COVID-19 ախտորոշմամբ երեխաները, ի տարբերություն նախորդ տարվա, շատ են հոսպիտալացվում. Նունե Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նունե Բաղդասարյանը

– Տիկի՛ն Բաղդասարյան, Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն սեպտեմբերի 7-ին  աճել է 501-ով, բուժվածներինը՝ 398-ով, գրանցվել է մահվան ևս 15 դեպք։ Հայտնի է, որ դելտա շտամը շատ ավելի արագ է տարածվում, վարակվածների մեջ մեծ թիվ են կազմում նաև երեխաները։ Վրաստանում դելտա շտամի հետևանքով երեխաներ են մահանում։ Ինչպիսի՞ն է պատկերը մեզանում։ Արդյոք վերակենդանացման բաժանմունքում ունե՞նք դելտա շտամով վարակված երեխաներ, թե՞ ոչ։

– Եթե խոսքը մեր հիվանդանոցի մասին է, ապա մեր վերակենդանացման բաժանմունքում չունենք երեխաներ, բայց կան բուժհաստատություններ, որտեղ երեխաները բուժվում են։ 

Վերջին երկու ամիսներին ակնհայտ է դարձել, որ շատ են COVID-19 ախտորոշմամբ երեխաները, ի տարբերություն նախորդ տարվա, երբ երեխաներն ավելի քիչ էին հոսպիտալացվում, և հիվանդության ընթացքն ավելի թեթև էր։ 

Ներկայումս կան, իհարկե, դիմակավորված, տարբեր ախտանշանների տակ թաքնված COVID-19-ի դեպքեր։ Այստեղ, իհարկե, բժշկի փորձառությունը և մոտեցումները պետք է մեծ դեր ունենան՝ հասկանալու, որ կարող է գործ ունենք COVID-ի հետ։ 

Օրինակ՝ երեխան կարող է ունենալ սրտխառնոց, փսխում, միայն կոկորդի ցավ կամ միայն քթի փակվածություն, կամ քթից արտադրություն։

– Նախկինում հակաբիոտիկներ էին նշանակում COVID-19-ի բուժման դեպքում։ Երեխաների դեպքում բուժումն ինչպե՞ս է իրականացվում։ 

– Բազմիցս խոսել ենք, որ սա վիրուսային հիվանդություն է, հետևաբար հակաբիոտիկները հակացուցված են և ցանկալի չեն։ Հակաբիոտիկները, այնուամենայնիվ, անվնաս չեն, որովհետև նպաստում են այլ մանրէների գլուխ բարձրանալուն։ Հակաբիոտիկները ոչ ռացիոնալ նշանակելու դեպքում դու հնարավորություն ես տալիս, որ երեխայի և մեծահասակի պաշտպանական հատկությունները ընկճվեն, այսինքն՝ պետք են հակավիրուսային միջոցներ, ոչ թե հակաբակտերիալ: 

Սակայն այն բոլոր դեպքերում, երբ արդեն գլուխ է բարձրացրել երկրորդային բակտերիալ վարակը, իհարկե, բժշկությունն ունի իր կանոնները, որոնց համաձայն արդեն նշանակվում են հակաբակտերիալ միջոցներ: 

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսին է երեխաների բուժումը ի տարբերություն մեծահասակների, պետք է ասեմ, որ մեծահասակների մոտ ընթացքը ծանր է լինում: Նրանք բուժվում են տարբեր փուլերում տարբեր եղանակներով, երեխաների մոտ բուժումը, իհարկե, շատ ավելի աջակցող բուժում է, երբ երեխան ըստ ախտանշանների է բուժվում: Իսկ ծանր դեպքերում, բնականաբար, բուժում ենք այնպես, ինչպես մեծահասակներին, պարզապես երեխաների մոտ ծանր դեպքերն անհամեմատ քիչ են: 

– Բժիշկներն ասում են, որ դելտա շտամն ավելի արագ է տարածվում: Իսկ ինչպիսի՞ն է այդ շտամի ազդեցությունը մահացության, բուժման, նաև մարդու օրգանիզմի վրա թողած ազդեցության տեսանկյունից:

– Դեռ վաղ է այդ հարցերին պատասխանելու համար, թեև մենք անընդհատ ստանում ենք ամենաթարմ գրականությունը: 

Չենք կարող ասել, որ մահացությունն ավելի բարձր է, բայց այն ավելի ագրեսիվ է այն առումով, որ ինկուբացիոն շրջանը շատ կարճ է տևում, և բարձր է վարակելիությունը։ Երկրորդ՝ մտահոգիչ է, որ երիտասարդների և երեխաների ընդգրկվածությունն ավելի մեծ է դելտա շտամի հետ կապված:

 Սա շատ հետաքրքիր է, որովհետև մենք անընդհատ խոսում ենք վիրուսի մասին, բայց մոռանում ենք, որ գործ ունենք իմունային համակարգի առանձնահատկությունների, այսինքն՝ օրգանիզմի պաշտպանական արձագանքի հետ, թե ինչպես այն իրեն կդրսևորի, երբ հանդիպի վիրուսին: 

Մենք երբեք չենք կարող կանխորոշել, թե առողջ մարդկանցից ում մոտ կորոնավիրուսը բարդություն կտա, ում մոտ՝ ոչ: Հետևաբար, շատ կարևոր են մարդու իմունային համակարգի առանձնահատկությունները, և սա մեծ ուսումնասիրության դաշտ է բացում: 

Այսօր երեխաներին և երիտասարդներին կարծեք թե ավելի շատ են ընդգրկում պրոցեսի մեջ։ Գուցե պատճառն այն է, որ մեծահասակների մեծ մասն արդեն հիվանդացել կամ պատվաստվել է, կամ շփումներն են սահմանափակ։ 

Վտանգները և ազդեցությունը օրգանիզմի վրա նույնպես այժմ չենք կարող ասել, վերջնական կարծիք հայտնելու համար վերլուծություն է պահանջվում, բայց չպետք է մոռանանք, որ COVID-ից կան այսպես կոչված մնացորդային երևույթներ։ Սա ասում եմ նաև այն առումով, որ մարդիկ պետք է պատվաստվեն։ 

Այլապես շատերը մտածում են՝ դե, կհիվանդանանք, կլավանանք, բայց այն կարող է ազդեցություն ունենալ սրտամկանի, կենտրոնական նյարդային համակարգի, հոգեկան աշխարհի վրա, առաջացնում է կոգնիտիվ խանգարումներ, ուշադրությունը և սովորելու ունակություններն են շատ խիստ ընկճվում, իսկ երեխաների պարագայում մենք կունենանք նմանատիպ վիճակներ։ Պատահական չէ, որ այսօր աշխարհում 12 տարեկանից բարձր երեխաները նույնպես պատվաստվում են։

– Վիրուսի տարածումը կանխարգելելու միակ ճանապարհն այսօր պատվաստվե՞լն է։

Այո՛, ասել եմ, ասում եմ ու էլի կասեմ, որ պատվաստումն ամենաարդյունավետ և ամենաանվտանգ կանխարգելիչ պայքարն է, քանի որ անհայտ է, թե ինչ ազդեցություն կունենա վիրուսն օրգանիզմի իմունային համակարգի վրա։ Այս բոլորը հարցեր են, որոնք հայտնի կդառնան տասնամյակների ընթացքում։ 

Մարդիկ արդեն 200 տարի է՝ պատվաստվում են, և մենք էլ մեր երեխաներին ծնված օրից պատվաստումների ենք տանում, բայց, չգիտես ինչու, կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստելը մեծ իրարանցում է առաջացնում։ Բայց մեր երկրում, ըստ պատվաստումների թվի, պարզ է, որ կատեգորիկ հրաժարվում են պատվաստումից, և անհասկանալի տագնապ է։

– Ուսումնական տարին մեկնարկել է, վիրուսի տարածման լրջագույն վտանգի առա՞ջ ենք կանգնած։

– Շփումները հավանական են դարձնում, որ վարակվածներ թվի բարձրացում տեղի ունենա, բայց, մյուս կողմից՝ մենք փորձ ունենք կարգապահություն և զգուշություն պահելու առումով: Ենթադրում եմ, որ այն թվերը, որ կային նախորդ տարի նույն ժամանակահատվածում, այլևս չեն լինի։

Մանե Հարությունյան

MediaLab.am