն քայլի դիմել, նույնիսկ ազգի ճակատագիրը, ամենանվիրական արժեքները զոհաբերել հանուն իրեն արդարացնելու։ Դա, իհարկե, ոչ մի կապ չունի իրականության հետ։ 

– Ստացվում է, որ այս հայտարարությամբ, ըստ էության, Քոչարյանի փաստաբանները չեն ժխտում Արցախի զինված ուժերի մասնակցությունը մարտի 1-ի գործողություններին։ 

– Չեն ժխտում, բայց նաև ասում են՝ ազատագրված տարածքները մերը չեն, թող թուրքերը վերցնեն, ի՞նչ կլինի որ։ Դրա համար էլ ծնվել են մադրիդյան սկզբունքները, փուլային տարբերակը։ Դա տերպետրոսյանական, ՀՀՇ-ական քարոզչությունն է, որ շարունակվել է մինչև Սերժ Սարգսյանը։ 

Մադրիդյան սկզբունքները ծնվել են Լիսաբոնից, Քի Վեսթից, իսկ Քի Վեսթի սկիզբը դրել է Ռոբերտ Քոչարյանը։ Տեսեք՝ Սերժ Սարգսյանը, դեռ պաշտպանության նախարար եղած ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, հայտարարել է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Դրանից երեք տարի անց մեր գիտնականները՝ ի դեմս Համլետ Պետրոսյանի, Աղդամի մոտ գտան պատմական Տիգրանակերտ քաղաքը, որը ծածկված էր հողի տակ։ 

Դա ևս մեկ ապացույց է ի լուր ամբողջ աշխարհի, որ դա մեր պատմական հայրենիքն է։ Այդ մարդիկ հայեցի դաստիարակված չեն, հայեցի կրթված չեն, հայեցի մեծացած չեն և պատրաստ են ամեն քայլի դիմել իրենց կաշին փրկելու համար։ Ազատագրված տարածքները միանշանակ մեր հայրենիքն են, մեր պատմական տարածքներն են։ Դրանք առաջացել են պատերազմի արդյունքում, և սահմանները գծվել են մեր հայ զինվորի արյան գնով։ 

Այդ հողը սուրբ է, նվիրական է, և ոչ ոք իրավունք չունի դրանք սակարկման առարկա դարձնել։ Եթե որևէ մեկը նման փորձ անի, ես պարտավորություն եմ զգում նման մարդկանց վրա ընդհուպ զենք բարձրացնել։ 

– Խուդոյանը հայտարարել է, թե չգիտի՝ իր պաշտպանյալ Քոչարյանն իր պե՞ս է մտածում թե՞ ոչ։ Դուք կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանն ազատագրված տարածքների մասին մտածում է այնպես, ինչպես իր պաշտպա՞նը։ 

– Այո՛, ես միշտ էլ կարծել եմ, որ նա այդպես է մտածում, որովհետև եթե այդպես չմտածեր, չէր հանգի արցախյան հարցի սխալ լուծման։ Ո՞րն է դա. դա 1994 թվականից սկսած Բիշքեկում պայմանագրի ստորագրումն է, երբ այստեղից ինքն էր պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին, ինչպես նաև 1997-1998 թվականներից հետո Քի Վեսթի, Լիսաբոնի զարգացումները, ապա նաև մադրիդյան սկզբունքները։ Սա նշանակում է, որ իրենք միշտ էլ այդ տարածքները փորձել են դարձնել սակարկման առարկա։ 

– Ընդհանրապես, ինչպես եք գնահատում «Մարտի 1-ի» գործի շուրջ զարգացումները։ Ձեր կարծիքով, այս գործը, ի վերջո, բացահայտվելո՞ւ է։

– «Մարտի 1-ի» գործն արդեն բացահայտված է, մնում է միայն քննիչները գնահատական տան և ուղարկեն դատարան։ 

– Զինծառայող Արայիկ Ղազարյանը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի ձեռքում։ Մի մասն ասում է՝ սպայի հետ է կոնֆլիկտ ունեցել։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը, և ի՞նչ է ձեզ հայտնի։

– Ընդհանուր առմամբ՝ խիստ հակասական է մոտեցումը։ Եթե մեր զինվորին առևանգել են, ապա պետք է պատասխանատվության կանչել նրա ծառայակիցներին, նրան վերահսկողներին, քանի որ հիմա ողջ տարածքը վերահսկվում է։ Իսկ եթե նա կամավոր է գնացել, դա ևս դատապարտելի է։ Եկեք դեռ չշտապենք գնահատականներ տալ, մինչև քննությունը վերջնական կպարզի իրականությունը։ 

– Արդյոք նման դեպքերը ցույց չե՞ն տալիս, որ բանակի ներսում խնդիրներ կան։

– Ես չեմ կարծում, թե հիմա բանակի ներսում կան այնպիսի բարքեր, որ կարելի է թողնել ու հեռանալ։ Կարող են ծառայակից ընկերները մեկը մյուսին վիրավորանք հասցնել, բայց դա չպետք է հանգի նրան, որ որևէ զինվոր, որի 18 տարին լրացած է, ինքն իրեն թույլ տա լքելու դիրքերը։ Չեմ ուզում այդպես լինի, բայց նաև չեմ ուզում, որ մյուս տարբերակը լինի։ Ընդհանրապես, դա շատ վատ երևույթ է, սպասենք, տեսնենք, թե ո՛րն է իրականությունը, որից հետո միայն գնահատականներ կտամ։

Մանե Հարությունյան

MediaLab.am