Հարուցվել է քրեական գործ՝ Այրումի բժշկական ամբուլատորիայում կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ

Հեղինակ MediaLab

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել «Այրումի Գյուղական բժշկական ամբուլատորիա (ԳԲԱ)» ՊՈԱԿ-ում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Մասնավորապես, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման շրջանակներում բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների, որակի, առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն ներկայացված հաշվետվությունների արժանահավատության ստուգման շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը 2019թ. դեկտեմբերի վերջին ուսումնասիրություններ է իրականացրել «Այրումի ԳԲԱ» ՊՈԱԿ-ում, որի արդյունքներին վերաբերող փաստաթղթերն ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն:

Այդ փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության վերոնշյալ վարչությունում ուսումնասիրվել են պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում, որի արդյունքում պարզվել է, որ «Բնակչության ԱԱՊ նպատակով լաբարատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ», «Ընտանեկան բժիշկների կողմից լաբարատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրում» և «Ընտանեկան բժիշկների կողմից նեղ մասնագիտացված խորհրդատվության ուղեգրում» ծրագրերով ՊՈԱԿ-ը ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն է ներկայացրել իրականությանն ակնհայտ չհամապատասխանող տեղեկություններ պարունակող կեղծ հաշվետվություններ: Դրանցում, մասնավորապես, նշվել են ավելի մեծ թվով լաբարատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ և նեղ մասնագիտացված խորհրդատվության ուղեգրումներ, քան փաստացի կատարվել են, ինչի արդյունքում չկատարած աշխատանքի համար ՊՈԱԿ-ը ֆինանսավորվել է մոտ 5մլն ՀՀ դրամի չափով:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և հանձնելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու վերաբերյալ բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: