Թուրքիայում հրդեհների 13-րդ օրը. դեռևս առկա է 6 ակտիվ օջախ

Թուրքիայում 13 օր շարունակվող անտառային հրդեհների մարման աշխատանքներում զգալի առաջընթաց է գրանցվել: Ընդհանուր առմամբ մարվել կամ վերահսկողության տակ է վերցվել այս օրերին երկրի 47 նահանգներում բռնկված 241 հրդեհի օջախներից 235-ը, գրում է Ermenihaber.am-ը:

Ներկայումս շարունակվող 6 հրդեհի օջախներն էլ գտնվում են երկրի հարավ-արևմտյան Մուղլա ծովափնյա հանգստավայրային նահանգում: 

Վնասի գնահատման ընթացիկ աշխատանքներից պարզվել է, որ այրվել է ընդհանուր առմամբ 83.810 հեկտար անտառածածկ տարածք: Անկել են հազարավոր ընտանի և վայրի կենդանիներ, հարյուրավոր քաղաքացիներ կորցրել են իրենց տները: Այրվել են նաև հասարակական նշանակության շինություններ՝ դպրոցներ, մզկիթներ և այլն: Վնասների ընդհանուր պատկերը դեռևս ամբողջական չէ:

Հրդեհի օջախների մարման աշխատանքներում այժմ ներգրավված են 15 հրշեջ ինքնաթիռ, 64 ուղղաթիռ, 9 անօդաչու թռչող սարք, 1 անօդաչու ուղղաթիռ, շուրջ 850 հրշեջ տեխնիկա, 150 տրակտոր և 5200 հրշեջ: