Պահանջում ենք հրատապ կարգով հրավիրել ՀՀ ԱԳՆ եւ բողոքի նոտա հանձնել Երեւանում Բելառուսի դեսպանին․ հայտարարություն

«Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունը․

«Պատմության հեգնանքով Հայաստանի դաշնակիցը համարվող Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական պետական հեռուստաընկերությանը տրված իր հարցազրույցում գովաբանելով այսպես կոչված «միութենական պետության» եւ սեփական երկրի անկախությունը եւ ինքնիշխանությունը թաղելու գաղափարը, հերթական անգամ իրեն թույլ է տվել անպարկեշտ, գռեհիկ եւ անպատասխանատու արտահայտություններ մեր պետության եւ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձեւավորված իշխանության հասցեին, ասելով մասնավորապես, որ «Հայաստանը ոչ մեկին պետք չէ»։

Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք հրատապ կարգով հրավիրել ՀՀ ԱԳՆ եւ բողոքի նոտա հանձնել Երեւանում Բելառուսի դեսպանին, զգուշացնելով նման ցինիկ պահվածքի անընդունելիության եւ անթույլատրելիության մասին։


Իսկ Եվրոպայի կենտրոնում գտնվող ազատասեր Բելառուսը բանտի վերածած, սեփական ժողովրդից սարսափած եւ օտար ուժերին ապավինած, բարոյական անկման հատակին հասած բռնապետին հարկ ենք համարում տեղեկացնել, որ ռուսական կայսերական պրոպագանդայի էկրանում ավելի պրոպագանդիստ եւ ավելի կայսերապաշտ երեւալու մարմաջի բերումով գռեհկաբանության սահմաններն անցնելը չի կարող ուժեղացնել այն կեղծ փաստարկները, որոնցով նա ցանկանում է կերակրել ոչ միայն սեփական, այլեւ հայ ժողովրդին, որի հետ նա
կապ չունի եւ չի կարող ունենալ։


Ավելին, սեփական ողորմելի իշխանությունը երկարաձգելու մղումով ստորաքարշորեն լծվելով Մոսկվայի նեոկայսերապաշտական շրջանակների սայլին, սվինների վրա նստած Բելառուսի ինքնակոչ նախագահը ցանկանում է խեղաթյուրել իրականությունը, ներկայացնելով իր կողմից սպասարկվող՝ «միութենական պետության» կեղծ գաղափարն իբր որպես լայն ժողովրդականություն վայելող ոչ միայն իր երկրում, այլեւ ողջ հետխորհրդային տարածքում։


Մինչդեռ իրականությունը տրամագծորեն հակառակն է՝ թե՛ Բելառուսի, թե՛ Հայաստանի, թե՛ առանց բացառության բոլոր հետխորհրդային երկրների պարագայում։ Ուստի բանականության կողմից դավաճանված եւ իրականության զգացումը կորցրած բռնապետին խորհուրդ ենք տալիս սեփական անպետքությունը չբարդել Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի վրա։


Տեղի ունեցածը եւս մեկ անգամ վկայում է, թե արժեքային, աշխարհահայացքային առումով որքա՜ն խորը անդունդ է բաժանում իր Ազատությունը եւ Անկախությունը բարձրագույն, անսակարկելի արժեք համարող հայ ժողովրդին եւ իր պետականությանն այս՝ ինքնակոչ ղեկավարների կողմից էկրաններից հորդող քարանձավային հետամնացությունից եւ տգիտությունից, ցինիզմից եւ անբարոյականությունից։

Սա եւս մեկ՝ կարեւոր առիթ պետք է հանդիսանա, որպեսզի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գույքագրի իր ռազմավարական հաշվարկները եւ դրանցից բխող իրավապայմանագրային հարաբերությունները միջնադարյան հորդայի եւ սովետի առավել հոռի բարքերով եւ պատկերացումներով առաջնորդվող այնպիսի ռեժիմների հետ, ինչպիսին է Պատմության աղբանոցի ճանապարհի վերջնամասին մոտեցող՝ Լուկաշենկոյի ժամանակավրեպ ռեժիմը»։