«Ընկերություններն օգտագործում են գյուղացու անօգնական վիճակը ու ցածր գներով մթերում խաղողը, չի՛ կարելի ուղղակի». Գառնիկ Պետրոսյան

Գյուղատնտեսության և, մասնավորապես, խաղողագործության ոլորտում, գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանի պնդմամբ, պետական քաղաքականությունը մշտապես հուսադրող չի եղել:

«Խաղողագործների մոտ վերջին ժամանակաշրջանում առկա խնդիրների արմատները շատ հեռվից են գալիս: Տարիներ շարունակ գործնական քայլեր չիրականացնելու հետևանքով խնդիրները ոչ միայն չեն պակասել, այլև հակառակը՝ շատացել են»,- «Մեդիալաբին» ասում է Պետրոսյանը:

Մեկ ամիս շարունակ Հայաստանի, մասնավորապես՝ Արմավիրի մարզի խաղողագործները պարբերաբար ճանապարհներ էին փակում, նույնիսկ հասել էին Հանրապետության հրապարակ, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի՝ պահանջելով մթերել իրենց խաղողը և մթերել նախապես պայմանավորված գներով՝ 120 դրամ: Մթերող գործարանները գյուղացիներին առաջարկել են 1 կգ-ի դիմաց 100 դրամ, ինչը, ըստ խաղողագործների՝ ինքնարժեքից ցածր է:

Գրեթե ամեն տարի Հայաստանի խաղողագործները այս խնդիրն ունենում են, և միայն նման ակցիաների դեպքում կառավարությունը բանակցում է մթերող ընկերության հետ, և արդյունքում գործարանը վերցնում է բերքը: Այս անգամ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բանակցել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: «Մենք արդեն քննարկել ենք Ծառուկյանի հետ, որպեսզի Ամասիայում գտնվող իր գործարանը խաղող վերցնի ու սկսի մթերել։ Մյուս խնդիրն էլ գինն է, քննարկել ենք, որ նվազագույնը 120 դրամ լինի, սակայն Ծառուկյանը հայտարարել է, որ 100 դրամ է լինելու։ Վարչապետի հետ խոսակցություններ կլինեն, և կփորձենք այնպես անել, որ մեր պլանավորած 120 դրամը վաղվանից գործի»,– Արմավիրում բողոքող խաղողագործների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Քերոբյանը։

Երկար տարիների այդ պահին առաջացած խնդրին իրավիճակային լուծումներ տալու հետևանքով հարցը չի լուծվել, և ամեն տարի նույն խնդրի առաջ է կանգնում գյուղացին:

Գառնիկ Պետրոսյանը պնդում է՝ այս իրավիճակում խաղողագործությունը Հայաստանում որևէ առաջընթաց չունի ու չի կարող ունենալ:

«Այն վերաբերմունքը, որը ցուցաբերվում է խաղողագործի նկատմամբ, բացարձակապես չի կարող արդարացվել: Վերամշակող ընկերությունները ամեն կերպ քայլեր են ձեռնարկում ուղղակի իրենց համար բարձր շահույթ ապահովելու: Նրանք խաղողագործին չեն դիտում որպես իրենց գործընկերոջ, շարունակաբար օգտագործում են գյուղացու անօգնական վիճակը ու ցածր գներով մթերում խաղողը»,- ասում է Պետրոսյանը:

Նրա դիտարկմամբ՝ եթե մի քանի տարի առաջ խաղողի մթերման միջին գինը 140-150 դրամ էր, ապա այսօր առանձին ընկերություններ առաջարկում են 100-120 դրամ: «Սա ուղղակի ծիծաղելի է, մեկ կապ կանաչին այսօր վաճառվում է 120-150 դրամ, 1 կգ վարունգը՝ մի քանի անգամ ավելի թանկ, քան խաղողն է, այն դեպքում, երբ խաղողի մշակումը շատ աշխատատար ու ծախսատար է: Այսինքն՝ մարդը ինքնարժեքով, երբեմն նույնիսկ ինքնարժեքից ցածր գնով խաղող է հանձնում: Ծիծաղելի է ուղղակի»,- նշում է Գառնիկ Պետրոսյանը:

Երբ գյուղացին տեսնում է՝ իր մշակած բերքից չի ստանում շահույթ կամ գոնե այնքան գումար, որքան ներդրել է, ըստ Պետրոսյանի՝ կհրաժարվի մշակել, աշխատել բերքատվության բարձրացման վրա, այդ է պատճառը, որ հիմա խաղողի բերքատվությունը զգալի նվազել է:

Փոխարենը, Պետրոսյանի խոսքով, Կառավարությունը անտոկոս վարկերի և այլ արտոնությունների տեսքով հսկայական աջակցություն է տրամադրում գինեգործության ոլորտին, այսինքն՝ խաղող մթերող ընկերությունները պետք է որ խնդիրներ չունենան: «Եթե պետությունը մեծ աջակցություն է ցուցաբերում այդ ընկերություններին, ապա իրավունք ունի այդ ընկերություններից պահանջել պատշաճ վերաբերմունք գյուղացի խաղողագործների նկատմամբ»,- ասում է Պետրոսյանը:

Մասնագետն առաջարկում է Կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի տեսքով կայուն նվազագույն գին սահմանել խաղողի մթերման համար: «Ժամանակն է նվազագույն գին սահմանել խաղողի մթերման համար, հակառակ դեպքում մի ամբողջ ոլորտ մենք կորցնում ենք: Չի կարելի, տասնյակ հազարավոր մարդկանց ու նաև ընտանիքների ապրուստի միջոցն է դա, չի կարելի անտեսել ու իրավիճակային լուծումներ տալ»,- նշում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am