«Ընդհանուր վիճակը հուսադրող չէ, որովհետև անընդհատ հնչող կրակոցները կարող են նորից մարդկանց ստիպել լքել իրենց տները». Գեղամասարի նախկին ղեկավար

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար, համայնքի բնակիչ Հակոբ Ավետյանը

 – Պարո՛ն Ավետյան, համայնքում այժմ ի՞նչ իրավիճակ է, ու ադրբեջանական վերջին հարձակումից հետո ի՞նչ փոփոխություններ են եղել:

– Սեպտեմբերի 13-ից հետո նորմալ վիճակ չկա այլևս, որովհետև որոշ դիրքերում թշնամին նորից առաջ եկավ, գյուղից արդեն տեսանելի են թուրքերի դիրքերը, ինչը մարդկանց մոտ լուրջ անհանգստություն է առաջացնում: Բացի այս, ամեն օր կրակոցներ կան, իսկ դրանց ներքո ոչ ոք չի կարող հանգիստ լինել, առավելևս, որ երեխաները գյուղում են: Հիմնական մասը երեխաներին տարհանեց, Սոթքն ամբողջությամբ էր տարհանվել, գիտեք, հիմա երևի երեխաների մի 30 տոկոսն է վերադարձել Սոթք, իսկ մյուս գյուղերում, որտեղ ռմբակոծություն չի եղել, այնտեղ երեխաներն ավելի շատ են:

Բայց ընդհանուր վիճակը հուսադրող չէ, որովհետև անընդհատ հնչող կրակոցները կարող են նորից մարդկանց ստիպել լքել իրենց տները: Ինքս նպաստում եմ, որ մարդիկ վերադառնան, բայց մարդկանց հետ երաշխիքներով չենք կարողանում խոսել, իսկ երբ հարցը վերաբերում է երեխաներին, քննարկման ենթակա չէ: Այս գիշեր էլ նորից կրակոցներ եղել են, դա արդեն սովորական է դարձել:

Հիմնականում գիշե՞րն են կրակում ու միայն սահմանի՞ն, թե՞ գյուղերի ուղղությամբ էլ են կրակում:

 – Չէ՛, ֆիքսված ժամ չկա, տարբեր ժամերի կրակում են, ու այդ ձայները պարզ լսելի են, այնքան պարզ է լսվում, որ մարդիկ քնած տեղից զարթնում են: Գյուղերի ուղղությամբ չեն կրակում, հիմնականում սահմանին են կրակոցները:

Իսկ սեպտեմբերի 13-14-ի պատերազմի հետևանքով կրած վնասների վերականգնման մասով ինչոր բան արվե՞լ է:

– Պետությունը քայլեր արել է. հատուցումներ եղել են, մարդիկ արդեն ավերածությունները վերականգնում են, բայց դա միայն թեթև վնասված տների մասով, իսկ մյուսները նախատեսված է վերանորոգել հաջորդ տարի, իսկ մինչև հաջորդ տարի՝ տեսնենք ինչ զարգացումներ կլինեն:

Երեկ ՊՆն հայտարարեց, որ «Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժի ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն»: Նկատի ունենալով սա ու ադրբեջանական կողմի գործողությունները, պարո՛ն Ավետյան, ձեր դիտարկմամբ՝ պատերազմի ռեալ վտանգի մասի՞ն է խոսքը, թե՞ ադրբեջանական կողմը փորձում է այդ կերպ ճնշել հայկական կողմին:

– Եթե կան կուտակումներ, իսկ դրանք կան՝ աննպատակ չեն, ուրեմն դա ինչ-որ նպատակի համար է արվում: Այդքան քանակը ոչ թե դիրքերը պահելու համար են, այլ, հասկանալի է, որ իրենք ինչ-որ գործողության են պատրաստվում: Իսկ գործողությունները, դատելով Ալիևի հայտարարություններից, պարզ է՝ իրենք տարածք են ուզում ու միշտ սպառնում են՝ եթե խաղաղ պայմաններով չտվեցիք, կանենք նույնը, ինչ 44-օրյային ու դրանից հետո: Նշանակում է՝ այդ նույն վտանգը կա, այդ կուտակումները մի օր կարող են վերածվել գործողության:

Այսինքն՝ պատերազմի շատ մեծ վտանգ մենք տեսնում ենք, ու երեխաներին այստեղ պահելը շատ մեծ ռիսկ է պարունակում, բայց պահում ենք, հույսով ապրում ենք, բայց պատերազմը կարող է նորից կրկնվել, ու այս անգամվա նման հնարավոր չլինի հրաշքով փրկվել:

Վաղվա օրվա վրա ոչ մի հույս չկա, ամեն օր վախը սրտներումս է, մարդիկ վախենում են նույնիսկ ցանքսերն անել, տեսեք՝ աշնանացանի ժամանակն է, բայց շատերը հրաժարվում են ցորեն ցանելուց, որովհետև չգիտեն՝ աշնանը այդ հողն իրե՞նցը կլինի, թե՞ ոչ:

Իշխանությունը խոսում է խաղաղության պայմանագրի կնքման մասին, ԵՄ դիտորդական առաքելություն պետք է տեղակայվի սահմաններին, համայնքում այս մասին ի՞նչ են մտածում, հույս ունե՞ք, որ թե՛ այդ առաքելությունը, թե՛ այդ պայմանագիրը կճնշեն ադրբեջանական ագրեսիան:

– Շատ մեծ հույսեր չունենք, որովհետև դրանք շատ թույլ նշանակություն ունեցող բաներ են: Ալիևն ինքն է հայտարարել, որ իրեն հետաքրքիր չէ միջազգային ատյանների խոսքը, իր կոնկրետ պահանջները չկատարելու դեպքում կդիմի կոնկրետ գործողությունների: Ընդունենք՝ գիշերը կրակոցներ եղան, ռմբակոծություն եղավ, այդ առաքելությունն ի՞նչ պետք է անի, ասենք այդ մասին հայտարարություն արեցին, խոսեցին, դա մեզ համար ոչինչ չի փոխում, չի կանխելու մարդկային կորուստները: Անվտանգային առումով ես որևէ հույս չեմ կապում իրենց հետ:

Ձեր խոսքում նշեցիք, որ ադրբեջանցիները դիրքային առաջխաղացում են ունեցել, նկատի ունեք սեպտեմբերի 13-14-ի՞ առաջխաղացումը, թե՞ դրանից հետո էլ է եղել դիրքային փոփոխություն:

– Չէ՛, սեպտեմբերի 13-14-ին են մեծ առաջխաղացում ունեցել, իսկ դրանից հետո համարյա նույն դիրքերում են: Ամենօրյա կրակոցներն էլ պահպանում են գյուղերում առկա լարվածությունը:

Համայնքում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը ո՞րն են համարում, պարո՛ն Ավետյան:

– Պաշտպանվելու համար միակ ելքը տարածքից դուրս գալն է, բայց ոչ մեկը չի ուզում իր տունը լքել՝ տարբեր պատճառներով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am