Ավելի անհեթեթ զեկույց պատկերացնել հնարավոր չէր. Գայանե Աբրահամյանը՝ ՄԱԿ-ի արձագանքի մասին

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ավելի անհեթեթ զեկույց պատկերացնել հնարավոր չէր։

Եթե շատ կարճ ընդհանրացնեմ ՄԱԿ_ի վերջին խեղկատակությունը` ասվում է, թե էթնիկ զտում չկա, քանի որ դպրոցներին ու հիվանդանոցներին չեն կրակել… այսինքն բնակավայրերը կրակի տակ առնելը, երեխաներ սպանելը, 9ամիս սովամահության հասցնելը բավարար չէ, 21րդ դարում դիակների կույտեր պետք է տեսնեին, նոր միայն կաշառքից կուրացած աչքերը բացեին։

Նաեւ շեշտում են, որ գնահատել են մարդկանց կարիքները, ո՞ր մարդկանց, այն, որ չեք կարողացել անգամ գտնել եւ անհեթեթ մոտավոր թիվ գրել, թե բա50_1000 մարդ, չեք գտնի աշխարհում որեւէ փաստաթուղթ, որում մարդկանց մոտավոր քանակը այսպիսի մեծ սանդղակով նշվի, սա ոչ միայն հակագիտական է, այլ խորը հակատրամաբանական։

Բայց սա դեռ ոչինչ է, համեմատած առաքելության ներկայացուցիչ Դյուժարիկի լկտիության հետ.

«Մեր գործընկերներին ապշեցրել է այն հանկարծակիությունը, որով տեղի բնակչությունը լքել է իրենց տները և այն տառապանքը, որը, հավանաբար, պատճառել է նրանց այդ փորձությունը։ Մեր մասնագետները վերջին հրադադարից հետո քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության մասին ոչ մի հաղորդագրության չեն հանդիպել ո՛չ տեղի բնակչությունից, ո՛չ էլ այլ անձանցից»։

Սա այն դեպքում, երբ ամիսներ շարունակ ահազանգում էինք հնարավոր բոլոր հարթակներում, պահանջում ՄԱԿ-ի դիտորդներ։ Պաշարման հետեւանքով մահացության դեպքեր, սովահարության սարսափելի հետեւանքներ ու տառապանք, էս ամենը չեն իմացել ու ապշել են, որ մարդիկ ՀԱՆԿԱՐԾ դուրս են եկել ու փախել, բռնի տեղահանվել։

ՄԱԿ-ի սույն բյուրոկրատները վարկաբեկում են ողջ կառույցը եւ նպաստում Ալիեւի, Պուտինի եւ բոլոր մեծ ու փոքր դիկտատորների հիմնական նպատակին` վերացնել ու արժեզրկել միջազգային իրավունքի բոլոր մեխանիզմները, վերահաստատել ուժի իրավունքը, սրա հետեւանքները միայն մենք չենք կրելու, սա ձեր դեմ է դուրս գալու եւ այդ օրը հեռու չէ, ցավոք»։