Վահան Դիշլանյանը բանկում փորձել է ակտիվացնել նվեր քարտը, բայց այդպես էլ չի կարողացել:
«Քարտն ակտիվացնելն ուղղակի անհնար էր, քանի որ ես տեսողության խնդիր ունեմ»,– «Մեդիալաբին» պատմում է Դիշլանյանը։
Բանկում թերթել էին նրա անձնագիրը, մուտքագրել տվյալներն ու խնդրել սպասել։ Վահանն արդեն հասկացել էր՝ խնդիր է առաջանալու։
Աշխատակցուհին վերադարձել ու ասել էր, որ չեն կարող շարունակել գործընթացը, քանի որ Վահանը տեսողության խնդիր ունի, իսկ բանկում պետք է փաստաթղթեր ուսումնասիրել ու ստորագրել։ Վահանը բացատրել էր, որ կարող է ինքնուրույն ստորագրել, սակայն նրան պատասխանել էին՝ եթե չի տեսնում՝ ինչի՞ տակ է ստորագրում, ինչպե՞ս կարող է ստորագրել։
«Առաջարկեցի պայմանագիրն էլեկտրոնային տարբերակով ուղարկել, որպեսզի ծանոթանամ ու նոր ստորագրեմ, բայց մերժեցին: Առաջարկեցի նաև տեղում՝ հեռախոսի ընթերցող ծրագրով բարձրաձայն կարդալ ու նոր ստորագրել, բայց էլի մերժեցին՝ նշելով, որ միակ լուծումը նոտարով վավերացված լիազորագիրն է, և պետք է ներկայանա լիազորված անձ, որն իմ փոխարեն կկատարի գործարքը։ Այսինքն՝ ընդամենը պետք է քարտն ակտիվացնեին, և որևէ անվտանգության խնդիր չկար»,– պատմում է Դիշլանյանը, որը բանկերի հետ առնչվելիս արդեն երրորդ անգամ էր նման խնդրի բախվում։
Դիշլանյանը խտրականության հիմքով դիմել է դատարան։ Նա հայց է ներկայացրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի դեմ՝ պահանջելով ճանաչել հաշմանդամության հիմքով խտրականության և խելամիտ հարմարեցումներ չտրամադրելու միջոցով սպասարկումը մերժելու ոչ իրավաչափությունը։ Հայցով նա նաև պահանջում է պարտավորեցնել բանկին իրեն սպասարկել մյուս հաճախորդների հետ համահավասար հիմունքներով, ինչպես նաև բռնագանձել 300 հազար և 1 միլիոն դրամ՝ որպես հատուցում։
Ասում է՝ խնդիրը նոր չէ։ Առաջին անգամ 2-3 տարի առաջ էր, երբ բանկերից մեկում հրաժարվում էին մոբայլ բանկինգի ծառայությունն ակտիվացնել։ Պատճառաբանությունը նույնն էր՝ տեսողության խնդիրը։ Հաշմանդամության թոշակը ստանալու համար քարտը ուներ, բայց մոբայլ ծառայությունը չէին տրամադրում։
«Թղթեր ստորագրելու կարիք անգամ չկար, բայց ասում էին՝ քանի որ չեմ տեսնում, հնարավոր է՝ մեկ ուրիշն իմ մոբայլ բանկինգով օնլայն վարկեր ձևակերպի, իսկ ես հետո հրաժարվեմ պատասխանատվությունից։ Ի վերջո, երկար բանակցություններից հետո ծառայությունն ակտիվացրին միայն տեսաձայնագրման պայմանով, որտեղ ֆիքսվեց, որ պատասխանատվությունը կրելու եմ ես»,- ասում է Վահանը։
Խնդիրներն ու դրանց լուծումները բանկից բանկ, երբեմն նույնիսկ մասնաճյուղից մասնաճյուղ տարբեր են։ Միասնական մոտեցում չկա, ինչի հետևանքով տեսողության խնդիր ունեցող քաղաքացիների համար բանկային մի շարք գործարքներ վերածվում են փորձության՝ ոչ թե տեսողության խնդրի, այլ համակարգի հարմարեցված չլինելու պատճառով։
Հայաստանում ապրում է շուրջ 17 հազար տեսողության խնդիր ունեցող անձ, մինչդեռ բանկային համակարգում դեռևս չկան միասնական խելամիտ հարմարեցումներ և լուծումներ, որոնք քաղաքացիներին կպաշտպանեն քաշքշուկներից ու խտրական մոտեցումից։
Եթե Վահանը խնդիր է ունեցել մոբայլ բանկինգն ակտիվացնելու հարցում, ապա Ամալյա Հովհաննիսյանը չի կարողացել հաշմանդամության թոշակը ստանալու համար քարտ վերցնել բանկից։ Ընդ որում՝ թոշակը անկանխիկ ստանալու պահանջը Կառավարության կողմից է ներդրվել։
«Քանի որ 2026 թվականի ապրիլի 1-ից կենսաթոշակները բացառապես անկանխիկ եղանակով ստանալու պահանջ դրվեց, ես դիմեցի բանկ՝ քարտ ձևակերպելու համար։ Սակայն ինձ ասացին, որ դա հնարավոր չէ, քանի որ տեսողության խնդիր ունեմ։ Ընդ որում՝ ես ունեմ թույլ տեսողություն, և եթե տառաչափը բավականաչափ խոշոր լինի, կարող եմ ինքնուրույն կարդալ ու ստորագրել։ Չնայած սրան՝ ինձ նորից մերժեցին՝ պնդելով, թե միակ տարբերակը նոտարական վավերացմամբ լիազորագիր հանելն ու գործարքը լիազորված անձի միջոցով կատարելն է»,- պատմում է Ամալյան։
Նման մոտեցումը մարդու իրավունքների խախտում է, նշում է հաշմանդամության հիմնահարցերի և մատչելիության փորձագետ Սիփան Ասատրյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական խնդիրներ ունեցող անձինք անգործունակ չեն համարվում։ Ըստ օրենսդրության՝ անձը կարող է անգործունակ ճանաչվել միայն դատարանի օրինական ուժի մեջ մեջ մտած վճռով՝ մտավոր կամ հոգեկան առողջության խնդիրների դեպքում։ Հետևաբար, եթե քաղաքացին դատարանի վճռով անգործունակ չի ճանաչվել, որևէ կառույց իրավունք չունի մերժել նրան ծառայության մատուցումը կամ պահանջել, որ իր փոխարեն գործարք կատարի մեկ այլ անձ։
«Լրացուցիչ լիազորագրերի կամ նոտարական վավերացումների պահանջը ոչ միայն հավելյալ ֆինանսական ծախսեր ու վարչարարական քաշքշուկներ է առաջացնում, այլև խախտում է բանկային ու ֆինանսական գաղտնիքի իրավունքը։ Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր ֆինանսական միջոցները, ավանդներն ու գործարքները գաղտնի պահել՝ նույնիսկ ընտանիքի անդամներից, մինչդեռ նման պարտադրված գործընթացներում այդ գաղտնիությունը հաճախ հնարավոր չի լինում ապահովել»,- նշում է Սիփան Ասատրյանը, որը նույնպես բանկերում բախվել է նույն խնդիրներին։
Նրան էլ նույն պատճառաբանությամբ մերժել են քարտ տրամադրել։ Երբ փորձել է բացատրել խնդիրը, բանկում հղում են արել Քաղաքացիական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ կետին։
«Այդ կետը վերաբերում է այն դեպքերին, երբ քաղաքացին ֆիզիկական արատի, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող ստորագրել և խնդրում է, որ իր փոխարեն այլ անձ ստորագրի։ Բայց այս դեպքում քաղաքացին ի վիճակի է ստորագրել։ Բանկերին առաջարկել եմ կիրառել խելամիտ հարմարեցումներ, օրինակ՝ տրամադրել պայմանագրի էլեկտրոնային տարբերակը կամ թույլ տալ, որ այն տեղում կարդամ հեռախոսի հատուկ ծրագրերով։ Սակայն բանկերը առաջնորդվում են միայն իրենց ձեռնտու մեկ կետով և պարզապես մերժում են մեզ»,- ասում է նա։
Սիփան Ասատրյանը խնդրով դիմել է պատկան մարմիններին։ Նախարարությունում Կենտրոնական բանկի, գերատեսչությունների, ՀԿ-ների և վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումներից հետո որոշվել է օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել, սակայն գործընթացը հետագայում կանգ է առել։
«Կենտրոնական բանկը շրջանառեց առաջարկները, մենք ներկայացրինք մեր դիտարկումները, սակայն ԱԺ ուղարկվելու փուլում գործընթացը կանգ առավ։ Նախատեսվում էին փոփոխություններ Քաղաքացիական օրենսգրքում և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում՝ խելամիտ հարմարեցումների մասով։ Թե ինչու նախագիծը չուղարկվեց Ազգային ժողով, հայտնի չէ, իսկ խտրականության դեպքերը շարունակվում են»,- ասում է Սիփան Ասատրյանը։
Ի պատասխան «Մեդիալաբի» հարցման՝ Կենտրոնական բանկից հայտնեցին, որ աշխատում են ֆինանսական կազմակերպությունների հետ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայություններից անվտանգ և ոչ խտրական օգտվելու հնարավորությունները բարելավելու ուղղությամբ։ Միաժամանակ ԿԲ-ն պաշտոնական պատասխանում նշել է, որ կողմ է ներառական լուծումներին, սակայն համակարգային և օրենսդրական փոփոխությունները Կառավարության ու պատասխանատու նախարարությունների իրավասության դաշտում են։
«Մեդիալաբը» պարզաբանում խնդրեց նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Այնտեղից հայտնեցին, որ բանկերում մոտեցումները տարբեր են․ մի մասը պահանջում է նոտարական լիազորագիր, մյուսները առաջարկում են եռանկյուն կնիք՝ որպես ստորագրության փոխարինում։
«Այստեղ իրավունքների ոտնահարում չկա, բայց չի կարելի բացառել, որ կլինեն մարդիկ, որոնք չեն ուզում որևէ մեկին վստահել իրենց անունից հանդես գալը։ Ներկայացուցչության ինստիտուտն անխուսափելի է նման իրավահարաբերություններում։ Նման խնդիրներ ունեցող շահառուների համար նախագիծ ենք շրջանառել, որով նախատեսվում է, որ մեր աշխատակիցը կօգնի նրանց»,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։
Նրա խոսքով՝ նախագիծը հստակ ընթացակարգեր է սահմանում և շուտով կարող է ընդունվել։ Նա միաժամանակ նշում է, որ խելամիտ հարմարեցումները Հայաստանում դեռ միայն մասամբ են կիրառվում, և համակարգը լիարժեք հասանելի դարձնելու համար զգալի անելիք կա։
«Այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են։ Որպեսզի շահառուներն իրականում կարողանան օգտվել ծառայություններից, անհրաժեշտ է պետական աջակցությամբ իրականացնել աստիճանական և բոլոր կողմերի համար ընդունելի փոփոխություններ։ Ներկայացված նախագիծը կարելի է համարել այդ անհրաժեշտ քայլերից մեկը»,- ասում է Գալստյանը։
Թեև խնդրի շուրջ քննարկումներ և օրենսդրական փոփոխությունների նախագծեր կան, գործնական լուծումները շարունակում են ուշանալ։ Մինչ այդ տեսողության խնդիր ունեցող քաղաքացիները ստիպված են կամ հարմարվել բանկերի տարբեր ու ոչ միասնական ընթացակարգերին, կամ իրենց իրավունքների պաշտպանությունը փնտրել դատարանում։
Սաթենիկ Հայրապետյան
MediaLab.am



















