Հայաստանի հարցում Իրանի շահագրգռությունը այլընտրանքի ապահովումն է, ուղիների բազմազանությունը․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանում փաստորեն կար պատկերացում, որ, երբ Իրանը խոսում է Պարսից ծոց-Սեւ ծով ծրագրի մասին, ապա դրանում դիտարկում է միայն Հայաստանը, իսկ օրինակ Ադրբեջանը, կամ Թուրքիան՝ ոչ: Այդ եզրակացությանն է հնարավոր գալ, հետեւելով որոշ արձագանքների այն տեղեկությունից հետո, որ եղավ Իրան-Ադրբեջան-Վրաստան համաձայնության մասին:

Ինչ խոսք, վատ է, որ Հայաստանը դեռ Հյուսիս-Հարավ է կառուցում, իսկ Սյունիքի հատվածը չի էլ սկսել, էն դեպքում, երբ ըստ այդ նախագծի նախնական ժամանակացույցի՝ 2019 թվականին այն պետք է լիներ ամբողջապես ավարտված: Բայց, պետք չէ նաեւ ունենալ պատրանք, թե Իրանը միայն Հայաստաննն էր դիտարկում Պարսից ծոց-Սեւ ծով ծրագրի ուղղություն, այն դեպքում, երբ Ադրբեջանի առումով այսօր ունի ենթակառուցվածքային ավելի հարմար հնարավորություն:

Ի վերջո, Իրանի այսպես ասած սահմանային ճակատը շատ ավելի լայն է, քան Հայաստանի հետ 40-կմ-անոց սահմանը եւ բեռնափոխադրումների զուտ լոգիստիկ հարմարավետության իմաստով Ադրբեջանի տարածքը կարող է օգնել խնայել ժամանակ, երբ բեռնափոխադրումները իրականացվելու են այդ հատվածծին մոտ գոտիներից:

Հայաստանի հարցում Իրանի շահագրգռությունը այլընտրանքի ապահովումն է, ուղիների բազմազանությունը: Հետեւաբար, մեր կորցրածը շարունակում է լինել ժամանակը, այլ ոչ բուն հնարավորությունը:Հետեւաբար տեղի ունեցողին պետք է վերաբերել հանգիստ եւ հնարավորինս ինտենսիվ աշխատել Հայաստանում միջազգային բեռնափոխադրումների ենթակառուցվածքները զարգացնելու, այդ թվում Հյուսիս-հարավը կառուցելու ուղղությամբ»: