Հասարակության տեղեկացվածությունը կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ բարձրացնելու նպատակով հոկտեմբերի 15-ին Շառլ Ազնավուրի հրապարակում խնդրի իրազեկմանը նվիրված «Մայրի՛կ, հետազոտվիր, որ լինես առողջ» խորագրով միջոցառում անցկացվեց:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` մեծ էկրանին ցուցադրվեցին կրծքագեղձի քաղցկեղի, դրա վաղ ախտորոշման կարևորության մասին տեսաձայնագրություններ, ելույթ ունեցան մի շարք պարային խմբեր, իսկ հիվանդությունը հաղթահարած մարդիկ կանանց հորդորեցին պարբերաբար հետազոտվել՝ խնդրից խուսափելու համար:
Լուսանկարները` Տաթև Դուրյանի
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նման նախաձեռնությամբ ցանկանում են ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչքան կարևոր է ուշադիր լինել սեփական առողջության հանդեպ: «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մի շարք ուղեցույցներ, ծրագրեր, միջազգային շարժումներ է մեկնարկել, որպեսզի ամբողջ աշխարհով կանանց կյանքն ընդհատող, նրանց կյանքի որակի վրա վատ ազդեցություն ունեցող հիվանդության դեմ պայքարի միջոցներ հնարի: Բժշկագիտության զարգացմանը զուգընթաց մենք տեսնում ենք, որ հիվանդության վաղ հայտնաբերումը թույլ է տալիս հնարավորինս խնայող բժշկական միջամտություններ կիրառել և վերադառնալ կյանք, ընտանիք, ունենալ երեխաներ, պահպանել առողջությունը»,-շեշտեց նա:
Ավանեսյանը տեղեկացրեց, որ մի շարք նոր ծրագրեր են մեկնարկել, որոնք օգնում են կրծքագեղձի քաղցկեղի թե՛ վաղ հայտնաբերմանը, թե՛ բուժման համար դիմելու աճին: «Հայաստանի երեք մարզում իրականացվում են սքրինինգային ծրագրեր: Վանաձորում վեց ամսից ավելի կանգնած էր շարժական մամոգրաֆիկ կենտրոնը, որտեղ հետազոտվել է 5530 կին, ինչը բավականին լավ ցուցանիշ է: Այժմ քաղաքացիները գիտեն՝ եթե ունենան վիրաբուժական միջամտության կարիք, ապա պետական պատվերով կարող են դա անել»,-տեղեկացրեց նախարարը:
ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության գծով խորհրդատու, գիտությունների թեկնածու Հայկուհի Գյոկչյանն էլ նշեց, որ 2019 թվականից վիրահատություններն անվճար են ՀՀ բոլոր հիվանդանոցներում, որոնք ունեն ուռուցքաբանական լիցենզավորում: «Ճառագայթային թերապիան ևս անվճար է ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Այն քայլերը, որոնք կատարվել են 2019-ից ի վեր բժիշկներիս օգնում են, որ կարողանանք առավել լիարժեք բուժել մեր հիվանդներին: Եթե քաղցկեղը հայտնաբերում են առաջին փուլում, այն 97 կամ 98 տոկոսով հնարավոր է բուժել»,-եզրափակեց Գյոկչյանը:
1993 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոկտեմբերը հայտարարել է կանանց կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման ամիսն: Այդ ամսին աշխարհի տարբեր երկրներում իրականացվում են իրազեկման միջոցառումներ, որոնց միջոցով կոչ են անում կանանց պարբերաբար հետազոտվել, ժամանակին հայտնաբերել հիվանդությունը: