Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանն ավագանու անդամների հետ միացել է վարչապետի հրաժարականի պահանջին

Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը ավագանու անդամների հետ միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Այս մասին հայտնում է Սպիտակի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը։

«ՍԻՐԵԼԻ ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,

Մենք՝ Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանս, համայնքի ավագանու անդամներ Կարեն Մխիթարյանս, Մկրտիչ Շուշանյանս, Սարգիս Թամամյանս, Գրիգոր Նազարյանս, Տիգրան Հակոբյանս, Համլետ Պողոսյանս, վերլուծելով մեր երկրում առկա ներկայիս վիճակը, աղետալի վտանգները, այն է՝

✔Անհեռատես քաղաքականություն

✔Տապալված դիվանագիտություն

✔Պարտված պատերազմ

✔Կապիտուլացիոն հայտարարություն կոչված անորոշ փաստաթուղթ

✔Մեր զավակների արյան գնով պաշտպանած հայրենիքի կորսված մաս

✔Վտանգված, անորոշ ու անհուսալի հայրենիքի սահմաններ

✔Հարյուրավոր գերիներ ու անհետ կորածներ, բազմաթիվ զոհեր ու վիրավորներ

✔Հայրենիքի ավերված բնակավայրեր ու հազարավոր փախստականներ

✔Արժեքների փոխակերպում և ապազգային արժեքային համակարգ

✔Ապագայի նկատմամբ հավատի կորուստ

✔ Այս ամենի հետ ՝ մեղավորների և դավաճանների նկատմամբ խիստ հակասական մեկնաբանություններ (և սա դեռ ամբողջը չէ), միանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին և կոչ անում նաև մեր համաքաղաքացիներին միանալ հրաժարականի պահանջին և հայրենիքի առջև ծառացած լրջագույն ու չափազանց բարդ խնդիրները լուծելու նպատակով ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու նախաձեռնությանը:

Կառավարություն, որը կազմված կլինի հայրենիքի ճակատագրով մտահոգված գործիչներից, պրոֆեսիոնալ մասնագետներից, կհամախմբի հասարակությունը, որն իզորու կլինի հնարավոր սեղմ ժամկետներում կազմակերպել ու անցկացնել ազատ, արդար ընտրություններ և կգործի հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի: