Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 105-ամյակի առթիվ

Հեղինակ MediaLab

Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,

Այս տարի Հայոց Ցեղասպանության զոհերի տարելիցն անցնում է համավարակի պարտադրած արարողակարգով: Սակայն մեր հարգանքի տուրքը մեր սուրբ նահատակների հիշատակին երբեք չի չափվել միայն Եղեռնի հուշահամալիր կամ Հայոց Ցեղասպանության այլ հուշարձաններ այցելությամբ:

Մենք հիշում ենք մեր զոհերին մշտապես ու ամենուր՝ աշխարհում ուր էլ որ լինենք, աղոթում ենք նրանց համար մեր հոգում և մտքում՝ անուն առ անուն: Հիշողությունն ու կորստի ցավը՝ միահյուսված ապրելո՛վ հաղթելու ու արդարության հաղթանակին հասնելու մեր կամքի հետ, ուղեկցում են մեզ արդեն 105 տարի:

Այո, ավելի քան մեկ դար է անցել Հայոց ցեղասպանությունից, հայ ժողովրդի հայրենազրկումից և ունեզրկումից: Սակայն համայն հայ ժողովուրդը դեռևս սպասում է ճշմարտության հաղթանակին և արդարության հաստատմանը:

Պատմաբանները և վերլուծաբանները, ժամանակի պետական և քաղաքական գործիչներն առաջին աշխարհամարտից հետո հաստատված համաշխարհային կարգի ամենամեծ անարդարություններից մեկը համարում են հայ ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսումը:

1.5 մլն մարդկային կյանքերի կորուստն էապես ազդել է հայ ժողովրդի հետագա վերարտադրման վրա. այսօր պետք է լինեինք ոչ թե 10-12 մլն, այլ առնվազն դրա կրկնակին:

Ցեղասպանության ճանաչման հարցը, որ հայերը բարձրացնում են միջազգային հանրության և Թուրքիայի առջև, մի քանի բաղադրիչ ունի՝ hիշողության պարտք, նման ոճրի կրկնության բացառում և դատապարտում, Ցեղասպանության հետևանքների վերացում:

Անընդունելի է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի դիտարկումն Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից:

Այդ մոտեցմամբ աշխարհն առաջ չի գնա:

Մենք չենք կարող մի կողմից հայտարարել մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության, հակասեմականության, ժխտողականության և այլ համամարդկային չարիքների դեմ համատեղ պայքարի մասին, մյուս կողմից Հայոց ցեղասպանության հարցով «դիվանագիտություն բանեցնել» Թուրքիայի հետ:

Շատ պետություններ, որոնք մեծ շահեր ունեն Թուրքիայի հետ, հաղթահարել են այդ պատնեշը, և պետք է արժանին մատուցել նրանց:

Երախտապարտ ենք նրանց, ինչպես նաև այն երկրներին, որոնք ցեղասպանությունից հետո իրենց դռները բացել և ապաստան են տվել այդ արհավիրքից փրկվածներին:

Երախտապարտ ենք մարդասիրական կազմակերպություններին, միսիոներներին, դիվանագետներին և այն ժողովուրդներին ու անհատներին, որոնք դաժան այդ օրերին օգնության ձեռք մեկնեցին ու փրկեցին շատերին:

Անընդունելի է Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների դիրքորոշումը, որը խուսափել և խուսափում է ցեղասպանության ճանաչումից և պետական մակարդակով առաջ տանում ժխտողականության քաղաքականությունը:

Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումը անվտանգության երաշխիք են Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար:

Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը և չենք կարող հաշտվել դրա հետևանքների հետ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ցավագին հիշատակից բացի պետք է խոսել այդ տարիներին մեր ժողովրդի ցուցաբերած ոգու տոկունության և հերոսության մասին նույնպես:

Ցեղասպանությունը նաև հայ ժողովրդի գոյատևման ու մաքառումի պատմություն է, մարդկային ոգու ու կամքի պայքարի պատմություն։ Դա պայքար էր կյանքի համար: Պայքար ինքնության պահպանման համար, պայքար ազգի հիշողությունը չկորցնելու և սերունդներին փոխանցելու իրավունքի ու հնարավորության համար։

Ցեղասպանությունը նաև մարդկային ամենօրյա հերոսության պատմություն է, երբ ապրելն ու գոյատևելը արդեն իսկ պայքար էր։ Մենք մաքառել ենք, տոկացել ու հերոսացել։

Մենք կարողացանք հաղթել մահին, մենք վերապրեցինք և վերածնվեցինք: Այսօրվա անկախ Հայաստանի գոյությունն, ազատ Արցախն, ինչպես նաև կազմակերպված ու հաջողակ Սփյուռքը դրա ապացույցն են և նոր հնարավորություն մեզ համար:

Հնարավորություն՝ համախմբվելու որպես ազգ և ժողովուրդ, մեկտեղելու մեր ջանքերն ու կարողությունները և հասնելու մեր ազգային իղձերի իրականացմանը:

Ես հավատում եմ դրան:

Հիշում եմ և պահանջում։

Աստված պահապան հայ ժողովրդին։