Այսօրվա հարձակումները իրենց սաստկությամբ, ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից․ ՊՆ ներկայացուցիչ

Դեռևս անցնող գիշեր Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը մի քանի հարձակման փորձեր են ձեռնարկել, որոնք բոլորը անհաջողությամբ են ավարտվել։ Այդ մասին քիչ առաջ ասուլիսում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա ներկայացմամբ, հետ են մղվել մեկ վաշտ, մեկ դասակ և այլ ուժերի կազմով նախաձեռնած շատ հարձակումներ, և որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են։

«Սահմանագոտու այլ հատվածներում՝ հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավում՝ տարբեր ուղղություններով վաղ առավոտյան հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկել։ Այսօրվա հարձակումները իրենց սաստկությամբ, ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։ Սակայն, Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ», -ընդգծեց Հովհաննիսյանը։