Գյումրին և Սամարղանդը կդառնան քույր քաղաքներ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել են Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանին։

Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել  Գյումրի և Սամարղանդ քաղաքները քույր քաղաքներ հռչակելու մասին։ Համաձայնագրով կողմերը կգործակցեն տնտեսության, մշակույթի, պատմամշակութային ժառանգության պահպանման, զբոսաշրջության բնագավառներում։

«Լիահույս եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև արդեն ձևավորված բարիդրացիական ու գործընկերական կապերն առավել կամրապնդվեն նաև ապակենտրոնացված մակարդակով։ Գյումրին ու Սամարղանդը կկարողանան համագործակցել և այդ գործընկերությունը հիմք կհանդիսանա տնտեսական ու արդյունաբերական նոր կապերի հաստատման»,- նշել է Շիրակի մարզպետը։

 Կողմերը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը բարեկամական կապերը խորացնելու և համագործակցության նոր օրակարգ ունենալու համար։