«Երբ հայրս մահացավ, խնդրում էի՝ իր չապրած կյանքը տված լինի փեսային, ի՜նչ իմանայի, որ ամուսինս արդեն զոհվել է»․ Հեղինեն՝ անցյալի հուշերով

30-ամյա Հեղինե Միսկարյանը ամուսնու հետ անցկացրած համատեղ 8 տարիների մասին հիշելիս հուզվում է, այնուհետև թախիծի մեջ ժպտում՝ պատմելով նրա արած անակնկալների մասին։ Ասում է՝ չէր կարող պատկերացնել, որ մի օր կյանքը գլխիվայր կշրջվի, կմնա մենակ երկու անչափահաս որդիների հետ։ 

«Հիշում եմ, երբ առաջին անգամ ծանոթացել էինք, մտանք ծաղկի խանութ, ասեց՝ որ ծաղիկը կուզես՝ կառնեմ… Հետո բռնեց 25000 դրամանոց ծաղիկ առավ։ Սիրում էր անակնկալներ անել։ 8 տարի մեկս մեկիս թիկունք ենք եղել, ստեղծել ենք՝ իրար օգնելով»,- պատմում է ամուսնու մասին Հեղինեն ու ցավով ասում, որ չարաբաստիկ պատերազմի հետևանքով ամուսնուց մնացել են հիշողություններն ու կարոտը։

Հեղինեի ամուսինը՝ 34-ամյա Սամվել Պոչիկյանը, 44-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ պայքար մղելիս նոյեմբերի 6-ին զոհվել է Շուշիում։ Կինն ասում է՝ հոր հուղարկավորության արարողության ժամանակ է ստացել ամուսնու զոհվելու բոթը։

«Ես միշտ մտածում էի՝ մեռնեմ, ծնողիս մահը չտեսնեմ։ Ինձ համար պապաս շատ թանկ էր, երբ մահացավ, իրա հուղարկավորության ժամանակ մի բան էի խնդրում, որ իրա չապրած կյանքը տված լինի փեսային, որ ողջ-առողջ հետ գա… Բայց ի՜նչ իմանայի, որ ամուսինս էլ էր արդեն զոհվել: Երկու թանկ մարդու միաժամանակ կորցրեցի»,- կսկիծով ասում է նա:

Հեղինեն հուզմունքով նշում է՝ միանգամից երկու սիրելի մարդու կորստից հետո կյանքը միանգամից կորցրել է բոլոր գույները։

Սամվել Պոչիկյանի զոհվելուց մեկ ամիս անց են հարազատները գտել մարմինը։ Հեղինեն հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է՝ ամուսնու դեմքն անճանաչելի է եղել, էդ վզնոցի միջոցով են կարողացել նույնականացնել։ 

«Հոկտեմբերյանի մորգում իմ նվիրած վզնոցով ենք գտել… Էդ վզնոցը պապայինս էր, ես էի առաջնեկիս ժամանակ կրում, պատերազմ գնալուց առաջ տվեցի ամուսնուս, ասեցի՝ Աստված իրան պաշտպանի, բայց չգիտեի, որ դա կօգնի, որ դրանով գտնենք մարմինը»,- պատմում է Հեղինեն։

Սամվելը և՛ որպես ամուսին, և՛ որպես հայր շատ հոգատար էր, ուշադիր՝ պատմում է կինը։

Հեղինեն հիշում է՝ երբ ամուսինը մեկնում էր արտագնա աշխատանքի Ռուսաստան, նույնիսկ իր հագուստի ու կոշիկի գումարն էլ ուղարկում էր ընտանիքին, որպեսզի կինն ու երեխաները ոչնչի կարիք չունենան։

«Իր ընկերները պատմում են, որ Ռուսաստանում իրանց շորի, սապոգի գումար էին տվել, իրենք առնելուց են եղել, Սամվելն ասել է՝ ես ուղարկեմ Հեղինեին։ Իրա վերջին կոպեկն էլ ուղարկել ա, որ մեր ձեռքին գումար լինի։ Միշտ շտապում էր, որ էրեխեքին ամեն ինչ նախապես առներ, փոքրս որ ծնվեց, արդեն երկու հեծանիվ ուներ, ուր գնար, պետք ա տղաների համար ինչ-որ բան բերեր»,- պատմում է կինը։

30-ամյա կինն ասում է՝ ցավն ու կսկիծը հաղթահարել չեն կարողանում 6 և 8 տարեկան տղաները, որոնք դեռ սպասում են, որ հայրը բանակից տուն պետք է գա։

«Մեր ամեն օրը իրա հետ ա կապված, սեպտեմբերի 1-ն էլ մենք իրանով ենք սկսել՝ գերեզման գնալով, իրա նկարներով, ինքը միշտ ներկա ա ամեն ձև»,- ասում է կինը։

Սամվել Պոչիկյանը հուղարկավորված է Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի ընտանեկան գերեզմանում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am