Սկսելով նորից, կյանքը նոր էջից. Ռաֆայել Սերոբյանը

Ռաֆայել Սերոբյանը լավ է հիշում 44-օրյա պատերազմի այն դրվագները, երբ չդադարող պայթյունների տակ մտքում անընդհատ կրկնում էր՝ «ինչ վիրավորում էլ ստանամ, միայն ոտքերս չվնասվեն»։ 

12 տարեկանից ֆուտբոլով զբաղվող Ռաֆայելի կյանքը, սակայն, մեկընդմիշտ փոխվեց պատերազմից հետո, երբ վերջինս նյարդային սուր խանգարումների հետևանքով այլևս չէր կարողանում շարժվել։ Հիշում է՝ այդ շրջանում քայլել կարողանում էր բացառապես ընկերների, տնեցիների օգնությամբ, իսկ երբ հասկացավ, որ արդեն ինքնուրույն քայլում է, ուժերը հավաքելով, կրկին վերադարձավ խաղադաշտ։

«Սկզբում, երբ մտա դաշտ, ոչ ոք չգիտեր, որ չէի քայլում, որովհետև չէի ուզում պատմեի պատերազմի ու խնդրիս մասին, մենակ ասում էի, որ նոր եմ բանակից եկել, ոնց որ իմ պես շատերը։ Բայց երբ եկավ խաղալու ժամանակը, բոլորն արդեն տեսան, որ դժվարանում եմ վազել, ու ստիպված ամեն ինչ պատմեցի։ 

Առաջին մի քանի ամիսը մյուս տղերքի տեմպին չէի հասցնում, չէի կարողանում իրանց պես վազեի, խաղայի, բայց 1-2 ամիս հետո արդեն կարողանում էի մյուսներին հավասար խաղայի»,- «Մեդիալաբին» պատմում է 22-ամյա Ռաֆայելը, որ հանդես է եկել «Ուրարտու», «Ալաշկերտ-2» ֆուտբոլային ակումբներում, ինչպես նաև՝ Հայաստանի առաջնության առաջին խմբում։

Ռաֆայելը մեկուկես ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց։ Բանակ է զորակոչվել 2020 թվականի օգոստոսին՝ ծառայության անցնելով սկզբում Ասկերանի շրջանում, ապա Ստեփանակերտում, իսկ ռազմական գործողությունների մասնակցել է Ասկերանում և Մատաղիսում, որտեղ էլ, ձեռք բերելով նյարդային սուր խանգարումներ, հետագայում սկսել է չքայլել։

«Երբեք պատերազմը չեմ պատկերացրել նենց, ոնց հիմա։ Առաջ մենակ կինոներում էի պատերազմ տեսել, բայց իրական պատերազմը էնքան ուրիշ էր իմ տեսածներից․․․

Կինոների մեջ ամեն ինչ մենակ տեսնում ես, իսկ պատերազմի դաշտում նաև զգում ես։ Օրինակ՝ ունենում ես շատ վախեր, մտածմունքներ, տեսնում ես իսկական զոհեր… Բացի այդ՝ ամեն վայրկյան պիտի զգոն լինես, որովհետև, ի տարբերություն կինոների, ամեն ինչ տեղի ա ունենում շատ արագ, միանգամից ու լինում ա անդառնալի»,- պատմում է Ռաֆայելը։

Ասում է՝ թեև կոնտուզիային և դրա հետևանքով կորսված մի շարք հիշողություններին, շատ լավ է հիշում իր վիրավորման օրը՝ հոկտեմբերի 30-ը, երբ կռվի ամենաթեժ պահին օդում թռչող անօդաչու սարքերի հարվածների տակ հանկարծ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

«Անօդաչուները անդադար խփում էին, ու եկավ մի պահ, որ ուղղակի ընկա ու ոնց որ մշուշի մեջ լինեի։ Ոչ մի բան չէի լսում ու չէի տեսնում։ Դրանից հետո միակ բանը, որ հիշում եմ, ճանապարհն էր, որով ինձ տեղափոխում էին հոսպիտալ։ Մեքենան անընդհատ կանգնում էր․ սպասում էինք, մինչև մի անօդաչուն անցներ, հետո՝ երկրորդը, հետո՝ երրորդը, որ շարժվեինք առաջ»,- հիշում է Ռաֆայելն ու նշում՝ հոսպիտալ տեղափոխվելուց հետո դեռևս չէր ընկալում այն ամենը, ինչ տեղի էր ունեցել իր հետ։

«Սկզբում չէի էլ մտածում էն մասին, որ չեմ քայլում, իմ ֆիզիկական վիճակն ինձ հետաքրքիր չէր, որովհետև բոլոր մտածմունքներս հայրենիքի ու պատերազմի մասին էին։ Իսկ հետո, երբ էդ վիճակներն անցան, ու հասկացա, որ չեմ կարողանում ոտքերս կառավարեմ, ամեն ինչ շատ ավելի դժվար դարձավ․ շարժվում էի բացառապես ընկերներիս ու ընտանիքիս անդամների օգնությամբ»։

Ռաֆայելի խոսքով՝ ֆիզիկական ցավերի և դժվարությունների կողքին ստիպված էր տեսնել նաև տնեցիների հուսահատությունն ու անհանգստությունն իր համար։ Ասում է՝ վերջիններիս ցավը չտեսնելու համար էր նաև, որ ինքն իրեն որոշեց, որ ինչ էլ լինի՝ պիտի ոտքի կանգնի, և, ինչպես ասում է՝ ստիպեց ինքն իրեն քայլել։ 

«Անընդհատ գլխացավերից, թուլությունից ու հոգնածությունից շատ նյարդային էի դարձել, ամեն ինչից շատ արագ հունից դուրս էի գալիս ու ցավեցնում նաև կողքիններիս։ Հիշում եմ, թե ոնց էին մամաս ու քուրիկս հուզվում, չնայած ուզում էին ցույց չտային։ Մերոնց հետ շատ էի խոսում, կիսվում, էդ օգնում էր, որ տեսածս հաղթահարեմ։ 

Հատկապես պապայիս հետ էի շատ խոսում, ասում էր՝ չմտածես, տղես, շուտ կդզվես ու կշարունակես ֆուտբոլ խաղալ, բայց ես որ տեսնում էի չեմ կարողանում լավ քայլեմ, վախենում էի, որ էլ կյանքում ֆուտբոլ չեմ խաղա, ու չէի էլ հավատում պապայի ասածներին»։ 

Ռաֆայելը լավ է հիշում այն օրերը, երբ աստիճանաբար սկսում էր ֆիզիկական վարժություններ կատարել՝ ոտքերը կոփելու համար։ Ասում է՝ ամեն մի քայլը և արված ամեն մի վարժությունը ևս մեկ քայլ էր դեպի իր երազանքը՝ ֆուտբոլը։ 

«Սկզբում սկսեցի շատ դանդաղ քայլել, հետո արդեն անցա վարժություններին։ Ոտքերս ամրացնող վարժություններ էի անում, իսկ հետո քիչ-քիչ բարդացնում էի վարժությունները։ Էնքան տենց պարապեցի, որ արդեն սկսեցի դանդաղ վազել։ 

Հենց հասկացա, որ արդեն վազում եմ, միանգամից գնացի խաղադաշտ»,- պատմում է Ռաֆայելը՝ հավելելով, որ 2021 թվականի կեսերին արդեն վերադարձավ մարզադաշտ՝ այն էլ 44 համարի մարզաշապիկով։ 

«Թիմով որոշում էինք՝ ով որ համարի տակ պիտի խաղար, տենց որոշեցի 44 համարը վերցնեմ։ Ոչ ոք ոչինչ չասեց, որովհետև բոլորը գիտեին, թե ինչի եմ էդ համարը վերցնում։

Իրականում երբեք չեմ էլ մտածել, թե ինչ ա ինձ համար 44-ը։ Երևի ավելի շատ զոհված ընկերներիս հիշատակն ա, որոնց հետ երկար խոսում էի ֆուտբոլից։ Ասում էին՝ պարտադիր շարունակի ֆուտբոլով զբաղվել, ու ես տենց էլ արեցի»։

Պատերազմից հետո Ռաֆայելը հանդես է գալիս «Նիկարմ»-ում, սակայն ասում է՝ երազում է ավելի մեծ բարձունքների մասին, որոնց հասնելու համար աշխատում է ամեն պահ։

«Պատերազմի դաշտում ժամանակ ա գալիս, որ սկսում ես ընդհանուր մտածել՝ ի՞նչ կանես, որ հետ գաս, ի՞նչ կուզես փոխես և այլն։ Էդ ժամանակ մտածում էի՝ ինչքան կարամ շատ պետք ա աշխատեմ իմ վրա ու անիմաստ ժամանակ չկորցնեմ, ամեն մի պահը ինչ-որ նպատակով օգտագործեմ։ 

Ու եթե առաջ գուցե ալարեի ու չգնայի մարզվելու, հիմա մի քանի անգամ ավելի շատ եմ աշխատում իմ վրա։ Պարապում եմ օրը մի քանի անգամ ու ամբողջ եռանդով՝ նույնիսկ ֆիզիկական դժվարությունները հաշվի չառնելով»,- ասում է Ռաֆայելն ու հավելում՝ թեև պատերազմի դրվագները երբեք մոռանալ չի կարող, այնուամենայնիվ, փորձում է առաջ շարժվել և չապրել անցյալով։

Ռաֆայելը (լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի)

«Ես կողմ չեմ պատերազմը մոռանալուն, ու դա հնարավոր էլ չի, բայց սխալ եմ համարում ապրել միայն պատերազմով։ Պիտի ամեն ինչ էլ հիշես, բայց շարունակես առաջ գնալ ու ապրել, ստեղծել ներկա ու նաև ապագա։ Ես պիտի բարձրագույն լիգայում խաղամ մի օր ու հասնեմ Եվրոպայի հավաքականներ»,- ասում է Ռաֆայելը։

Անի Մարտիրոսյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի

MediaLab.am