Կեղծ աշխատանք, «քասթինգ», մերկ լուսանկարների պահանջ ու շանտաժ․ ինչպես են դեռահասներին ներքաշում օնլայն սեռական շահագործման մեջ

Երբ 16-ամյա Անին համացանցում համագործակցության առաջարկ ստացավ մի ընկերությունից, ասում է՝ «ահավոր ուրախացավ»։

«Ասում էին՝ արտաքինս շատ է համապատասխանում իրենց չափանիշներին, ու առաջարկեցին համագործակցել։ Ներկայացան որպես մարքեթինգային ընկերություն և ասացին, որ նորաբաց խանութի համար պետք է ռիլսեր նկարենք։ Սկզբում խոստացան յուրաքանչյուր տեսանյութի համար 5 հազար դրամ վճարել, հետո՝ 10 հազար։ Բայց այդ պահին ինձ ոչ թե գումարն էր հետաքրքրում, այլ այն, որ հնարավորություն ունեի այս ոլորտում առաջ գնալու ու զարգանալու։ Շատ ուրախացա և առանց երկար մտածելու համաձայնեցի»,- պատմում է Անին։

Ինստագրամում նա հաճախ էր կարճ տեսանյութեր՝ ռիլսեր հրապարակում և չէր էլ պատկերացնում, որ այդ առաջարկը կարող է իրեն ծուղակի մեջ գցել։

Անիի հետ շփումը շատ արագ տեղափոխվել է Տելեգրամ։ Այնտեղ նրան ասել են, թե հաջորդ փուլը «ավելի պրոֆեսիոնալ քասթինգն» է, և խնդրել են ուղարկել լուսանկարներ, որոնցում կազմվածքն ավելի ընդգծված կերևա։

Հետո հայտնել են, թե նա անցել է երկրորդ փուլ, բայց դրա համար արդեն նոր պայմաններ են առաջադրել՝ լուսանկարներում պետք է պարզ երևային ոտքերը, դեմքն ու խոր դեկոլտեն։ «Մրցույթի» առաջին փուլը հաղթահարած դեռահասը չի կասկածել և ուղարկել է պահանջված նկարները։

«Այդ ընթացքում մենք անընդհատ խոսում էինք, շատ էինք մտերմացել: Ընկերության անունից ինձ հետ կապ հաստատած անձը ներկայացել էր որպես Անիտա։ Իրենց էջում ուրիշ աղջիկների վիդեոներ էլ կային, դրա համար ընդհանրապես չէի կասկածում։ Տնեցիներին դեռ չէի ասել․ ուզում էի վերջնական հաստատվեմ, հետո անակնկալ անեմ»,- հիշում է Անին։

Շփումն այսքանով չի ավարտվել։ Անիտան Տելեգրամով Անիին ուղարկել է «աշխատանքային պայմանագիր», որտեղ աղջիկը լրացրել է իր անձնական տվյալները։ Նրանից խնդրել են ուղարկել նաև անձնագրի լուսանկարը՝ փաստաթղթավորումն ավարտելու պատրվակով։

Հաջորդ օրը պայմանները փոխվել են։ Անիին ասել են, թե արտասահմանյան բրենդի օնլայն կատալոգի համար պետք է անցնի «ներքնազգեստի ֆոտոսեսիայի» փուլը, ապա պահանջել են լիովին մերկ լուսանկարներ։ Անին հրաժարվել է տանը միայնակ նման նկարներ անել և խնդրել է այլ տարբերակ առաջարկել։

Այդ պահից Անիտայի տոնը կտրուկ փոխվել է. սկսվել են սպառնալիքները։

Քանի որ Անիի անձնագրային տվյալներն ու նախկինում ուղարկած բաց լուսանկարներն արդեն նրանց մոտ էին, սկսվել է բացահայտ հոգեբանական ճնշումը։ Նրան սպառնացել են, որ եթե չհամաձայնի ուղիղ եթերով նկարահանվել մեծահասակների համար նախատեսված էրոտիկ հարթակների համար, կհրապարակեն նրա անձնական տվյալներն ու լուսանկարները։

Միաժամանակ Անիին համոզել են, թե «աշխատանքային պայմանագիրը» խզելու դեպքում նա ստիպված կլինի մեծ չափով «տուգանք» վճարել։ Այսպես դեռահասին փորձել են պահել վախի և պարտավորության զգացման մեջ՝ շարունակելու այն, ինչին նա արդեն չէր համաձայնում։

«Ինձ համոզում էր, թե հարթակը փակ է, ոչ մի ծանոթ մարդ այնտեղ չի լինի, դեմքս էլ կփակեն։ Ասում էր՝ սա մեծ գումարներ աշխատելու հնարավորություն է, առաջին տեսանյութի համար 1000 դոլար խոստացան։ Ես մերժեցի։

Դրանից հետո արդեն բաց տեքստով ասացին, որ եթե չհամաձայնեմ, իմ նախկինում ուղարկած բոլոր լուսանկարները կհրապարակեն բաց հարթակներում և կուղարկեն ընկերներիս։ Ինձ երեք օր ժամանակ տվեցին։

Վախից ու անելանելիությունից շոկի մեջ էի, այնքան վատացա, որ տնեցիները շտապօգնություն կանչեցին։ Սարսափում էի ծնողներիս պատմել, չէի պատկերացնում՝ ինչպես եմ այս իրավիճակից դուրս գալու։ Ի վերջո, հասկացա, որ այլ ելք չունեմ և ամեն ինչ պատմեցի մայրիկիս։ Երևի այս ամբողջ պատմության մեջ դա իմ միակ ճիշտ որոշումն էր»,- պատմում է Անին։

Մայրիկին պատմելը դարձավ Անիի փրկությունը։ Ի հեճուկս հանցագործների հաշվարկի, թե դեռահասը վախից ու ամոթից կլռի ու կկատարի իրենց պահանջները, ընտանիքը միանգամից կապ է հաստատել իրավապահների հետ: Հասկանալով, որ զոհն այլևս իրենց հոգեբանական ազդեցության տակ չէ, և խաղի մեջ մեծահասակ է մտել, հանցագործները ջնջել են նամակագրությունն ու անհետացել:

Անիի հոգեբանական տրավման դեռ հաղթահարված չէ, և նա միակը չէ, ով դառնում է օնլայն շորթման ու կիբեռթրաֆիքինգի զոհ։ Հայաստանում նման դեպքերի վերաբերյալ առանձին վիճակագրություն չի վարվում, սակայն մասնագետները նշում են, որ դրանց մասին ավելի ու ավելի հաճախ են տեղեկանում և արձանագրում նման դեպքեր։

ԿԻԲԵՌՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃՆ ՈՒ ՆՈՐ ԹԻՐԱԽՆԵՐԸ 

«Գրանցվող և քննարկվող դեպքերը միանշանակ փաստում են աճի միտման մասին։ Մասնավորապես, տարեցտարի ավելանում են երեխաների օնլայն սեռական շահագործումը, համապատասխան նյութերի տարածումն ու վաճառքը։ Եթե 10 տարի առաջ նման դեպքեր գրեթե չկային, հիմա տարեկան առնվազն 3-4 կայուն դեպք ենք ունենում։ Ցավոք, հիմնական թիրախում երեխաներն են և այլ խոցելի խմբեր, օրինակ՝ անձինք, որոնց հարազատները գերեվարված են կամ անհայտ կորած»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը։

Նրա խոսքով՝ թվային տիրույթում կիրառվող մանիպուլյացիայի մեխանիզմը գրեթե նույնն է, ինչ իրական կյանքում․ փոխվել է միայն հարթակը։ Հանցագործները նախ փորձում են հոգեբանական կապ ստեղծել զոհի հետ, ապա որևէ «խայծի» միջոցով նրանից ստանում են անձնական կամ ինտիմ բնույթի նյութեր՝ լուսանկարներ, տեսագրություններ կամ սքրինշոթեր։

Երբ զոհը փորձում է դուրս գալ այդ ազդեցությունից կամ հրաժարվել հետագա պահանջներից, գործի է դրվում շանտաժը։ Հեռավորության վրա գտնվող հանցագործը սպառնալիքների միջոցով ազդում է զոհի կամքի վրա և նրան դնում այնպիսի վիճակում, երբ հրապարակային խայտառակության կամ անձնական տվյալների տարածման վախից մարդը կարող է ստիպված համաձայնել նրա պահանջներին։

Դավիթ Թումասյանի խոսքով՝ համացանցային այս հանցագործությունների բացահայտումը չափազանց բարդ է, քանի որ բռնարարը կարող է գտնվել աշխարհի ցանկացած կետում, իսկ ստվերային տիրույթում գործող հանցագործները կիրառում են տեխնիկական բարդ հնարքներ ու ծրագրեր։

«Երբ գործ ունենք երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութերի հետ, պետք է հիշել, որ դրանք անգամ պարզապես դիտելը, ներբեռնելն ու տարածելն արդեն իսկ քրեորեն պատժելի հանցանք են։ Մենք գործ ունենք տեխնիկապես բարձր պատրաստվածություն ունեցող անձանց հետ, հետևաբար՝ իրավապահ համակարգը նույնպես պետք է զինված լինի բացառիկ թվային գիտելիքներով, որպեսզի կարողանա մուտք գործել այդ փակ համակարգեր և իրականացնել բացահայտման աշխատանքներ»,- ընդգծում է նա։

ՀՀ արդարադատության նախարարության տվյալներով՝ քրեակատարողական հիմնարկներում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման համար ներկայումս պատիժ է կրում կամ կալանավորված է 14 անձ (որոնցից 4-ը՝ կանայք)։ Նրանցից 7-ը կալանավորված են, իսկ մյուս 7-ը՝ դատապարտված ազատազրկման՝ 3 տարի 3 ամսից մինչև 12 տարի ժամկետներով։

Պատժախցերում կամ հատուկ պայմաններում գտնվող անչափահասներ այս հոդվածներով չկան։ Բացի այդ, պետական մարմինների կողմից առանձնացված վիճակագրություն չի վարվում այն մասին, թե այս գործերից քանիսն են վերաբերում հենց օնլայն թրաֆիքինգի դեպքերին։

Օնլայն հարձակման դեպքում, եթե ձեզնից գումար են պահանջում, մի՛ փոխանցեք, դա չի երաշխավորում, որ նյութերը կջնջվեն, կամ սպառնալիքները կդադարեն։ Նման իրավիճակում հայտնվելու դեպքում մի՛ լռեք և մի՛ փորձեք խնդիրը միայնակ լուծել․ կարող եք դիմել Ոստիկանություն, Քննչական կոմիտե կամ Դատախազություն, իսկ թվային հանցագործությունների դեպքում՝ նաև ՆԳՆ Ոստիկանության կիբեռհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանում՝ 010 56 02 62, ինչպես նաև զանգահարել 102 կամ 112։

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

Մասնագետների դիտարկմամբ՝ կիբեռտիրույթում անչափահասների հետ կապված դեպքերը տարբեր են, բայց սցենարները՝ նման։ Իրական պատկերը վերհանելը սակայն բարդ է, քանի որ երեխաները հաճախ լռում են տեղի ունեցածի մասին։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ հարցված անչափահասների 5 տոկոսը համացանցում ենթարկվել է սեռական ոտնձգության, սակայն նրանց գերակշիռ մասն այդ մասին ոչ ոքի չի հայտնել։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ծնողներին հորդորում է երեխաների պարագայում կիրառել ծնողական վերահսկողության հատուկ ծրագրեր։

«Սոցիալական հարթակներում, օրինակ՝ TikTok-ում և Instagram-ում, ծնողները կարող են տեսնել, թե ում հետ է կապ հաստատում երեխան՝ առանց նամակագրության բովանդակությունը տեսնելու: Սակայն 16 տարեկանից հետո անմիջական վերահսկողությունն այլևս արդյունավետ չէ. տարիքին համահունչ՝ ծնողը պետք է այնպիսի վստահելի հարաբերություններ ձևավորի, որ կարողանա տիրապետել իրավիճակին: Հայաստանյան դպրոցներում այս ամենը դեռ նոր է արմատավորվում, և միայն կրթական ծրագիրը բավարար չէ դրական արդյունքի համար. մեզ ավելի լայնածավալ աշխատանք ու ժամանակ են հարկավոր»,- նշում է Սամվել Մարտիրոսյանը։

Մասնագետի խոսքով՝ եթե լուսանկարներն արդեն փոխանցվել են հանցագործին, տեխնիկական լուծումներ գտնելն այլևս գրեթե անհնար է, քանի որ նյութերն արդեն նրա տնօրինության տակ են: 

«Այս փուլում չափազանց կարևոր է, որ շրջապատը երեխային ընկալի որպես տուժողի, այլ ոչ թե մեղադրի պատահածի համար»,- շեշտում է Սամվել Մարտիրոսյանը:

Սաթենիկ Հայրապետյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի

MediaLab.am