Բաքուն շիրակցի 14 ռազմագերիներին կարող է դատապարտել մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկման․ Factor.am

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աֆղան Հաջիևը շիրակցի 14 ռազմագերիների շինծու քրեական գործով երկրորդ դատական նիստում հայտարարել է, որ եթե նրանց առաջադրված մեղադրանքը հաստատվի, ապա հայ ռազմագերիները կարող են դատապարտվել 14-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, գրում է Factor.am-ը։

Հիշեցնենք՝ Բաքուն նրանց մեղադրում է ահաբեկչության ու այլ հանցագործություններ կատարելու մեջ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ հայ ռազմագերիները, իբր, ապօրինի կերպով զենք ու զինամթերք են ձեռք բերել՝ ստեղծելով անօրինական զինված խմբեր, և անցյալ տարի նոյեմբերի 26-27-ը, իբր, անօրինական կերպով հատելով Ադրբեջանի պետական սահմանը՝ հաստատվել են Հադրութի շրջանում։ Հայ գերիներին Ադրբեջանը մեղադրում է այդ տարածքներում ահաբեկչական գործողությունների իրականացման, առանձին անձանց վրա հարձակումների, պայթյունների, հրդեհների ու ահաբեկչական այլ գործողություններ իրականացնելու մեջ։

Նշենք, որ 14 շիրակցի գերիների առաջին դատական նիստը տեղի էր ունեցել հունիսի 16-ին։ 13 գերիների մի խմբի դատավարությունն էլ տեղի էր ունեցել հունիսի 21-ին, ևս 13-ինը՝ հունիսի 22-ին։

Բաքուն նախ շինծու քրեական գործ էր հարուցել 14 շիրակցի գերիների, ապա՝ ևս 13-ի նկատմամբ։ Այնուհետև Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ ևս 26 շիրակցի ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտել ու գործերն ուղարկել են դատարան։

Հիշեցնենք, որ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայողներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ 9 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5 գերի, որոնցից 3-ը՝ Գյումրիից։ Եվս մի խումբ՝ 3 ռազմագերի, Հայաստան վերադարձավ մայիսի 4-ին․ նրանցից մեկը Շիրակի մարզից է։ Հունիսի 12-ին էլ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 15 ռազմագերու, որոնց մեջ շիրակցիներ չկային։