«Եթե «Իսկանդերը» մերը չէ, բայց ցույց ենք տալիս մերի անվան տակ, ավելի վատ է, քան ընդհանրապես չունենալը»․ Արա Պապյան

«Եթե «Իսկանդերը» մերը չէ, բայց ցույց ենք տալիս մերի անվան տակ, ավելի վատ է, քան ընդհանրապես չունենալը»․ Արա Պապյան
«Եթե «Իսկանդերը» մերը չէ, բայց ցույց ենք տալիս մերի անվան տակ, ավելի վատ է, քան ընդհանրապես չունենալը»․ Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

֊Պարոն Պապյան, նշում ենք անկախության 25 ամյակը, ի՞նչ ունենք 25 տարի անց:

֊Քսանհինգ տարի անց ունենք միայն մեկ նվաճում՝ դա Արցախի ազատագրումն է: Մնացած բոլոր հարցերում, կարող ենք ասել, որ հետընթաց ենք ապրել, որևէ էական բան չունենք: Այսինքն՝ տնտեսությունը չի զարգացել, ժողովրդագրական ցուցանիշները վատ են, ժողովուրդը վհատված է, ժողովրդավարությունը՝ ոտնահարված: Միակ ձեռքբերումը հաղթած պատերազմն է, որն էլ կարծես թե աճուրդի է դրված:

֊Վերջին տարիներին հատկապես իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով մենք ականատես եղանք, որ Հայաստանի անկախությունն ու սուվերենությունն անտեսվեց: Իրական անկախություն ունի՞ այսօր Հայաստանը:

֊Մենք Եվրասիական միության անդամ ենք, եթե այդ միության անդամ ենք, անգամ դե յուրե չենք կարող անկախ լինել: Այսինքն՝ կա կենտրոն, որի ընդունած որոշումները մեզ համար պարտադիր են, կան ընդհանուր որոշումներ, դա արդեն անկախություն չէ: Մի ժամանակ կար Սովետական միություն, որը բոլորիս փոխարեն որոշում էր կայացնում:

Հիմա Եվրասիական տնտեսական միություն է, որը դեռևս չի դարձել Սովետական միություն, բայց դրա ճանապարհին է: Արդեն մեր բոլոր արտաքին սահմաններում տնտեսական գործընթացները մենք չենք որոշում՝ արտաքին առևտուր, մաքսազերծում և այլն, դա որոշում է Մոսկվան: Հիմա արդեն խոսակցություններ կան, որ աշխատանքներ են կատարվում ընդհանուր արժույթ, օրենքներ ունենալու և այլնի մասին:

Սովետական միությունն էլ չստեղծվեց մեկ օրում, մենք մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը ներառյալ անկախ բանակ ունեինք, դա ԽՍՀՄ ստեղծումից 20-25 տարի հետո վերացվեց: Եվրասիական տնտեսական միությունն էլ նոր է դեռևս, թող 25 տարի անցնի, տեսնենք մենք բանակ կունենք, թե՞ չէ: Ի վերջո այդ բանակի վերացման քայլերն էլ են արդեն սկսել, օրինակ, չորրորդ կորպուսի հիման վրա կազմավորվեց միացյալ զորամիավորում, վաղը կարող ենք տեսնել, որ բոլոր կորպուսները միացյալ կդառնան, միացյալ հակաօդային պաշտպանություն կա: Հենց սա էլ կոչվում է ինքնիշխանության կորուստ:

֊Իսկ ի՞նչ պետք է անել այս վիճակից դուրս գալու համար:

֊Պետք է այլընտրանք ստեղծել: Եթե դու փոքր երկիր ես և չես կարողանում մեծի ճնշմանը դիմանալ, դու մեկ այլ մեծ երկրի հետ էլ ես հարաբերություն զարգացնում, դրանով հակակշռում ես: Մենք այդ քաղաքականությունը հաջողությամբ իրականացրել ենք ժամանակին, երբ ռազմական հարցերով շատ ավելի մոտ էինք Ռուսաստանին, բայց որոշ քաղաքական ու տնտեսական հարցերով Եվրամիությունն էր մեր առաջին գործընկերը: Հիմա այս միության վատն այն է, որ այն, ինչ կատարվում է Մոսկվայում, դա հետո արտացոլվում է մեզ մոտ: Հիմա, օրինակ, Մոսկվան ստեղծում է ազգային անվտանգության նախարարություն, այսինքն՝ КГБ-ի նման ինչ-որ կառույց, դատական ատյանի լիազորություններն են փոխվում: Ես վստահ եմ, որ այդ ամբողջը մենք վաղը կրկնօրինակելու ենք:

֊Անկախության 25-ամյակի առթիվ անցկացվող զորահանդեսին նոր զինատեսակներ է ցուցադրում Հայաստանը՝ «Սմերչ», «Իսկանդեր» և այլն: Կասկածներ կան, որ այդ զենքի մի մասը մերը չէ:

֊Մենք դրա մասին պետք է ունենանք պաշտոնական հայտարարություն, որպեսզի պատկերացում կազմենք՝ ում են պատկանում այդ «սմերչներն» ու «իսկանդերները»: Նման հայտարարություն չի եղել, և դա չի կարող իբր գաղտնիությամբ հիմնավորվել, որովհետև մենք պարտավոր ենք դրանց մասին տեղյակ պահել Վիեննայի սպառազիությունների հատուկ կենտրոնին: Ես վստահ եմ, որ և Ադրբեջանը, և աշխարհի բոլոր երկրները, որոնք հետաքրքրված են, գիտեն որ զենքն ում է պատկանում: Միակ կողմը, որը չգտի այդ մասին, դա մենք ենք՝ ՀՀ քաղաքացիները: Այստեղ ենթադրություններ կան, մի մասն ասում է՝ մերն է, մյուս մասը՝ չէ, մերը չէ, ռուսներինն է:

Հիմա, եթե դա մերն է, որպեսզի կասկածներ չլինեն, պետք է պաշտոնապես հայտարարվի, որ դա, չգտեմ, 200 մլն դոլար վարկային համաձայնագրի շրջանակներում է հատկացվել կամ ուրիշ ճանապարհով է ձեռք բերվել: Թե չէ այն, որ այդ զենքը շքերթին պետք է ցուցադրվի, հրապարակով պետք է անցնի, ոչինչ չի նշանակում: Մենք մի հարևանի տղա ունեինք, ով հարևաններից օրը մի ավտոմեքենա էր վերցնում ու հրապարակով քշում: Դա չէր նշանակում, որ իրենն են այդ մեքենաները: Քանի դեռ պաշտոնական հայտարարություն չկա, բնականաբար, օրինական են բոլոր կասկածները:

֊Այսինքն՝ Ռուսաստանը կարող է բերել ու Հանրապետության հրապարակում ցուցադրել իր զենքը, բայց չտա՞լ հայկական կողմին: Դա ի՞նչ նպատակ կարող է հետապնդել:

֊ժողովրդի հանգստացնելու նպատակ դա կարող է ունենալ: Կարող են ռուսական ռազմաբազայի զենքը ցուցադրել: Ի միջիայլոց, նախկինում էլ է դա եղել: Նախկինում դեպքեր եղել են, որ ռուսական զենքը ցուցադրվել է հայկականի անվան տակ: Բայց նման լայնածավալ ցուցադրություն չի եղել և նման վճռորոշ զենքեր չեն եղել: Այստեղ շատ վտանգավոր մի պահ կա, եթե «Իսկանդերը» մերը չէ, բայց ցույց ենք տալիս մերի անվան տակ, դա ավելի վատ է, քան ընդհանրապես չունենալը: Ստացվում է, որ իրականության մեջ մենք չունենք, բայց ցույց տալով՝ մենք մեր դեմ ենք թշնամացնում նույն ՆԱՏՕ-ին, այդ թվում՝ Թուրքիային, որովհետև «Իսկանդերը» նաև նրանց դեմ է ուղղված, եթե հավատանք ռուս վերլուծաբաններին, ովքեր ասում են, որ Ադրբեջանի դեմ չի ուղղված:

Այսինքն՝ մենք ՆԱՏՕ-ի համար դառնում ենք թիրախ, բայց որևէ պաշտպանություն չենք կարող իրականացնել: Երկրորդ, Ադրբեջանը տեսնելով այդ քանակությամբ զենք, ինքը պետք է ձգտի զենքի նոր խմբաքանակ գնել, ինչը էլի մեզ համար վատ է: Այսինքն՝ եթե մերը չէ, կարիք չկա դա ցույց տալու: Իսկ եթե մերն է, ուրեմն այդ մասին պետք է հայտարարվի, պահմտոցի խաղալու իմաստը ո՞րն է:

֊Իսկ միգուցե ինչ-որ բա՞ն է փոխվել ապրիլյան պատերազմից հետո, իշխանությունները զենքի խնդրին սկսել են մեծ ուշադրություն դարձնել, սահմանն ավելի ամրապնդել:

֊Եթե մինչև անգամ ընդունենք, որ Իսկանդերը մերն է, դա էական բան չի փոխելու ռազմաճակատային գծում: Դա կարող է փոխել միայն այնքանով, որ մեծ պատերազմ չլինի, օրինակ, Երևանին չխփեն: Իսկ Երևանին խփելու հավանականությունը շատ քիչ է: Բայց դա չի ազդելու սահմանին զոհվող զինվորների վրա: Նրանք զոհվում են սովորական զինատեսակներից, իսկ որպեսզի նրանք չզոհվեն, սահմանին պետք են գիշերային դիտարկման սարքեր, լավ խրամատեր, հեռադիտակներ, կապի միջոցներ, ավտոմատացված սարքեր: Իսկանդերը վերջին հույսն է, որ իրենք ոչնչացնում են Հայաստանը, մենք էլ ոչնչացնում ենք Ադրբեջանը: Անկախ ամեն ինչից, պետք է սահմանի վրա վիճակը բարելավվի, ի վերջո դա սովորական սահման չէ, ռազմաճակատային գիծ է:

Էմմա Մանուկյան

MediaLab.am