Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի Ա․ Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Արինա Աբելյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացած Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայում զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Արմինե Ղումաշյանը, վերջին չորս տարիների ընթացքում սա Արինայի յոթերորդ նվաճումն է Մենթալ թվաբանության օլիմպիադայում, որտեղ նա արժանացել է սուպերգավաթի, սուպերչեմպիոնության, 1-ին տեղի մի քանի դիպլոմների։
«Մեր դպրոցում բոլորս սրտի թրթիռով սպասում էինք մեր խելացի աշակերտուհուն` Արինա Աբելյանին, որը հաղթանակի վեհ զգացում էր պարգևել բոլորիս։
Առավել հուզումնալից եղավ և այն, որ Արինան Դուբայում տեղի ունեցած Մենթալ թվաբանության օլիմպիադայում տարած իր հաղթանակը նվիրեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Ներքին Գետաշեն գյուղի հերոսների և դպրոցի հիմնադիր-տնօրեն Աղվան Եղիազարյանի հիշատակին։ Մենք հպարտ ենք մեր շնորհալի աշակերտի հաջողություններով ու հավատացած, որ նա շատ շուտով կքայլի գիտության նորահայտ բարձունքներով»,-նշեց դպրոցի տնօրենը։