Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը   մայիսի 1-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:

Նիստում քննարկվել են Արցախի Հանրապետությունը  Հայաստանի Հանրապետությանը  կապող  Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների ազատ երթևեկությանը  խոչընդոտող անօրեն  գործողություններին, դրանց հետագա կանխմանը և առնչվող այլ հարցեր:

Ներկայացվել է օպերատիվ վիճակը միջանցքի տարածքում, ընդգծվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խստիվ պահպանման անհրաժեշտությունը:

Նախագահ Հարությունյանը համապատասխան կառույցների ղեկավարներին որոշ հանձնարարականներ է տվել, այդ թվում՝ ՌԴ խաղաղապահների հետ համագործակցությամբ հնարավորինս ապահովելու Շուշիի շրջանի՝ կրկնակի շրջափակման մեջ հայտնված չորս գյուղերի անվտանգությունն ու կենսագործունեության համար անհրաժեշտ ապրանքների մատակարարումը: