Քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացում առկա և հրատապ լուծում պահանջող խնդիրները

Կայացել է էլեկտրոնային արդարադատության համակարգի ստեղծմանն ուղղված միջոցառումները համատեղ կոորդինացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:

Նիստը նախագահել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ներկա են եղել փոխնախարարներ Արա Մկրտչյանը, Լևոն Բալյանը, ԱՆ գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը, նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Ոստիկանության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Նոտարական պալատի, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում Գրիգոր Մինասյանի առաջարկով քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացում առկա և հրատապ լուծում պահանջող խնդիրները: Աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են իրենց գերատեսչությունների գործառույթների թվայնացմանն առնչվող խնդիրները, քննարկման առարկա են դարձվել Արդարադատության նախարարության ներգրավվածության սահմաններում իրականացվող նախագծերը:

Անդրադարձ է կատարվել քրեական արդարադատության ողջ շղթայի թվայնացման և ներդաշնակեցման կարևորությանը, ժամանակակից ստանդարտներով սերվերային տնտեսության ստեղծմանը, նոտարական համակարգում սպասվելիք այլ բարեփոխումներին, ինչպես նաև օրակարգային ամենածավալուն հարցին՝ դատարանների թվայնացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

Նիստի արդյունավետությունն ընդգծվել է բարձրացված խնդիրների մասով լուծման հստակ ուղիների մատնանշմամբ և համապատասխան հանձնարարականների տրմամբ: Հանդիպման ավարտին Գրիգոր Մինասյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները և, առաջարկելով ընդլայնել շահառուների ցանկը՝ ընդգծել աշխատանքային խմբի գործունեության արդյունավետությունը: