4,1 միլիոն դոլար է հանգանակվել ՔՈԱՖ-ի գալա երեկոյին

4,1 միլիոն դոլար է հանգանակվել ՔՈԱՖ-ի գալա երեկոյին
4,1 միլիոն դոլար է հանգանակվել ՔՈԱՖ-ի գալա երեկոյին

Նյու Յորք, 21․12․2018 թ․ – Նյու Յորքի սրտում հայկական դրոշն էր ծածանվում, իսկ 400-ից ավելի հյուրեր շտապում էին Չիպրիանի սրահ՝ մասնակցելու «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) 15-րդ գալա երեկոյին։ Բարեգործական ընթրիքի նպատակն էր դրամահավաք իրականացնել կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական նորարարական ծրագրերի համար, որոնք իրականացվում են Հայաստանի գյուղական համայնքներում։

2018 թվականի Գալա երեկոյին հանգանակվեց 4,1 միլիոն ԱՄՆ դոլար։ Այն ծառայելու է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի համալրմանը և հասանելի է լինելու Լոռու մարզի շուրջ 150 հազար բնակչին։  

«Տպավորիչ երեկո էր, ու մենք անսահման ոգևորված ենք Սփյուռքի ու մեր գլոբալ ընտանիքի աջակցությամբ, մարդկանց, ովքեր 15 տարի շարունակ խորապես հավատացել ու նվիրաբերել են ՔՈԱՖ-ի առաքելությանը,- ասաց ՔՈԱՖ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն դոկտոր Գարո Արմենը։- Դա մեզ թույլ է տալիս ընդլայնել մեր գործունեությունը՝ ծառայելով արդեն 100 համայնքների 150,000 բնակչի։ Ավելին, այս ապրիլին տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունն առավել ցայտուն է ընդգծում ՔՈԱՖ-ի հիմնարար արժեքները՝ ժողովրդավարություն և ազատություն սերմանելով, որ քաղաքացին ինքը սահմանի իր ապագան»։

Երեկոյի նշանակալի մի մասը կենդանի աճուրդն էր՝ գալա-երեկոյի պատվավոր նախագահ, հռչակավոր արվեստագետ Թոնի Շաֆրազիի գլխավորությամբ։

Երեկոն այս տարի ևս վարում էր ՔՈԱՖ-ի դեսպան, ճանաչված դերասանուհի, էմմի և Թոնի մրցանակների դափնեկիր Անդրեա Մարտինը։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի արվեստի սրահը հենց նրա անունն է կրում։

Հռչահավոր հյուրերից էր Էմմի մրցանակի հավակնորդ Վիկտոր Գարբերը։ Նա ՔՈԱՖ-ի մրցանակակիր է, մի քանի անգամ մասնակցել է Հիմնադրամի գալա դրամահավաք-երեկոների, և հենց նա էր, որ պատիվ ունեցավ հարգանքի տուրք մատուցելու ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին։

ՔՈԱՖ-ի մարդասիրական մրցանակ շնորհվնեց «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանին և նրա լուսահոգի տիկնոջը՝ Քլեր Գրեգորյանին, ով ՔՈԱՖ-ի հիմնադիր խորհրրդի կազմում էր։ Հայաստանի բուհերի 9 ուսանողներ ՔՈԱՖ-ի կողմից արժանացել էին Քլեր Գրեգորյանի անվանական կրթաթոշակի։

Գալա երեկոյի մասնակիցները ունկնդրեցին Արմավիրի մարզի Հացիկ գյուղի ուսանողուհի Մարինա Միրզոյանի ներշնչող ելույթը։ Մարինան ներկայումս փոխանակման ծրագրով ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում է․ անգլերենի գիտելիքներ է ձեռք բերել ՔՈԱՖ-ի ծրագրերի շնորհիվ, որ իրականացվել է հենց իրենց դպրոցում։ Նրա խոսքը վերաբերում էր ինքնավստահությանը, ձախողման վախերը հաղթահարելուն և իր կյանքում ՔՈԱՖ-ի ազդեցությանը։

Գալա-երեկոյի մշակութային հատվածում հանդես եկան Հայաստանից մեկնած դաշնակահար Արմեն Պուչինյանը և սաքսոֆոնահար Արմեն Դաղենցը, ովքեր կատարեցին դասական և հանրաճանաչ գործեր