«Ավելի լավ է ինձ գաղտնալսեին, քան այսկերպ վերահսկեին, սա շատ բացահայտումներ է անում մարդու կյանքից». Սամվել Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը

Պարո՛ն Մարտիրոսյան, հեռախոսների միջոցով մարդկանց տեղորոշման մասին օրենքի ընդունումը բուռն քննադատությունների է արժանանում, դրա հետ կապված մի շարք մտահոգություններ կան։ Դուք ի՞նչ խնդիրներ եք տեսնում այս օրենքի գործարկման դեպքում։

– Այս խնդիրը մի քանի շերտ ունի։ Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, և արդեն հասկանալի է, որ մեր որոշ իրավունքներ կասեցվում են կամ սահմանափակվում՝ ելնելով իրավիճակից, որի ծանրությունը բոլորը հասկանում են։ 

Բայց խնդիրն այն է, որ առաջինը՝ պետք է լինեն համաչափ գործողություններ, երկրորդ՝ վերահսկելի։ Համաչափության խնդիրն այն է, որ իշխանությունները մանրամասն չեն նկարագրում, թե ինչ է լինելու։ 

Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ դա համակարգ է, որը մարդկանց հետևելու է, եթե ինչ-որ մեկը վարակվել է, անմիջապես հայտնաբերելու են։ Բայց շատ մեծ հարց է, թե արդյոք հեռախոսազանգերն իսկապես տալի՞ս են այդ հնարավորությունը։ 

Իհարկե, ուզում եմ հատուկ նշել, որ զանգերի բովանդակության մասին չէ խոսքը, այլ այն տվյալների, թե ով ում է զանգել, և ինչքան է եղել զանգի տևողությունը։ 

Երկրորդ խնդիրն այն է, որ թափանցիկ չէ, թե համակարգն ով է վերահսկում, արդյոք ստեղծողը վերահսկո՞ւմ է, թե՞ ոչ, որովհետև հասկանալի է, որ պետական միջոցներով չի ստեղծվել։ Հատուկ նշվում է, որ պետական միջոցներից զրո դրամ է ծախսվել, դա նվեր է և այլն։

– Այսինքն՝ հնարավոր է արտերկրից ինչ-որ կազմակերպությո՞ւն է վերահսկելու։

– Իմ տվյալներով՝ դրսից չեն, հայկական են։ Բայց եթե խոսքը երրորդ կողմի ներգրավվածության մասին է, ապա պետք է շատ հստակ կարգավորվի, թե այդ տվյալներն ո՛ւմ են հասնալի, ո՛րն է այն մարմինը, որը հստակ վերահսկում է, ո՛ւմ հասանելի չեն այդ տվյալները։ 

Դա կարևոր է, որովհետև մենք խոսում ենք տոտալ վերահսկողության մասին։ Այսինքն՝ խոսքը մեկ կամ 20 մարդու վերահսկելու մասին չէ։ Եվ բոլորի համար հասկանալի է, որ այս վերահսկողությունը երկու շաբաթ չի տևելու, ամիսներ է տևելու։

Եվ այստեղ կարևոր է, որ լինի հստակ հանրային վերահսկողություն։ Օրինակ՝ Ազգային ժողովում հանձնաժողով պետք է լինի, որում կներգրավվեն նաև ընդդիմադիր պատգամավորներ։ Պետք է նաև լինեն մասնագետներ, որովհետև կարող են լինել հարցեր, որոնք պատգամավորները կարող են չհասկանալ։ Պետք է հանրությունը համոզված լինի, որ այդ տվյալները չեն օգտագործվում երրորդ կողմից, չեն օգտագործվում պետական մարմինների կողմից այլ նպատակներով։ Ես ձեզ պարզ օրինակ բերեմ որպես լրագրողի՝ ցանկացած դեպքում շատ հեշտ կարող են ձեր բոլոր արխիվները բացահայտել, որոնք պահպանվում ու պաշտպանվում են օրենքով։

– Օրենքի հեղինակներն ասում են՝ մարդկանց չեն գաղտնալսելու, այդ տվյալներն այլ նպատակով չեն օգտագործվելու, արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո ոչնչացվելու են։ Այսինքն՝ նրանց բանավոր հավաստիացումները բավարա՞ր չեն։

– Երբ ասում են՝ չեն գաղտնալսելու հեռախոսային խոսակցություները, ավելի լավ է ինձ գաղտնալսեին, քան այսկերպ վերահսկեին։ Եթե ինքն ունի տվյալներ, թե ես որտեղ եմ եղել, ով է այդ պահին այդտեղ եղել, ում եմ զանգել, շատ բացահայտումներ է անում մարդու կյանքից։ Եթե անգամ այս կարանտինը թեթևացվի դրա միջոցով, պարզ օրինակ բերեմ՝ բոլորի սիրուհիների հասցեները կարելի է իմանալ։

Ինչ վերաբերում է տվյալների ոչնչացմանը, այդ մասին պետք է ապացույցներ լինեն, որ կրկնօրինակ չի ստեղծվել։ Պետք է հանրությունը նաև համոզված լինի, որ այդ ամենը շատ լավ պաշտպանված է։ Եթե հանկարծ այդ ծավալի տվյալների արտահոսք լինի, դրանք ընկնեն արտաքին ուժերի ձեռքը… 

Պարզ օրինակ բերեմ՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետախուզության համար սրանք իդեալական տվյալներ են՝ զինվորականներին, ԱԱԾ աշխատողներին բացահայտելու համար և այլն։

– Արդեն կա տեղեկություն, որ մարդիկ այս օրերին սկսում են ավելի շատ օգտվել Signal համակարգից, Whats App-ում, Viber-ում են գրանցվում՝ փորձելով վերահսկողությունից դուրս մնալ։ Տվյալներ ունե՞ք, թե ինչ է կատարվում այս օրերին։

– Ես կարող եմ դատել իմ հեռախոսում գրանցված կոնտակտներից և կարող եմ ասել, որ բավական լուրջ ներհոսք կա դեպի Signal: 

Բայց մարդիկ այդկերպ ինչ-որ չափով կարող են պաշտպանվել, որովհետև, միևնույն է, իրենց տեղանքը ֆիքսվելու է։ Իրականում այս համակարգը ստեղծված է ոչ թե նրա համար, որ պաշտպանվես նրանից, այլ որ ինքը քեզ պաշտպանի։ Բայց խնդիրն այն է, որ այդ տվյալները չօգտագործվեն այլ նպատակներով ու այլ կազմակերպությունների կողմից։

Պետք է հստակ հասկանալ, որ եթե նույնիսկ պետությունն է հավաքում այդ տվյալները, պետք է հստակ լինի այն շրջանակը, որոնք իրավունք ունեն տիրապետել այդ տվյալներին։ Եվ պետք է արգելվի, որ այլ կառույցներ մուտք ունենան այդ տվյալների բազա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am