«Տղա ունենամ, պահեմ մեծացնեմ ու ծերանոց ընկնե՞մ» . Չնայած հայերի՝ արու զավակ ունենալու մոլուցքին, ծերանոցներում հայտնված տարեցների մեծ մասը որդիներ ունի

«Տղա ունենամ, պահեմ մեծացնեմ ու ծերանոց ընկնե՞մ» . Չնայած հայերի՝ արու զավակ ունենալու մոլուցքին, ծերանոցներում հայտնված տարեցների մեծ մասը որդիներ ունի
«Տղա ունենամ, պահեմ մեծացնեմ ու ծերանոց ընկնե՞մ» . Չնայած հայերի՝ արու զավակ ունենալու մոլուցքին, ծերանոցներում հայտնված տարեցների մեծ մասը որդիներ ունի

Անցած կյանքը  85-ամյա Հայկազ Աթոյանը խնամքով ամբարել է սովետական կենսագրությամբ լուսանկարչական ալբոմում: Ապրած տարիները նրան են նայում սև ու սպիտակ  լուսանկարներից:  Ծերունական ձեռքերով փորձում է գտնել ընտանեկան լուսանկարը:

«Ես եմ, կինս է, երեք տղաներս ու աղջիկս…,-դողացող ձեռքերով հասցնում է լուսանկարը մի կողմ դնել, հայացքը փախցնում է, արցունքները թաքցնում, սակայն հուզմունքը խեղդում է ձայնը,- երեք որդի, աղջիկ, 12 թոռ ու երկու ծոռ ունեմ: Բոլորն էլ կան: Կյանքս ուրիշ էր… ինչ էի՝ ինչ եմ դառել»:

Հայկազ Աթոյանը  հինգ տարի է ինչ ապրում է  Երևանի թիվ մեկ տուն ինտերնատում: Ընտանեկան տարբեր պատճառներով բնակարանը  տարիներ առաջ վաճառել է, գումարը տվել փոքր որդուն, այնուհետև գրեթե վեց ամիս վարձով ապրելուց հետո, չորս երեխաների հայրը սեփական կամքով հայտնվել է ծերանոցում:

2

«Տղա ունենամ, պահեմ մեծացնեմ, հարսանիքներ անեմ  ու էսօր գամ ծերանոց ընկնե՞մ: Ու ի՜նչ օրով եմ պահել,  ի՜նչ տանջանքով: Տղեն քոնը չէ, ես իմ աղջկա ցավը տանեմ, աղջիկ ունեմ էլ դու սուս, հազար տղա արժե, ամեն ամիս ինձ այցելում է: Տղաներս չեն էլ գալիս: Ես իրենց տները չեմ էլ գնում, մեկ-մեկ, ոնց պետքա լինի՝ զանգում են, էն մի տղուս էլ, թե հանդիպեմ, կարողա հանի մի 5000 դրամ փող տա՝ սիգարետի փող»,- «Մեդիալաբին» հուզված ասում է Հայկազ Աթոյանը:

Հայ հասարակությունում, որտեղ ավանդական ընտանիքի գաղափարը հիմնականում ձևավորվում է տան մեծի շուրջը, ով համարվում է օջախի սյունը, խիստ քննադատաբար են մոտենում նրանց ովքեր օր ծերության ծնողին նմանատիպ հաստատություններ են տանում: Պարսավանքն էլ ավելի է մեծանում, երբ ընտանիքի կողմից աստվածացվող որդիներն են այդ քայլին դիմում: Գաղտնիք չէ, որ շատ ընտանիքներ նախապատվությունը տալիս են տղա երեխաներին՝ հույսեր փայփայելով, որ ընտանիքի որդին օր ծերության ծնողներին նեցուկ կլինի:

Սակայն, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի  հայաստանյան գրասենյակի՝ Գյումրու եւ Երեւանի երկու տուն ինտերնատներում անցկացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ 623 տարեցների առնվազն 72 տոկոսը որդիներ ունեն: Ըստ ուսումնասիրության, ծնողներին ծերանոցներում չեն այցելում որդիների 61 տոկոսը: 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը»  համակարգող Աննա Հովհաննիսյանը նշում է, որ դուստրերի դեպքում ցուցանիշն էականորեն տարբերվում է: Ծնողներին չեն այցելում 49 տոկոսը:

«Շատ է խոսվում հայ ընտանիքներում արու զավակների նախապատվության մասին, ինչը հետագայում կհանգեցնի սեռային անհամամասնություն: Հայ հասարակության նահապետական կարգերը սոցիալական անհամամասնություն են ստեղծում և միտված են շահեկան լինելու տղա երեխաների համար:»,- «Մեդիալաբին» ասում է Հովհաննիսյանը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության՝ «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազոտության տվյալների համաձայն, ամեն տարի առնվազն 1500 աղջիկ չի ծնվում՝սեռով պայմանավորված հղիության ընդհատումների հետեւանքով:

Ըստ ուսումնասիրության, յոթ հղի կանանցից միայն մեկն է ցանկանում երեխա ունենալ, ինչի հետևանքով Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը` 2012-ին կազմելով 114 տղա-100 աղջկա դիմաց: Մինչդեռ բնական է համարվում 102-106 տղա` 100 աղջիկ հարաբերակցությունը:

Թիվ մեկ տուն ինտերնատում բնակվող 240 խնամյալներից շատերը ժամանակին երազել են որդի ունենալու մասին: Նրանք նշում են, որ երբևէ չեն էլ պատկերացրել, թե սեփական կյանքը օրը ծերության կարող է նման շրջադարձ ունենալ: Շատերը, կյանքի մայրամուտին անցած կյանը թերթում են էջ առ էջ՝ փորձելով հասկանալ, թե որտեղ են սխալվել:  

Տուն ինտերնատի հերթափոխի պետ Հարություն Նազլուխանյանը նշում է, որ խնամյալները՝ 42-94 տարեկան, ամեն օր սպասում են, որ իրենց կայցելեն:

«Այս մարդիկ մեն ամեն օր սպասում են իրենց երեխաներին:  Պատահում է, որ ստում են, թե երեխաներ չունեն: Իր իրավունքն է, չենք ուզում ավելորդ անգամ հուզվեն: Ամենամեծ խնդիրը նրանց համար հարազատների հետ կապը պահպանելն է,-«Մեդիալաբին» ասում է Նազլուխանյանը,- Ես անձամբ թույլ եմ տալիս մեր հեռախոսով զանգեն: Ինքս եմ անգամ զանգում, խնդրում, անգամ պարտադրում, որ գան: Զգում եմ, որ ունեն դրա կարիքը, էական չէ հարազատները լավն են, թե վատը, էս մարդիկ կարոտում են…»:

Տարբեր ճակատագրերի տեր մարդկանց կյանքը հավաքել է մեկ ընդհանուր տանիքի տակ: Ժամանակին տուն, ընտանիք, երեխաներ, հարազատներ են ունեցել, այդ ամենը թողած դրսի աշխարհում այսօր  ապրում են բոլորովին այլ իրականությունում:

janeta

Կյանքի վերջին տարիները նրանք անցկացնում են  օտար, սակայն տարիների ընթացքում հարազատացած մարդկանց կողքին:

75-ամյա Ժանետա Չիլինգարյանը և 72-ամյա Լաուրա Հայրումյանը մեկ տարի է ինչ կիսում են նույն սենյակը, հոգսերն ու կիսվում հիշողություններով: Լաուրան տուն ինտերնատում է արդեն 9 տարի, արմատներով Գետաշենցի է, երեխաներ չունի, երբեւէ ամուսնացած չի եղել: Եղբոր մահից հետո տեղափոխվել է տուն ինտերնատ:

Ժանետան «դրսում» է թողել երեք որդիներին, տուն ինտերնատում է 2014-ի օգոստոսից:

Փոքրիկ, հնամաշ պայուսակից Ժանետան հանում է փաստաթղթերը, երիտասարդ տարիների լուսանկարները: Պատմում է, որ ծնվել է Հալեպում, հետո ընտանիքով  տեղափոխվել են Թեհրան, ավելի ուշ՝ հայրենադարձվել Հայաստան, որտեղ և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժինը:

«Հիանալի երգում էի, ամուսնանալուց հետո ամեն ինչ վերջացավ: Երեք տղաներս ծնվեցին, զուգահեռ սկսեցի քույրական դասընթացների գնալ, 1946 թվականից աշխատում էի Նուբարաշենի հոգեբուժարանում: Պարսկերեն գիտեմ, ֆրանսերեն: Երբ հիշում եմ մենակությունս, գոհ եմ, որ այստեղ եմ… մարդու կողքին պետք է մեկը լինի, նստում ենք, խոսում, վատ ես զգում՝ գոնե մի դեղ հասնող է լինում»,- «Մեդիալաբին» ասում է Չիլինգարյանը: 

Լսվում է բջջայինի հեռախոսազանգ, որին հաջորդում է նրա հուզված ձայնը.

«Ալո…, հա ջա՜ան, ոչինչ ցավդ տանեմ, ես լավ եմ Ռուբիկ ջան, դու ոնց ես, լա՞վ ես…  ամեն ինչ նույնն է, դու ասա, դու ո՞նց ես ցավդ տանեմ…»:

 Ժանետա Չիլինգարյանը երեք որդիներից միայն փոքրի հետ կապ ունի, ով ապրում և աշխատում է Մոսկվայում: Միջնեկ որդուց ընդհանրապես տեղեկություն չունի, իսկ ավագին վերջին անգամ տեսել է տարիներ առաջ:

«Ամեն գիշեր, երբ աղոթում եմ աստծուն խնդրում եմ, ասում եմ. աստված ջան, կյանքս այդքան տարի հետ գնար, ու ես աղջիկ երեխաներ ունենայի: Առաջին երեխաս աղջիկ էր, երկու տարեկանում հիվանդությունից մահացավ, երանի ողջ մնար… Փոքր տղաս ազատամարտիկ ա եղել, ասում է ամաչում է, որ ես այստեղ եմ… Աղոթում եմ, որ առողջ լինեն, գործերում հաջողություն ունենան, թող ինձ չճանաչեն, թող իմանան մայր չունեն, եթե այդպես պետք է համարեն, բայց թող լավ լինեն: Փոքր տղիցս շատ գոհ եմ, աստծու աչքը վրեն լինի»,-ասում է Չիլինգարյանը:

Տուն ինտերնատի սոցիալական աշխատող Լիլիթ Պողոսյանը ասում է, որ մեծերը  շատ են սիրում իրենց երեխաներին, լավ են տրամադրված նրանց նկատմամբ ու երբեք չեն վատաբանում, ավելին, մշտապես պատրաստ են արդարացնել իրենց երեխաների քայլերը: Պողոսյանը նշում է, որ ունեն  խնամյալներ, ովքեր ընդհանրապես այցելուներ չունեն, բայց  իրենք տեղյակ են, որ նրան հարազատներ ունեն:

«Նրանց համար շփումը կարևոր է, որ խոսեն ու շփվեն, կարոտում են: Երեխեքը կարծում եմ շատ զբաղված են լինում, որ իրենց ծնողների մասին չեն էլ հիշում»,-ասում է նա:

Պողոսյանը նշում  է՝ դուստրերն ավելի հոգատար են, ավելի շատ են մտածում ծնողների մասին, օգնության հասնում ամենանեղ պահերին, ի տարբերություն որդիների պահումծնողներին, օգնության հասնում նրանց, ամենանեղ իրավիճակում:

«Տուն ինտերնատ էլ դուստրերն ավելի հաճախ են այցելում, ավելի շատ նրանց հետ եմ առնչվել, քանի որդիների: Կարծում եմ հիմա ավելի հակված են տղաներ ունենալուն, ոչ թե նրա համար, որ ապագայում իրենց պահեն,այլ որ ցեղը շարունակող լինի: Արժեքները ասես փոխվում են, ու ամեն մարդ իր կյանքի համար է պատասխանատու դառնում միայն»,-ասում է Պողոսյանը:

lyuba

69-ամյա Լյուբա Այվազյանն էլ երկու տղաների մայր է: Շուտով մեկ տարին կլրանա,  ինչ ապրում է տուն ինտերնատում: Տղաներից մեծն՝ ԱՄՆ-ում է, փոքրը՝ Հայաստանում: Լյուբան պատմում է, որ մեծ տղային ամաչում է ասել, որտեղ է հիմա ինքը գտնվում, փոքրն էլ, որ երկրորդ կնոջ հետ ապրում է Արարատում, անհարմար է զգում մորն այցելել «ծերանոցում»:

Տարեցները փորձում են ժամանակը զսպանակի պես ձգել, ապրում են անցյալով, թերթում ապրած կյանքի ամեն մի էջը, վերհիշում ամեն մի մանրուք:

 «Երկար տարիներ հաշվապահ եմ աշխատել, մինչև ամուսնանալս բորտ ուղեկցորդուհի էի աշխատում, լավ բնակարան եմ ունեցել, լավ կյանքով եմ ապրել, ու ոնց եմ պահել մեծացրել տղաներիս… դե հիմա ինչ անեմ, տունը վաճառեցին, իրենք գնացին, ես մնացի փողոցում: Էլի գոհ եմ, ուտելը կա, քնելու տեղը կա, քչով բավարարվող մարդ եմ: Ամեն տաս օրը մեկ գնում եմ երեք տղա  թոռներիս տեսնելու, հիմա էլ նրանցով եմ ապրում, ինչպես ժամանակին տղաներովս»,-պատմում է Լյուբան մաքրելով արցունքներից խոնավացած այտերը:

Մանե Հարությունյան

Լուսանկարները՝ «Մեդիալաբի»

© Medialab.am