Բժիշկների անունով կեղծ հոլովակները մոլորեցնում են «հրաշք միջոցների» մասին խոստումներով. «Խաբեբաներն արդեն անցել են սահմանները»

«Խաբեբաներն արդեն անցել են սահմանները. գրեթե ամեն օր զանգեր եմ ստանում քաղաքացիներից, որոնք հարցնում են իմ «գովազդած» դեղերի, այդ թվում՝ իմպոտենցիայի դեմ պատրաստուկների մասին։ Պարզվում է՝ արհեստական բանականության միջոցով ամբողջությամբ կեղծել են ձայնս ու արտաքինս և իմ անունից գովազդներ պատրաստել»,– «Մեդիալաբին» ասում է ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը։

Վահե Տեր-Մինասյանը հայտնի ուռուցքաբան-գինեկոլոգ է, հանրային ճանաչում ունեցող բժիշկ, որը տարիներ շարունակ նաև առողջապահական թեմաներով հաղորդումներ է վարել, այդ թվում՝ «Մի՛ վնասիր» հաղորդաշարը։

Նրա խոսքով՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ գովազդային հոլովակներում հաճախ ներկայացվում են ոչ թե դեղեր, այլ կենսաբանական ակտիվ հավելումներ (БАД – биологически активные добавки), որոնք դեղորայք չեն համարվում։

Ի տարբերություն պաշտոնական դեղամիջոցների, որոնք անցնում են երկարատև կլինիկական փորձարկումներ և պետք է ունենան գիտականորեն ապացուցված արդյունավետություն, նման հավելումները չեն ենթարկվում նույն խիստ վերահսկողությանը, ուստի չեն կարող ներկայացվել որպես լիովին անվտանգ կամ բուժիչ միջոցներ։

Չնայած այս հանգամանքին՝ կենսաբանական ակտիվ հավելումների արտադրությունը վերածվել է հսկայական գլոբալ բիզնեսի։ Քանի որ դրանց փաթեթավորումը հաճախ արտաքուստ չի տարբերվում սովորական դեղամիջոցներից, սպառողները հեշտությամբ մոլորության մեջ են ընկնում։

«Եթե երիտասարդ սերունդը դեռ կարողանում է տարբերակել համացանցային կեղծիքը, ԱԲ-ի միջոցով գեներացված տեսանյութերն ու նկարները, ապա մեր 60-80 տարեկանները պարզապես անպաշտպան են։ Նրանք, վստահելով բժշկին, բժշկի անվանն ու հեղինակությանը, տվյալ դեպքում՝ ինձ, հավատում են այդ տեսանյութերին և գնում այդ անորակ, վտանգավոր հավելումները։ Իսկ երբ որևէ արդյունք չեն ստանում կամ, ավելի վատ, առողջական վիճակն է վատանում, մտածում են, թե ես եմ անամոթաբար գովազդել այդ անորակ ապրանքը։ Սա ոչ միայն հարված է բժշկի համբավին, այլև իրականում մասսայական առողջությանը սպառնացող ծայրահեղ վտանգավոր երևույթ է»,– ասում է Վահե Տեր-Մինասյանը։

Ասում է՝ իրավիճակի լրջությունը հաշվի առնելով, ճարահատյալ, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հորդորելով զգուշանալ խաբեբաներից։

«Սիրելի բարեկամներ, պաշտոնապես տեղեկացնում եմ, որ երբևէ չեմ նկարահանվել և չեմ պատրաստվում նկարահանվել որևէ դեղամիջոցի գովազդային հոլովակում։ Ցավոք, արհեստական բանականությունը հեշտությամբ թույլ է տալիս ստեղծել կեղծ հոլովակներ և լայնորեն տարածել։ Հատկապես տարեց մարդիկ են հեշտությամբ խաբվում և դառնում նման «գործարարների» զոհը։

Ուստի եթե որևէ տեղ կտեսնեք իմ մասնակցությամբ դեղի կամ դեղամիջոցի գովազդ, վստահաբար իմացեք, որ դիտում եք ձեր առողջության համար վտանգավոր ու կեղծ տեսանյութ»,- գրել է Վահե Տեր-Մինասյանը։

Բժիշկը զգուշացնում է, որ նման կեղծ գովազդները հատկապես վտանգավոր են այն դեպքերում, երբ խոսքը առողջական խնդիրների մասին է, որոնց շուրջ մարդիկ հաճախ ամաչում են խոսել կամ հետաձգում են բժշկին դիմելը։

Կան առողջական խնդիրներ, օրինակ՝ տղամարդկանց մոտ հանդիպող էրեկտիլ դիսֆունկցիան, որոնց մասին նրանք խուսափում են բարձրաձայնել կամ պարզապես ամաչում են անձամբ դիմել բժշկի։ Համացանցում տեսնելով հեղինակավոր ու ճանաչված բժշկի կողմից առաջարկվող «անանուն» և «հրաշագործ» լուծումը՝ նրանք, առանց տատանվելու կամ խնդրի խորքը հասկանալու, անմիջապես պատվիրում են այդ միջոցները։

Մի դեպքում խաբեբաները թիրախավորում են առողջական զգայուն խնդիրներ ունեցող մարդկանց՝ շահարկելով նրանց ամոթի զգացումը և բժշկին չդիմելու ցանկությունը, մյուս դեպքում շահարկվում է մեր օրերում լայն տարածում ունեցող մեկ այլ խնդիր՝ ավելորդ քաշը և արագ նիհարելու ցանկությունը։ Հենց այս թեմայով էլ, Վահե Տեր-Մինասյանի խոսքով, իր անունից կեղծ գովազդներ են պատրաստվել՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված իր նմանօրինակով։

Բժիշկն անձամբ է փորձել կապ հաստատել այդ գովազդների հետևում կանգնած անձանց հետ՝ առանց ներկայանալու հարցնելով, թե արդյոք տվյալ միջոցն իսկապես ինքն է գովազդում։

«Իմ անունից նաև նիհարելու միջոց էին գովազդել։ Երբ զանգահարեցի ու առանց ներկայանալու, թե ով եմ, հարցրեցի, թե արդյո՞ք Վահե Տեր-Մինասյանն է գովազդում, պատասխանեցին. «Այո՛, այո՛, իհարկե, դա իր մշակածն է, ինքն է ստեղծել այս դեղամիջոցը»։ Պարզվում է՝ ես նույնիսկ նման դեղեր եմ ստեղծում։ Շատ լկտի ձևով խաբում են, իսկ երբ ասացի, թե ով եմ, պարզապես անջատեցին հեռախոսը»,– պատմում է Վահե Տեր-Մինասյանը։

Նրա խոսքով՝ նման ընկերությունները հաճախ ֆիզիկապես գոյություն չունեն Հայաստանում, չունեն գրասենյակներ, իսկ պատվերները հասցնում են միայն առաքիչների միջոցով։ Վերջերս, սակայն, բժշկին հաջողվել է գտնել մի ընկերություն, որն ուներ գրանցված գրասենյակ։

Տեր-Մինասյանի փոխանցմամբ՝ երբ զանգահարել է և սպառնացել դատի տալ, ընկերության ներկայացուցիչները սկսել են արդարանալ՝ պնդելով, թե իրենք կապ չունեն, և դա «արտասահմանյան գործընկերների» արածն է։

«Մի ընկերության ասացի՝ ձեզ դատի եմ տալու և բարոյական փոխհատուցում եմ պահանջելու, ինչը, որքան գիտեմ, մինչև 2 միլիոն դրամ է։ Ասացի, որ այդքան վճարելուց բացի, իրենց խայտառակ եմ անելու։ Որպեսզի հանրային խայտառակությունից խուսափեն, առաջարկեցի, որ իմ ներկայությամբ այդ 2 միլիոն դրամը փոխանցեն բարեգործական հիմնադրամի հաշվին, և իրենք փոխանցեցին»,– պատմում է Վահե Տեր-Մինասյանը։

Այս ամենը տարածվում է հենց թիրախային խմբերի շրջանում։ Համակարգը թիրախավորում է 60-ից բարձր տարիքի մարդկանց։ Մարդիկ, մեդիագրագիտության պակասի պատճառով, կուրորեն հավատում ու պատվիրում են։ 

Գովազդվող պատրաստուկներից մեկը, որի տարածումը, ըստ բժշկի, հաջողվել է կանխել, «Մեղվի ուժ» անունով ներկայացվող հավելումն է։ Այս պատրաստուկի մասին բաց աղբյուրներում տեղեկություններ գրեթե չկան: Բժշկի խոսքով՝ բացահայտվելուց հետո այս կենսաբանական հավելումի վերաբերյալ տեսանյութերի և գովազդների մեծ մասը հեռացվել է համացանցից։

Վերջին տարիներին, հատկապես արհեստական բանականության տարբեր գործիքների ի հայտ գալուց հետո, հայկական սոցիալական ցանցերում հայերեն և ռուսերեն կեղծ բովանդակությամբ գովազդների տարածումը հսկայական ծավալների է հասել։ Դրանք հատկապես հեշտ են տարածվում այն օգտատերերի շրջանում, որոնք չունեն բավարար մեդիագրագիտություն և դժվարությամբ են տարբերակում իրական ու կեղծ բովանդակությունը։

Առողջապահական կեղծ գովազդների դեպքում այս խնդիրը հատկապես վտանգավոր է տարեցների համար։ Առողջապահական տեղեկության վստահելիության գնահատման և ապատեղեկատվության տարածման վերաբերյալ հետազոտության համաձայն՝ 58-83 տարեկան մասնակիցների կողմից սոցցանցերում կիսվելու համար ընտրված առողջական թեմաներով նյութերի 62,5%-ը կեղծ տեղեկություններ է պարունակել։

Հայաստանում, ինչպես նաև աշխարհի շատ երկրներում, սոցիալական ցանցերում ավելի ու ավելի հաճախ են հանդիպում մոլորեցնող և կեղծ բովանդակությամբ գովազդներ, որոնցում խաբեբաները շահարկում են հայտնի բժիշկների անուններն ու տեսքը։

Նման խնդրի է բախվել նաև մեկ այլ բժիշկ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Իդա Նավասարդյանը․ նրա անվամբ ու արտաքինով պատրաստուկի կեղծ գովազդի մասին նա պատահաբար տեղեկացել է մտերիմներից։

«Որքան էլ տեսանյութը, իմ տեսքն ու ձայնն իրատեսական էին, միևնույն է՝ ինձ ճանաչող մարդիկ վստահ էին, որ ես նման բովանդակությամբ գովազդ չէի անի, և զանգել էին ինձ։ Գովազդը ոչ պրոֆեսիոնալ էր՝ «միայն թե իմանաք, միայն թե տեսնեք՝ ինչի մասին են լռում բժիշկները» բովանդակությամբ։ Բայց բժիշկները նման գովազդներում չեն նկարահանվում, որովհետև ոչ մի բժիշկ չգիտի որևէ «հրաշք միջոց», որը թաքցնում է ժողովրդից»,– ասում է Իդա Նավասարդյանը։

Նավասարդյանի խոսքով՝ թեև մասնագիտական շրջանակում կեղծիքը հեշտությամբ նկատել էին, լայն լսարանի համար այն արժանահավատ էր թվացել։ Այդ մասին էին վկայում ոչ միայն տեսանյութի տակ հայտնված բազմաթիվ արձագանքներն ու հավանումները, այլև իրեն՝ բժշկին ուղղված բուժառուների անվերջանալի հարցերը։

«Շատ-շատ էին հարցնում իբր իմ գովազդած դեղերի արդյունավետության մասին. հիշում եմ՝ մի անգամ էլ մի տղամարդ հարցրեց ցիստիտի դեղի մասին։ Այսինքն՝ իմ անունից տարբեր դեղեր են գովազդվել, ու ես ինքս ոչ բոլորն եմ տեսել։ Ընդ որում, զանգում էին նաև գիշերով. երևի հեռախոսահամարս կցված էր տեսանյութին, և անմիջապես զանգահարելու կոճակ կար։ Ես ստիպված մի քանի օր անջատել եմ ինտերնետս, որ ուշ ժամի այդ զանգերը չստանամ»,– «Մեդիալաբին» պատմում է բժշկուհին։

Կեղծ գովազդը

Նավասարդյանի խոսքով՝ կեղծ գովազդներից մեկում անգամ պնդել են, թե տվյալ դեղամիջոցը բուժել է ամերիկյան հայտնի երգչուհիներից մեկին, որն իրականում արդեն մեռած էր։ Դրա պատճառով օգտատերերից մեկը բժշկուհուն ուղղակիորեն խաբեբա էր անվանել։ Նավասարդյանը նշում է, որ սկզբում շատ էր վրդովվում, բայց հիմա արդեն հարմարվել է, քանի որ նույն մեթոդը կիրառվում է նաև տեղացի ու օտարերկրացի բազմաթիվ այլ բժիշկների նկատմամբ։

«Նմանատիպ գովազդների դեմ պայքարելը նաև տեխնիկապես էր անհնար. պարզապես չէր հաջողվում բողոքարկել այդ էջերը»,- նշում է բժշկուհին։ 

Ի պատասխան «Մեդիալաբի» հարցման՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գերատեսչությունը նման դեպքերի քննությամբ չի զբաղվում և այդ մասով համապատասխան գործառույթներ չունի։

ԱԱԾ-ից էլ հայտնել են, որ սոցիալական հարթակներում ԱԲ-ով գեներացված կեղծ տեսանյութերի կամ դրանց միջոցով գումարներ կորզելու վերաբերյալ փաստական տվյալներ չեն ստացել։

Պետական մարմինների սահմանափակ արձագանքի պայմաններում նման խարդախություններից պաշտպանվելու հիմնական միջոցներից մեկը մնում է հանրային իրազեկումը։ Մեդիագրագիտության և առողջապահական կեղծ գովազդները ճանաչելու վերաբերյալ լայնածավալ արշավները կարող են օգնել քաղաքացիներին, հատկապես՝ ավագ սերնդին, չդառնալ նման սխեմաների թիրախ։

Երևանի բնակիչ 48-ամյա Արմեն Մանուկյանի պատմությունը ցույց է տալիս, որ նման դեպքերում խոցելի մարդիկ հաճախ փաստացի մնում են առանց պաշտպանության։ Մորաքրոջ մահից հետո ընտանիքը պարզել է, որ ծանր հիվանդություն ունեցող կինը տևական ժամանակ նման խարդախության զոհ է եղել։

«Երբ մորաքույրս մահացավ, կարճ ժամանակ անց նրա հեռախոսին անընդհատ նույն համարից զանգեր էին գալիս։ Երբ պատասխանեցինք, պարզվեց՝ այն «հրաշք» քսուքի վաճառողներն էին, որը նա ամեն ամիս գնում էր։ Ասում էին՝ խխունջներից պատրաստված քսուք է, որը իբր պիտի բուժեր նրա ծանր հիվանդությունը, այն էլ՝ բավականին թանկ։ Հետո այդ հեռախոսահամարը դարձավ անհասանելի։ Ո՞վ պիտի պատասխան տա այս մարդկանց համար»,– ասում է Արմեն Մանուկյանը։

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am