Ադրբեջանը շատ ավելի լավ է իրացնում իր շահերը Ռուսաստանի շահերի տիրույթում, քան Հայաստանը․ Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

 Աշխատանքային այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 11-ին հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք ասուլիսի ժամանակ երկու կողմի հնչեցրած հայտարարությունները։

– Լավրովի այցն առաջին հերթին ուներ ռուս-ադրբեջանական հարաբերությունների պարզաբանման նպատակ։ Թե՛ արտգործնախարարի, թե՛ նախագահ Ալիևի հետ հանդիպումն ուներ եվրասիական տարածքում ինտեգրման, Ադրբեջանը և Հայաստանը ռուսական շահերի կիզակետում դիտելու տրամաբանություն։ 

Ասուլիսի ժամանակ հնչող հարցերն առաջին հայացքից թեև ունեին հատվածային նշանակություն, սակայն պատասխանները, կարծես թե, ամփոփվում էին ռուսական շահերի ընդհանուր տրամաբանության մեջ։ 

Մասնավորապես՝ հենց գերիների վերադարձի և ականապատված տարածքների քարտեզների հետ կապված հարցերը, որոնք քննարկել են կողմերը։ Լավրովի խոսքից հասկանալի է, որ առաջին պլան է մղվում տարածաշրջանում համատեղ գործընթացների, տնտեսական ընդհանուր ենթակառուցվածքների և ռուսական աշխարհաքաղաքական այլ շահերի հարցը։ 

Պետք է նշել, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը Ռուսաստանի համար ունի հեռագնա նպատակներ, որոնց մասին արդեն խոսեցի։ Այդ է պատճառը, որ Լավրովը և, ռուսական կողմն ընդհանրապես, անընդհատ շեշտում է այդ կետերի պարտադիր կատարումը կողմերի կողմից։ 

– Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, թե բոլոր  հայ ռազմագերիներին իրենք վերադարձրել են, և հայկական կողմին մեղադրել է ռևանշիստական քայլերի դիմելու համար։ Նման հայտարարությունից հետո Հայաստանը ի՞նչ երաշխիք ունենա, որ Ադրբեջանը կվերադարձնի ռազմագերիներին։

– Հասկանալի է, որ Ադրբեջանը պետք է փորձի Ռուսաստանի շահերի տիրույթում հնարավորինս ավելի շատ իրացնել իր շահերը։ Ցավոք, Ադրբեջանին դա ավելի է հաջողվում, քան Հայաստանին։ Դա չի պայմանավորվում միայն պատերազմում կրած մեր պարտությամբ, այլ ներքաղաքական վիճակով, իսկ Ադրբեջանում ներքաղաքական կյանքն ավելի կայուն է, քան մեզանում։ 

Ադրբեջանի ԱԳ նախարարը փորձում է Լավրովի այցի նպատակների իրականացման համար հնարավորինս ավելի բարձր գին ստանալ, որի շրջանակներում էլ կարելի է բացատրել Բայրամովի արած այդ պնդումները։ Ադրբեջանը փորձում է այդ բարձր գինը ստանալ Հայաստանից, իսկ այս պարագայում, իհարկե, Հայաստանի շահերն են ոտնահարվում։ Այս պարագայում Հայաստանը մեկ բան ունի անելու՝ հնարավորինս այլ դերակատարներ ներառել այս գործընթացներում։

– Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե հայկական կողմը պատրաստ է տրամադրելու Լեռնային Ղարաբաղի ականապատված տարածքների քարտեզները՝ մարդասիրական խնդիրների լուծման նպատակով։ Ադրբեջանի նման հայտարարությունների ֆոնին պե՞տք է հայկական կողմը տրամադրի այդ քարտեզները, թե՞ պետք է, ասենք, ռազմագերիների վերադարձի նախապայմանն առաջադրի։

– Հայկական կողմը միայն այդ գործիքը չէ, որ կարող է օգտագործել ռազմագերիների վերադարձի համար, կան նաև ենթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանի ապաշրջափակման հարցերը։ 

Հայկական կողմի միակ խնդիրը սեփական շահերի համակարգը կազմելն ու այն առաջ մղելն ու իրականացնելն է։ Հարցն այստեղ տալ-չտալը չէ, հայկական կողմը պետք է օգտագործի ցանկացած առիթ՝ Ռուսաստանին ու Ադրբեջանին ճնշելու համար։ 

Ցավոք սրտի, Հայաստանն ավելի վերապահումով և իր ուժերին չհավատալով է վերաբերվում բոլոր այն հնարավորություններին, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում ճնշում գործադրելու համար։ 

Հայաստանը Ռուսաստանի վրա ճնշում կարող է գործադրել նույն այն գործիքներով, որոնք օգտագործում է Ադրբեջանը՝ եվրասիական ծրագրերում, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ձևաչափի առումով։ 

Պատերազմից հետո մեր դիվանագիտության մոտ տրամադրության և վճռականության անկում կա, որից էլ օգտվում են թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am