Կառուցելով կամուրջներ. «Երբեմն բժիշկն ինքն էլ խոցելի է դառնում». Արմինեն՝ վստահության, մարդկանց լսելու, բժշկական գաղտնիքի մասին

Արմինե Հովհաննիսյանը փոքր տարիքում տեսնելով հարազատի մահը, որոշում է ընտրել այնպիսի մասնագիտություն, որը հնարավորություն կտա մարդկանց զերծ պահել կորստյան ցավից։ Ասում է՝ դեռահաս տարիքում ուզում էր պայքարել մահվան դեմ, հասուն տարիքում կյանքի սկիզբ տվող մասնագիտություն ընտրեց: 

Ընտրելով բժշկության ոլորտը, սակայն, հասկացել է, որ բժշկությունն ամենակարող չէ, և իր ցանկությունները իրատեսական չեն, ու սկսել է փնտրել իրեն հոգեհարազատ ուղղվածությունը:

42-ամյա Արմինեն շուրջ 15 տարի է բժիշկ-գինեկոլոգ է, աշխատում է նաև խոցելի խմբերի, կազմակերպությունների հետ։ Պատմում է, որ ընդունվելիս, երբ բաժիններն էին ընտրում, միայն ստոմատոլոգիան և գինեկոլոգիան չէր ընտրել: 

«Բայց երբ մանկաբարձություն անցանք և մասնակցեցի առաջին ծննդաբերությանը, չէի պատկերացնում, որ ուրախությունից կարելի է արտասվել ու ասեցի՝ էսա՛, ուզում եմ գինեկոլոգ դառնալ»,- պատմում է Արմինե Հովհաննիսյանը։

Ոլորտում այսօր խնդիրները շատ են՝ ասում է բժշկուհին։ Սակայն մատնանշում է, որ ախտորոշումից ու բուժումից բացի, բժշկության ասպարեզ նոր ոտք դնող բժիշկներին պետք է սովորեցնեն շատ ավելին, քան զուտ բժշկությունն է. 

«Լսել, հասկանալ, զգալ մարդու խնդիրները, որ բուժումն արդյունավետ լինի»,- թվարկում է նա:

Վստահությունը

Այսօր բժշկական համայնքը փակ, պահպանողական ու հիերարխիկ համակարգ է, ինչը շատ է խանգարում ժամանակակից բժշկության գնալու ճանապարհին։ 

Հիմա առողջապահության համակարգերը դիտարկվում են որպես մարդակենտրոն, բուժառուակենտրոն, բայց ավտորիտար բժշկության մեջ միայն մասնագետն է որոշում կայացնում, իսկ բուժառուն կատարող է։ 

«Էնտեղ, որտեղ պացիենտը պետք է քեզ հետ համագործակցի, դա չկա։ Դու պետք է ժամանակ ծախսես խոսելու վրա, պետք է մարդուն դիտարկես որպես հոգեբանական, սոցիալական էակ, որ բուժառուն սկսի պատմել։ Պետք է կարողանաս վստահելի հարաբերություններ ստեղծել։ Մեր երկրի մեծագույն խնդիրներից մեկը վստահության պակասն է։ Մարդը կարիք ունի լսված ու ընդունված լինելու, այլ ոչ թե քննադատված լինելու»,- նշում է նա։ 

Բուժառուի հետ զրուցելիս պետք է տալ ոչ թե հարցեր, որոնք ենթադրում են այո կամ ոչ պատասխաններ, այլ հարցեր, որոնք պահանջում են պատմողական պատասխաններ, ասվածին պետք է դրական արձագանք տալ, որ բուժառուն հնարավորինս անկաշկանդ սկսի խոսել ու նույն հարցը չհասկանալու դեպքում երկրորդ անգամ տա, ինչը հաճախ կաշկանդվում են անել։ Սրանք այն նվազագույն քայլերն են, որ անհրաժեշտ են բժիշկ-բուժառու կապը, վստահությունը ստեղծելու համար, ասում է բժշկուհին, իսկ պացիենտակենտրոն բժշկությունը ենթադրում է, որ բժիշկը պետք է նաև տեսակետների, համոզմունքների ու դիրքորոշումների փոփոխության գնա։

«Գինեկոլոգիայի դեպքում բժշկական գաղտնիքի պահպանումը ավելի են կարևորում, որովհետև եթե, ասենք, սրտաբանի պարագայում այդքան շատ չեն անհանգստանում, ապա որպես ավանդապաշտ հասարակություն սեռական առողջությանը վերաբերող հարցերի դեպքում ավելի զգուշավոր են»,- նշում է Արմինե Հովհաննիսյանը։ 

Կարծրատիպերը

«Բժշկական կրթությունը չի վերհանում կարծրատիպերը, չի տալիս ուղղություն ու հմտություն սոցիալական տարբեր խմբերի մարդկանց հետ աշխատելու համար։ Երբ դու սկսում ես արդեն աշխատել, ստիպված ես լինում ինքնուրույն, քո պատկերացումների չափով գտնել լուծումներ այդ շփումներում, և սա է պատճառը, որ ներառականությունը թերի է, խտրական մոտեցումները շատ են»,- նշում է նա։

Բժշկուհին հիշում է, որ առաջին անգամ սեմինարներից մեկի ժամանակ է իմացել, թե ինչպես պետք է ճիշտ դիմել հաշմանդամություն ունեցող անձանց, որ չպետք է օգնություն առաջարկել, քանի որ դա վիրավորում է։ 

«Մինչ այդ ես մտածում էի, որ օգնություն առաջարկելով լավ գործ եմ անում, բայց ո՛չ, նրանց օգնություն առաջարկելու փոխարեն ընդամենը պետք է ապահովել իրավունքի իրացումը բոլորին հավասար»,- ասում է բժշկուհին։

Շատ են կարծրատիպերը հատկապես սեռական դաստիարակության վերաբերյալ, ու սեռական դաստիարակության ցածր մակարդակը հանգեցնում է մի շարք խնդիրների, այդ թվում՝ առողջական՝ սեռավարակներով վարակվելու, առողջ սեռական հարաբերություններ կառուցելու, վարելու, ինչպես նաև բռնություն կարող է առաջանալ այնտեղ, որտեղ ունենք ոչ բավարար սեռական կրթություն։ Խնդրահարույց է կուսաթաղանթի շուրջ ստեղծված վերաբերմունքը։ 

«Օրինակ, երբ որոշ բժիշկներ այսօր վերականգնում են կուսաթաղանթը, ստացվում է, որ բժշկությունն է որոշում, թե որն է նորման, մինչդեռ նորմայում կինը կարող է պարզապես չունենալ կուսաթաղանթ, դրա պատռումը չուղեկցվի ցավով ու արյունային արտադրությամբ կամ էլ ընդհանրապես չուղեկցվի ամբողջականության խախտմամբ։ Արդյունքում տուժում են այդ մարդիկ, ովքեր ևս նորմայի սահմաններում են»,- ասում է Արմինե Հովհաննիսյանը։

Կարծրատիպ կարելի է համարել նաև այն մոտեցումը, որ բժիշկները պարտավոր են աշխատել 24/7 ռեժիմով ու ամենուր, մինչդեռ բժշկության ոսկե կանոններից է ոչ միայն «մի՛ վնասիր»-ը, այլև «մի՛ վնասվիր»-ը։ 

«Բժիշկ-բուժառու առողջ սահման պետք է ձևավորվի։ Լինում են դեպքեր, երբ շատ ուշ ժամի են զանգում, առանց գիտակցելու, որ բժշկի աշխատանքը ևս աշխատանք է և ավարտվում է որոշակի ժամի, իսկ 24/7 ռեժիմով աշխատող բուժհաստատություններ կան»,- ընդգծում է բժշկուհին։

Մի՛ վնասվիր

Երբեմն լինում են դեպքեր, որ բժիշկն ինքն էլ խոցելի է դառնում։ Հիշում է, վերջերս արցախցիների հետ հանդիպման ժամանակ կանանցից մեկի պատմությունն այնքան է դիպել իր զգացմունքներին, որ նրա հետ լացելու ցանկություն է առաջացել: Բայց դիմացինը քեզանից ակնկալում է օգնություն, և պետք է այնքան ուժեղ լինես, որ իրեն օգնես, իսկ ապագա բժիշկներին կրթելիս պարզապես չեն սովորեցնում, որ մասնագիտությունը այդ առումով նաև ռիսկային է։ Եթե բժիշկն իր մասին հոգ չի տանում, չի վերականգնվում, չի վեր հանում իր կարիքները, դառնում է վնասված բժիշկ, որը կսկսի լավ չաշխատել ու, հետևաբար, նաև կարող է վնասել։

«Աշխատանքը լարված է, պատասխանատու։ Իմ աշխատանքում մարդկային բազմակի ու խորքային շփումներն են, շատ ներգրավված եմ լինում ու արձագանքում եմ հույզերին։ Երբ անդադար հուզական արձագանքների մեջ ես լինում, ռեսուրսներդ սպառվում են։ Լինում են օրեր, որ գնում եմ տուն ու չեմ կարողանում ոչ մեկի հետ շփվել։ Պետք է վերականգնվեմ, որ հաջորդ օրը նորից աշխատեմ։ Եթե գերհոգնած եմ լինում, ես հանդուրժող չեմ լինում։ Երեխաները տանն ասում են՝ մա՛մ, էլի հոգնա՞ծ ես»,- ասում է բժշկուհին, ընդգծելով, որ բժիշկներին պետք չէ հերոսացնել, նրանք էլ մարդիկ են, որոնք մարդասիրական աշխատանք են կատարում ու դրա համար վճարվում։ 

Ինքը հույզերի այրման չհասնելու համար երբեմն նաև մասնագետի օգնությանն է դիմում, բալինտյան խմբերի մասնակցում, անհատական ու խմբային հոգեթերապիա անցնում, որ չհասնի հոգեբանական բարդ իրավիճակների։

Բժշկական գաղտնիք

Խոսելով ոլորտում առկա մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր խնդրի մասին՝ բժշկուհին սեփական փորձն է հիշում։ Այսօր բժիշկները երբեմն չեն պահպանում բժշկական գաղտնիքը, ու սա որոշ առումներով նաև համակարգային խնդիր է, որին նաև ինքն է բախվել։

Ունենք լավ հիվանդանոցներ, բայց ընդհանուր հիվանդասենյակներում հիվանդները պառկած են կողք կողքի, և համայցի ժամանակ բժիշկը յուրաքանչյուրի խնդիրը բարձրաձայն քննարկում է՝ բոլորի ներկայությամբ խախտելով բժշկական գաղտնիքը, անհատի անձնական տիրույթները։

«Վերջերս իմ հարազատ մարդը վիրահատվել էր, հետվիրահատական փուլում հիվանդասենյակում հանդիպեցի մի կնոջ, որն ինձ ճանաչեց։ Մոտեցավ, հարցնում է՝ ի՞նչ է եղել, ու ես ասացի, որ կներեք, չեմ ցանկանում այդ մասին խոսել։ Բայց 2 օրվա ընթացքում ես կողքինների ախտորոշումն իմացա, նրանք՝ մերը, որ չէի ուզի իմանային»,- ասում է նա։

Բժշկական գաղտնիքի պահպանումը մեծապես կարևորելով՝ Արմինե Հովհաննիսյանը իրեն այցելած բուժառուներից ճշտում է՝ արդյոք դեմ չեն, որ զրուցեն ուղեկցող անձի ներկայությամբ, որոշ դեպքերում էլ պարզապես ուղեկցողին խնդրում է դրսում սպասել։ Մեկ այլ իրավիճակ ևս՝ դրսում իր բուժառուներին հանդիպելիս առաջինը չի բարևում, քանի որ դիմացինը գուցե չի ցանկանում իր կողքի անձն իմանա, որ ինքն այցելել է բժշկի։ Սրանք նաև մանր թվացող հարցեր են, որոնք բժշկական էթիկան ևս պահանջում է պահպանել։

Բժշկուհին հիշում է, որ տարիներ առաջ սկեսուրը պահանջել էր, հարսն էլ համաձայնել, որ ինքը ներկա լինի գինեկոլոգիական զննմանը։ 

«Սա վատ փորձառություն էր։ Այդ ժամանակ հարսի համաձայնությամբ թույլատրեցի, բայց հիմա նման բան հաստատ թույլ չեմ տա»,- ասում է բժշկուհին։ 

Ներառականություն

«Ես ունեցել եմ և՛ հաշմանդամություն ունեցող, և՛ ՄԻԱՎ-ով ապրող շահառուներ, և գիտե՞ք, նրանք ինձ մոտ եկել են տարբեր աղբյուրներից ճշտելով ու վստահ լինելով, որ ես իրենց չեմ քննադատի ու չեմ մերժի։ 

Այդ մարդիկ հիմնականում վատ փորձառություն են ունենում բժիշկների հետ շփումների առումով և հաճախ պարզապես խուսափում են բժիշկների այցելությունից։ Ես ամեն գնով փորձում եմ լինել և մնալ պացիենտակենտրոն»,- ասում է բժշկուհին, որին բուժառուները հիմնականում անունով են դիմում։ 

Ինքն է այդպես ներկայանում, թեպետ, նշում է, որ շատերը չեն կարողանում միայն անունով դիմել և դոկտոր կամ բժշկուհի Արմինե են ասում, բայց մանրուք թվացող հարցերը հաճախ ավելի մեծ ու գլոբալ խնդիրներ կարող են լուծել։

Բժշկուհու խոսքով՝ մենք այսօր առաջնահերթ կարիք ունենք հեղինակությունը կարևորող բժշկությունից անցում կատարելու դեպի մարդակենտրոն բժշկություն, այլ կերպ ասած՝ բժիշկ-բուժառու հարաբերություններում երկուսը պետք է համագործակցեն, միասին որոշում կայացնեն, այլ ոչ թե բուժառուն լինի միայն կատարող, իսկ բժիշկը՝ որոշող։ 

«Պետք է ունենանք համակարգ, որտեղ բժիշկն ու բուժառուն հավասար են։ Մտածողության փոփոխություն է պետք, ինչը սկսել ենք, բայց ավարտին հասնելու համար դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- ընդգծում է Արմինե Հովհաննիսյանը։

Սաթենիկ Հայրապետյան 

Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյանի

MediaLab.am